Մշակված սցենար Վերջերս կատարված ԲԷՑ-երի վաճառքը բացահայտեց մեր քաղաքական դաշտի եւս մեկ առանձնահատկությունը, այն է՝ իրենց ընդդիմադիր հռչակող որոշ կուսակցությունների պատրաստակամությունը՝ օժանդակել իշխանությանը՝ բացահայտ հակաժողովրդական գործարքների իրականացման գործում։ Այդ ֆոնի վրա առավել արժեքավոր է իրական ընդդիմություն հանդիսացող 16 կուսակցությունների դիրքորոշումը, որոնք, «պատերազմ» հայտարարելով այդ գործարքի ետեւում կանգնած բոլոր իշխանավորներին, հետեւողական քայլեր են ձեռնարկում հասարակայնության բողոքի ձայնը միասնականացնելու եւ պատասխանատու ատյաններին հասցնելու ուղղությամբ։ Այդ համալիր ծրագրից էին, մասնավորապես, սեպտեմբերի 8-ին «Սոցիալիստական Հայաստան» միավորման նախաձեռնությամբ անցկացված Կլոր սեղանը եւ այդ հարցին նվիրված «16»-ի համատեղ կազմակերպած հասարակայնության համաժողովը։ Կլոր սեղանի կազմակերպիչները, բացի փորձագետների եւ «16»-ի գործընկերների հետ կարծիքներ փոխանակելուց եւ հակազդող քայլեր մշակելուց, ակնկալում էին ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից ստանալ մի շարք առավել կարեւորվող հարցերի պատասխանները։ Այդ մասով միջոցառումը տապալվեց՝ արդարացնելով մտահոգ քաղաքական ուժերի վատագույն ենթադրությունները. գործարքի համար հայաստանյան պաշտոնյաներից եւ ոչ մեկն իրեն պատասխանատու չի զգում։ Իշխանավորների բացակայությամբ՝ ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանը նրանց դիմեց ազգադավության մեղադրանքով՝ հորդորելով դատախազությանը՝ պարզել դրա հիմնավորված թե անհիմն լինելը եւ պատժել մեղավորներին։ «Եթե իմ գնահատականները չհաստատվեն, թող ինձ զրպարտանքի համար պատասխանատվության կանչեն»,- իր խոսքը ավարտեց ՀՊԿ նախագահը։ Այդ դիմումը, որը պատգամավորը կրկնեց նաեւ Ազգային ժողովի ամբիոնից, ամենայն հավանականությամբ կարժանանա այն նույն ճակատագրին, որը 2000թ. ի վեր ունենում են «էներգետիկ համակարգի իրական վիճակի վերաբերյալ» փորձագիտական բազմաթիվ տեղեկանքները։ Կլոր սեղանի մասնակիցները, ըստ էության, հաստատեցին դրանք՝ մի անգամ եւս ամրագրելով, որ անթույլատրելի է օտարել «երկրի անոթային համակարգը», առավել եւս, որ ճիշտ շահագործման պարագայում համակարգը կարող է գերշահութաբեր լինել։ Հակառակ պատկերի պատճառը, մասնագետների կարծիքով, այն է, որ գերլիազորություններով օժտված Էներգետիկ հանձնաժողովի գործունեության համար նախատեսված եւ վարձագանձումից առաջացած գումարները (ամենահամեստ հաշվարկներով՝ տարեկան 50 մլն դոլար) չեն վերահսկվում։ Իրականում «նստվածք տալով» պաշտոնյաների գրպաններում՝ այդ «հոսող» գումարները ձեւակերպվում են որպես գերկորուստներ։ Տարբեր մակարդակների իշխանավորների ժամանակակից գրպաններում՝ բանկային հաշվեհամարներում, հայտնվում են նաեւ արդեն հավաքագրված գումարները։ Դրա մասին էին վկայում անցյալ տարվա «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթի հրապարակումները, իսկ դրանք մեր իշխանավորների կողմից անարձագանք թողնելը, փաստորեն, հաստատեց վերջիններիս մեղսակցությունը այդ խարդախություններին։ Վերջին խայտառակ գործարքի «տերերը», որոնք, ըստ մասնակիցների դիտարկումների, նույնպես բոլորը չէ, որ օտարերկրացի են (կոնկրետ անունները, թերեւս, ինչպես դա եղավ նաեւ «ԱրմենՏելի» դեպքում, կբացահայտվեն փոքր172ինչ ուշ), ուղղորդվում են գլխիվայր տրամաբանությամբ, խոստովանելով իրենց «հիմնական բնազդը»՝ կաշառակերությունը, եւ դրանով բացատրելով տնտեսության առավել եւ մշտական եկամտաբեր ոլորտը ղեկավարելու անկարողությունը, մեր իշխանավորները, ինքնահեռացման փոխարեն, Հայաստանից են հեռացնում նրա ողնաշարը։ Կամ միգուցե հենց դա՞ է ներկա օկուպացիոն ռեժիմի բռնապետական տրամաբանությունը, եւ այդ ճանապարհով կորցնելով կատարած հանցագործությունների հետքերը, նրանք ձերբազատվում են ցանկացած պատասխանատվությունից։ Ի դեպ, անպատասխանատվության՝ ճաշից հետո «բողոք-մանանեխը» հրամցնելու մեջ մեղադրվում էին նաեւ ընդդիմադիր կուսակցությունները։ Այդ մեղադրանքների կապակցությամբ մենք դիմեցինք «ՍՀ» միավորման այս ամսվա նախագահող Գ.Մարգարյանին, որը մասնավորապես ասաց. «ԲԷՑ172 երի վաճառքի սցենարը ներկայիս վարչախումբը արդեն փորձարկել էր «ԱրմենՏել»172ի դեպքում։ Ուստի, հենց սկզբից բացահայտելով ծանոթ հանցավոր ձեռագիրը, քաղաքական ուժերը քայլեր էին ձեռնարկում նրանց ետ պահելու այդ գործարքից, եւ հենց դրա շնորհիվ այն տեղի չունեցավ անցյալ տարի։ Սակայն ազգադավության գործում հմտացած մեր «պետական» այրերը, կրկին շրջանցելով ժողովրդավարության պահանջները, մի անգամ եւս անտեսեցին ողջ հասարակության կարծիքը։ Արածը ճակատագրական է լինելու Հայաստան երկրի համար թե՛ տնտեսության հետագա զարգացման եւ թե՛ արտաքին հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Գիտակցելով այդ՝ մենք պարտավոր ենք ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը գործարքը կասեցնելու համար եւ վստահ ենք, որ այն չեղյալ կհայտարարի օրինական ճանապարհով իշխանության եկած ցանկացած ուժ։ Մեր այսօրվա գործողությունները (իսկ դրանք շարունակական են լինելու) կոչված են նաեւ կանխարգելել իշխանությունների հետագա նման «ձեռքբերումները», օրինակ, նախապես սնանկացրած «Հայկական ավիաուղիները» ոմն մեկին նվիրաբերելը»։ Մնում է ավելացնել, որ այս մոտեցման համաձայն, որպես «պատասխանատու» չեն կարող որակավորվել նաեւ ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, որոնք, արհամարհելով այս հավաքը, հաստատեցին իրենց լոկ խոսքերով ազգային կամ ընդդիմադիր լինելը։ ՍՈՒՍԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ