Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԱԽՈՐԺԱԿ

Սեպտեմբեր 24,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԱԽՈՐԺԱԿ Քաղաքականությունը կրտսեր դպրոցական տարիքի երեխաների գործն է։ Այն կառուցված է հետեւյալ բանաձեւով՝ ինչպես խաբել տատիկին՝ քաղցրավենիք կորզելու ակնկալիքով։ Բոլոր քաղաքական գործիչների, այսպես կոչված՝ քաղաքական շարժումների, հիմքում ընկած է նույն բանաձեւը։ Ով ավելի լավ խաբի՝ այնքան կուշտ կլինի։ Սա, ըստ Շվեյկի, որի հետ մենք լիովին համամիտ ենք։ Հերթական քաղցրավենիք կորզելու պահն այլեւս հասունանում է, եւ նախընտրական տարում «տատիկին» խաբողները շատ են շատանալու։ Ուրիշ հարց, որ քաղցրավենիքն ամենքին չի կարող բավարարել։ Մեկ տարի առաջ, երբ ստեղծվեց ԱԺ ագրոարդյունաբերողների խումբը, ամենքի համար պարզ էր, որ խումբն իշխանամետ (ըստ իրենց՝ պետականամետ) է եւ ստեղծվել է հատուկ պատվերով եւ նպատակով։ Նախկին «Կայունություն» խմբի հենքի վրա ստեղծված Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորման ղեկավար մեկ տարի առաջ դարձավ Հմայակ Հովհաննիսյանը եւ ոչ թե Վոլոդյա Բադալյանը, թեպետ վերջինս առաջինն էր հայտարարել այս անունով խումբ ստեղծելու մասին։ Իսկ Հմ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ինքը համաձայնել է դառնալ խմբի ղեկավար, ուրեմն ակնկալիք ունի։ Թե ի՞նչ էր պրն Հովհաննիսյանի ակնկալիքը, եւ ստացավ արդյո՞ք նա այդ ակնկալիքը, թերեւս միայն ինքը գիտի։ Օրերս Հմ. Հովհաննիսյանի ռուսաստանցի ընկերները նրան մի «րպՉպՐվՈ255 ՍՏՐՏսպՉՈ» գույնի թԸի 31 են նվիրել։ Պրն Հովհաննիսյանը բավականին հպարտ է պատմում այս մասին, հետն էլ որոշ մանրամասներ՝ մեքենան քշված է 2 հազար կմ (Մոսկվա-Երեւան), եւ ընկերները մեքենան նվիրելու միտքը հղացել են հենց որ լուր են ստացել, թե իրենց ընկերն այլեւս խմբի ղեկավար չէ (սա նշանակում է՝ ծառայողական մեքենա չունենալ)։ Ինչեւէ, երեկ Ագրոարդյունաբերողների խումբը հայտարարեց, որ խմբի նոր ղեկավար է դարձել պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, խմբի քարտուղար՝ Մարտին Հովհաննիսյանը, խմբից երեկ դուրս եկավ Հենրիկ Գրիգորյանը, խումբ մտավ Հովիկ Աբովյանը։ Նորաթուխ քարտուղար Մարտին Հովհաննիսյանն ասաց, որ «խումբն ունենալու է այն դերակատարումը, ինչին կոչված է՝ օրենսդրական դաշտի ձեւավորման, որովհետեւ մենք մի տեսակ կտրված էինք դրանից, խումբը չէր կարողանում իր առաջարկություններով ակտիվորեն նպաստել օրենսդրական դաշտի ձեւավորմանը»։ Ինչպե՞ս է խումբը աշխատելու երկրի նախագահի խնամու գլխավորությամբ, ղեկավարություն չի՞ լինելու։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Բադալյան Վոլոդյան երրորդ անգամ է պատգամավոր, եւ նրա բարեկամական կապերը կապ չունեն նրա օրենսդրական աշխատանքի հետ»։ Ի դեպ, մեկ տարի առաջ էլ Հմ. Հովհաննիսյանն էր հայտարարել, թե խումբն «իր առաջ լուրջ խնդիրներ է դրել, եւ եթե կասկածում եք, թե խումբը չի զարգանալու, որակական եւ քանակական աճ չի ունենալու, նշանակում է՝ դուք թերագնահատում եք ե՛ւ այդ խմբի ներկայացրած հայտը եւ այդ խմբի ղեկավարի անձը»։ Խումբը ոչ մի որակական աճ էլ չունեցավ, ոչ էլ՝ քանակական, թերեւս իր առաքելությունը կատարեց՝ այժմ էստաֆետը հանձնելով ուրիշներին։ Ի դեպ, խմբի անդամներից յուրաքանչյուրն իր գաղտնի «պահուստային օդանավակայան» ունի, իր տնտեսական գործունեությունը, հետեւաբար՝ դյուրին պատվեր կատարող կարող են լինել։ Ըստ երեւույթին, այս խումբը հարկավոր է լինելու։ Խմբի նորաթուխ անդամ Հովիկ Աբովյանն անկուսակցական է եւ որեւէ կերպ չուզեց մեկնաբանել իր քայլը։ Իսկ Հենրիկ Գրիգորյանն ասաց, որ խումբն օգտագործվում էր, ինչ-ինչ շանտաժների էր ենթարկվում, եւ այդ պատճառով ինքը հեռացավ։ Ե՛վ Հմայակ Հովհաննիսյանը, ե՛ւ Հենրիկ Գրիգորյանը դեռ չեն որոշել՝ կանդամակցե՞ն որեւէ այլ խմբի, ասենք՝ նորաստեղծ «Ժողովրդի ձայնին», սակայն երկուսն էլ միանշանակ չմերժեցին այդ հեռանկարը։ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Հովհաննիսյանն ասաց, թե ինքը միշտ էլ այլախոհ է եղել։ Հնարավո՞ր է՝ Հմայակ Հովհաննիսյանը մտադրություն ունի վերադառնալ ՀԺԿ «Ես վերադառնալու խնդիր չունեմ։ Բոլոր նրանք, ովքեր այսօր քաղխորհրդի անդամներ են, երաշխավորվել են անձնապես իմ կողմից։ Ես ինքս դիմում չեմ գրել, որովհետեւ կուսակցության հիմնադիրները դիմում չեն գրում, մե՛զ են դիմում գրել ե՛ւ ընդունվելու, ե՛ւ դուրս գալու»։ Հմ. Հովհաննիսյանը հիշեցրեց իր միտքը. «Ես հեռացա կուսակցությունից, ձգտելով հեռու մնալ Արմեն Խաչատրյանից եւ Գագիկ Ասլանյանից»։ Ակնհայտորեն Հմայակ Հովհաննիսյանը կրկին սկսել է շատ սիրել ՀԺԿ-ն (հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ ակնկալիքով)։ Հմ. Հովհաննիսյանի ներկայացմամբ. «Հոկտեմբերի 27»-ից հետո Ստեփան Դեմիրճյանն այնքան ծանր հոգեվիճակում էր, որ չէր կարող լիարժեքորեն իրականացնել կուսակցության ղեկավարի պարտականությունները, եւ դա բնական է, եթե այլ կերպ լիներ, դա պարզապես անբնական կլիներ։ Իսկապես անսպասելի եւ ահավոր էր այդ հարվածը, որ վրա հասավ Ստեփանին։ Հիմա ես տեսնում եմ եւ ուրախանում եմ, որ արդեն նրան հաջողվում է լիարժեքորեն իրականացնել կուսակցության ղեկավարի պարտականությունները»։ Ըստ Հմ. Հովհաննիսյանի՝ Արմեն Խաչատրյանը ժամանակին որոշակի աշխատանք է տարել, որ Հմ. Հովհաննիսյանը հեռանա կուսակցությունից. «Գաղափարից ես չէի կարող հեռանալ։ Ինչպե՞ս կարող է մարդն իր զավակից հեռանալ»։ Արդյո՞ք Հմայակ Հովհաննիսյանի «սիրո վերընձյուղումը» կապված չէ նախընտրական տարի լինելու հանգամանքի եւ Քաղաքագետների միության նախագահի անկուսակցական կարգավիճակի հետ։ Ի վերջո, «տատիկի քաղցրավենիքներից» որեւէ կուսակցության ցուցակով ավելի հեշտ կարելի է ճաշակել։ Հմ. Հովհաննիսյանը համաձայն չէր եւ ասաց. «Ես իմ պարտքն եմ համարում այս ընտրություններին մասնակցել որպես Հմ. Հովհաննիսյան, որպես Քաղաքագետների միության նախագահ, չլինելով կողմնակալ։ Անպայման արբիտր է հարկավոր, որովհետեւ ես տեսնում եմ այն վտանգավոր բեւեռացումը, որը տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում։ Այդ բեւեռացում զգացվում է նաեւ լրատվական դաշտում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30