Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ Արդեն պրակտիկա է դարձել. երկրի իշխանավորների հետ հանդիպումների ժամանակ ընտրվում է «հնազանդ», «գիտակից» ու երկրի «ներքաղաքական կայունությունը» կարեւորող մարդկանց մի խումբ, որոնք մինչեւ երկինք-գետին շնորհակալ են լինում իշխանություններին (մանավանդ, եթե երկրի բարձրաստիճան որեւէ ղեկավար այդ պահին տեղն ու տեղը խոստանում է որեւէ ծնունդի կամ կնունքի քավոր լինել, չնայած հետագայում կարող է խոսքի տերը չլինել)։ Նման մարդիկ (հատկապես գյուղերում), թերեւս, լինում են այդ տարածքից ընտրված որեւէ իշխանամետ պատգամավորի կամ գյուղապետի ազգական-բարեկամը, որոնք իշխանություններին հաճոյանալու համար կարող են երբեմն էլ «մի-երկու թթու խոսք» շպրտել երկրի «լավը չուզողների» հասցեին։ Վերջերս էլ հեռուստատեսությամբ ցուցադրեցին, թե ինչպես երկրի իշխանավորներին հանձնվեցին բնակիչների նամակները։ Դա էլ, ի դեպ, արվեց այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, որ հասարակ ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ երկրի ղեկավարներին։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ նամակներն էլ ավելի հաճախ վերահասցեագրվում են նրանց, ումից բողոքում է քաղաքացին եւ անդրադառնանք մի թարմ օրինակի. «Ի՞նչ է, իրավունք չունե՞նք հանդիպելու ՀՀ նախագահին։ Մեր բազմաթիվ փորձերը՝ հանդիպելու նրան՝ Վանաձոր այցելած ժամանակ, անցել են ապարդյուն, մեզ թույլ չեն տվել մոտենալ նրան։ Հիմա էլ մենք պատրաստ ենք թեկուզ գնալ Երեւան՝ հանդիպելու նրա հետ, բայց համոզված ենք, որ մեզ թույլ չեն տա»,- գրում են Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 73 եւ Մյասնիկյանի թիվ 9 շենքերի (երկրաշարժի հետեւանքով քանդված) շուրջ 3 տասնյակ նախկին բնակիչներ, որոնք 14 տարուց ավելի է բնակվում են բորբոսնած տնակներում։ Նրանք նաեւ ցանկություն են հայտնել, որ ՀՀ նախագահը Վանաձոր այցելելու ժամանակ՝ «այցելի նաեւ մեր գարշելի տնակային թաղամասը եւ տեսնի մեր անտանելի ծանր կենսապայմանները, տեսնի, թե ինչպիսի անմարդավայել եւ ոչ բնական պայմաններում ենք ապրում»։ Նամակագիրները նաեւ մտահոգված են այն հարցով, թե «Մինչեւ ե՞րբ պետք է ժողովուրդը խաբվի եւ արհամարհվի։ Ընտրությունների ժամանակ կարեւոր դերը պատկանում է ժողովրդին, իսկ ընտրություններից հետո արհամարհվում, հուսահատվում եւ հուսալքվում է ժողովուրդը»։ Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել