Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԱ ՆԱՀԱՆՋ Է»

Սեպտեմբեր 24,2002 00:00

«ՍԱ ՆԱՀԱՆՋ Է» «ՀՀ պետական խորհրդանիշների լավագույն անկյուն ստեղծելու համար» մրցույթի հանրապետական փուլը պիտի ամփոփվեր սեպտեմբերի 21-ին: Իհարկե, եթե մրցույթի ժամկետները չեն հետաձգվել, եւ մարզային փուլում հաղթող դպրոցների ցանկն այժմ պիտի ներկայացվի մինչեւ 2003-ի մայիսի 1-ը, հանրապետական փուլը կամփոփվի մայիսի 28-ին: Կրթության եւ գիտության նախարարի հուլիսի 29-ի թիվ 285-Մ հրամանում, որով հաստատվել է այս մրցույթի կարգը, կան երկու ժամկետներն էլ: Սակայն թերեւս ընտրվել է երկրորդ ժամկետը, քանի որ մրցույթի կարգով նախատեսվում է, որ «ՀՀ պետական խորհրդանիշների լավագույն անկյուն ստեղծելու համար» մրցույթի մարզային փուլի անցկացման պատասխանատվությունը պիտի կրեն մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը: Իսկ վերջիններս, տեղական ընտրությունների շեմին, պարզ է, որ իրենց ամենապատասխանատու գործն այն չէին համարելու, թե որտեղից ճարեն հանրապետության նախագահի դիմանկարը, այն դպրոցների նախասրահներում, ճեմասրահում կամ մի առանձին կաբինետում փակցնելու համար: Կրկին հիշեցնենք, որ ո՛չ գործող Սահմանադրությամբ, ո՛չ դրա նախատեսվող փոփոխությունների նախագծով՝ նախագահն անձամբ կամ նրա պաշտոնը պետական խորհրդանիշների ցանկում չեն՝ ի տարբերություն դրոշի, զինանշանի, օրհներգի եւ Հայաստանի մայրաքաղաքի: Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանի 1400 դրամ արժեցող դիմանկարն այժմ էլ դժվարությամբ կգտնես գրախանութներում, թեեւ ասվում էր՝ իբր հանրապետության առաջին տիկինն է դպրոցներին տրամադրելու ամուսնու պատկերը, եւ դրա վրա չեն ծախսվելու լրացուցիչ միջոցներ: Ծնողների համար այս հրամանը գործնականում միայն կարող է նշանակել, որ դպրոցների վերանորոգման, հավաքարարների աշխատավարձերի, ծախսված էլեկտրաէներգիայի վարձերը փակելու եւ այլ նպատակներով հավաքվող գումարներին այժմ մեկն էլ է ավելանում՝ անկյուններ ստեղծելու համար: Իսկ ի՞նչ է նշանակում դպրոցներում հանձինս պետական խորհրդանիշների՝ նախագահի եւ այլ պաշտոնյաների (հիշեցնենք, որ «Առավոտին» տված հարցազրույցում նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնել էր, որ լինելու են նաեւ վարչապետի եւ պաշտպանության նախարարի դիմանկարները) պատկերների անկյունների ստեղծումը մարդկանց համար, որոնք Հայաստանի Հանրապետության հիմնադիրներն են: Նրանցից մեկը՝ ԱԺ Գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն այսպես գնահատեց այս նախաձեռնությունը. «Տվյալ պարագայում համադրվել են երկու մոտեցումներ: Սա, մի կողմից, ռեցիդիվ է՝ նահանջ է դեպի ետ, վերադարձ դեպի նախկինը: Ինքնին «անկյուն» անվանումը հիշեցնում է կոմունիստական, պիոներական անկյունները: Մյուս կողմից, սրան հավելվում է նաեւ մեկ այլ՝ արեւելյան անձնիշխանության մոտեցումը, որի դեպքում երկրի ղեկավարը հայր է եւ առաջնորդ, միակ ճշմարիտը: Եվ երեխաները մանկուց պիտի ծանոթ լինեն նրան: Թուրքմենստանում ամենուրեք Թուրքմենբաշու նկարներն են, նույնը տեղի է ունենում, ասենք, Ուզբեկստանում: Իսկ եթե հետամնաց աֆրիկյան պետություններում երկրի առաջնորդը նույնիսկ զուգարանո՞ւմ է նայում քեզ վրա: Ոչ ոք չի ասում, թե երիտասարդությունը չպիտի ծանոթ լինի իր երկրի խորհրդանիշներին: Բայց անգամ կայացած նախագահական երկրում՝ Ամերիկայում, երեխաներին ոչ թե իրենց նախագահի պատկերին են ծանոթացնում, այլ՝ Սահմանադրությանը, դրոշին, որ ԱՄՆ-ում իրոք սրբություն է: Իսկ այն, ինչ փորձում են մեր երկրում անել՝ միայն մի բան է եւս մեկ անգամ շեշտում, որ իշխող վարչախումբն այսօր ամեն ինչ անում է, որ երկիրը տանի հետամնաց արեւելյան երկրների ուղիով: Բայց հաշվի չեն առնում մի հանգամանք՝ այնուամենայնիվ, մեր ժողովուրդն արեւելյան չի, եւ շատերի համար այս նախաձեռնությունն ընկալվելու է բոլորովին այլ կերպ՝ մեր աչքի առջեւ այն անձի պատկերն է, որի պատճառով մեր ծնողները եւ մենք այս ծանր վիճակում ենք»: Արդյոք խիստ անձնավորվա՞ծ չի ընկալվում Լեւոն Մկրտչյանի այս հրամանը: Գուցե իրոք, ինչպես նախարարն է պատճառաբանում, սա որոշակի անձի չէ, որ վերաբերում է, այլ պետականությանն ընդհանրապե՞ս: «Սա նորից նույն պատմությունն է,- մեր հարցադրումներին ի պատասխան՝ ասաց Շավարշ Քոչարյանը,- ժամանակին, երբ Ֆիդել Կաստրոյին ասացին, թե սահմանադրություն է պետք ընդունել, պատասխանեց՝ «Սահմանադրությունը ես եմ»: Եվ նա, եւ այլ բռնապետեր հայտարարել են, թե պետականությունն իրենք են: Այսինքն, մարդիկ չեն հասկանում, որ պետությունը անձը, պաշտոնյան չէ, ինչքան էլ բարձրաստիճան լինի նա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Այս մրցույթի կարգում նշված է, որ անկյունները ստեղծվում են «միասնական պետականության պահպանման գաղափարն ամրապնդելու նպատակով»: Ենթադրելի է, որ Արկադի Ղուկասյանի եւ Անուշավան Դանիելյանի նկարներն է՞լ շուտով կդառնան դեֆիցիտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30