Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐԴԻԿ Այս հոդվածաշարը գրելու մտահղացումը վաղուց էր ծնվել: Երեւի արդեն մի քանի տարի: Ստեղծել հարցազրույց-դիմանկարների մի շարք, որ կանդրադառնա մարդկային մնայուն արժեքների՝ անվերջ վերափոխվող մեր իրականությունում: Ժամանակ առ ժամանակ վերհիշում էի այդ մասին, երբեմն նույնիսկ որոշում էի, թե ինչ ռակուրսով են հարցազրույցները գրվելու, ովքեր են լինելու հերոսները… բայց հաջորդ պահից նորից վերադառնում էի սովորությամբ հաստատված ամպլուային՝ քաղաքական զարգացումներ, դրանց վերլուծություն, անդրադարձներ… Միայն վերջերս ինչ-որ ներքին մղում թե ցանկություն ծնվեց տարիների այդ մտադրությունս իրականացնելու: Կարծում եմ՝ նույնիսկ ի վերջո ինքս ինձ բացատրեցի՝ ինչո՞ւ այժմ: Մեծ հաշվով, երեւի որովհետեւ ավելի շոշափելի զգացի նախընտրական մթնոլորտ կոչվածը: 2002-ի հոկտեմբերից մինչեւ 2003-ի մայիս երկրում ընտրություններ են՝ տեղական, նախագահական, խորհրդարանական: Իսկ դա նշանակում է, որ բազմապատիկ ավելի, քան սովորաբար, բացասական տեղեկատվություն է հոսելու լրատվամիջոցներ, պրոյեկտվելու հասարակության վրա: Ամիսներ շարունակ, բացասական էմոցիաների ու լիցքերի այդ հոսանքը հակակշռելու համար, դրական ընկալումների օազիս էր հարկավոր: Իսկ հասարակական վայրիվերումների մեջ կենսահաստատ լիցքն ու օազիսը «Ես սիրում եմ Հայաստանը» գիտակցությունն է: Հետո արդեն կարող ենք ինքներս մեզ հարցնել՝ ինչու եմ սիրում: Անձամբ ես՝ որովհետեւ Երեւանը 13 տարով մեծ է Հռոմից, կանգուն է Էրեբունի ամրոցը, ու ղողանջում են Էջմիածնի զանգերը: Այնուհետեւ՝ ներկայի, մեր շուրջն ապրող մարդկանց համար: Ռոման Բալայանն իր հարցազրույցներից մեկում մի միտք է հայտնել. «Երբ կար Փարաջանովը, ինձ պետք չէր ոչ Մոսկվան, ոչ Փարիզը: Կիեւում ապրում էր մարդ, ով ինձ համար ուղղում էր կյանքի ժամասլաքները»: Երեւանում էլ ապրել կամ ապրում են այդպիսի մարդիկ՝ Մինասը, Փելեշյանը եւ այլք: Բայց այս հոդվածաշարը մեծությունների մասին չէ: Պարզապես որոշակի հերթականությամբ ներկայացվելու են անհատներ՝ գիտության ասպարեզից, պետական պաշտոնեության, մշակույթի եւ ձեռներեցության: Նրանցից ոմանք լայն հասարակությանը հայտնի են, մյուսները՝ ոչ այնքան: Բոլոր այդ մարդկանց դիմանկարների այս շարքում միավորող հանգամանքը սուբյեկտիվ վերաբերմունքն է. այդ մարդկանցից յուրաքանչյուրի գոյության եւ նրանց հետ ծանոթության համար ես մի քիչ ավելի եմ սիրել Հայաստանը: Նրանք գիտնական են, զինվորական, դատավոր, դիվանագետ, բժիշկ, ռեժիսոր, ձեռնարկատեր…8230Ընդհանրության մեջ՝ մեր ժամանակի մարդիկ: Գիտակրթական ասպարեզ-Հրանտ Ավետիսյան Կասկած չի կարող լինել, որ գիտակրթական ասպարեզից ներկայացվող առաջին անձը լինելու էր Գիտությունների ակադեմիայից։ Նույնիսկ միանգամայն կռահելի էր, թե ով՝ իհարկե Ֆադեյ Տաճատիչը։ Եվ որովհետեւ նա ԳԱԱ նախագահն է, եւ որովհետեւ ինքս ակադեմիա եմ գնում ամենից հաճախ Ֆադեյ Տաճատիչին հանդիպելու առիթներով։ Բայց նման սկիզբը նաեւ բացասական կողմ ուներ, որովհետեւ ովքեր էլ ներկայացվեին 2172րդը, 3172րդը՝ աստիճանակարգում էր ստացվելու։ Հետեւաբար որոշեցի, որ առաջինը կներկայացվի Հրանտ Ավետիսյանը՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի երկարամյա տնօրենը, այժմ՝ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս172քարտուղար: Հանդիպեցի պրն Ավետիսյանին՝ հայտնելու հարցազրույցի խնդրանքս: Նախապես էլ գիտեի, որ կառարկի, կասի՝ կան այլ, ավելի արժանավոր մարդիկ, իրեն հարմար է ներկայացնել ավելի ուշ… Հետեւապես նախապատրաստել էի նաեւ իմ «հակափաստարկները» եւ ի վերջո համոզեցի հաջորդ օրը հարցազրույց տալ։ Դժբախտաբար, սակայն, հաջորդ օրվան չհասանք: Նույն օրը երեկոյան պրն Ավետիսյանը ԳԱԱ նախագահությունում խորհրդակցության ժամանակ առողջության կտրուկ վատթարացում էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Այնպես որ, հարցազրույցը, ինչ ուղղվածությամբ ու ընդգրկմամբ որ նախատեսում էի, չկայացավ։ Մնում է շարադրել այն, ինչի մասին զրուցել ենք։ Բայց, կարծում եմ, այս շտրիխներն էլ Հրանտ Ավետիսյանի դիմանկարը ուրվանկարում են։ Իսկ հայագիտության մասին, հուսով եմ, պրն Ավետիսյանը կառողջանա ու դեռ կզրուցենք: Երբ պարզեցի, թե պրն Ավետիսյանը որ աշխատասենյակում է նստում, ներս մտնելիս արդեն չէի կարող ժպիտս թաքցնել. – Պրն Ավետիսյան, գիտեք, չէ՞, համարյա բոլորը, ում սիրում եմ ակադեմիայում, ինչ-որ ժամանակ տեղափոխվում են այս կաբինետը՝ Գագիկ Սարգսյանը, հետո՝ Բրուտյանը, հիմա՝ Դուք… Ծիծաղեց. – Դե, կյանքը գնալով զարգանում է… Հետո ներկայացրի, թե ինչ շարք եմ պատրաստվում գրել. – Ինչպե՞ս է, որ հակառակ հերթականությունից չես սկսել։ Հիմա նախ գործարարությունն է արժեւորվում, հետո՝ պետական պաշտոնյաները, չգիտեմ որքանով՝ մշակույթը, բայց գիտությունը, հաստատ, վերջին տեղում է։ – Անցողիկ խեղումները շրջանցենք։ Միեւնույն է, նույնիսկ գիտությունից հեռու կանգնած մարդն էլ գիտե, որ առաջնային արժեքը գիտությունն ու կրթությունն են։ – Որքանով է այդպես՝ չգիտեմ, բայց գիտության մասին շատերն են խոսում։ Նույնիսկ մի անգամ հարցազրույցներից մեկում ասացի՝ «Շնորհակալություն, որ գիտության մասին հարցը տալիս եք գիտության մարդուն»։ – Դե, եթե նայենք, թե ԱԺ172ում ովքեր են գիտության հարցերը տնօրինում, ասենք՝ հանձնաժողովի փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ինքնաբերաբար մյուսներն էլ կխոսեն։ Բայց դա թողնենք, որովհետեւ, գնահատված թե չգնահատված, այսօր էլ կա գիտություն։ – Իհա՛րկե կա, իհա՛րկե աշխատանքներ ընթանում են։ Այս թղթերը, որ տեսնում ես սեղանիս դրված՝ հայագիտության ոլորտի զարգացման ծրագրերն են։ Այսպես ասած՝ կազմում ենք հայագիտության անձնագիրը՝ ինչ է սա, ինչ ճյուղեր է ներառում, որ ուսումնասիրություններն են առաջնային եւ այլն։ – Ձեր ոլորտը՝ պատմությունը, երեւի թե վերանայվելու է: – Վերանայելու խնդիր չկա։ Խորհրդային տարիներին հրատարակվեց հայ ժողովրդի պատմության ութհատորյակը, որը արժեքավոր աշխատություն էր։ Այլ հարց է, որ գաղափարական կապանքներ, արգելանքներ էին գործում, որ թույլ չեն տվել հատկապես 19172րդ դարավերջի եւ 20172րդ դարի պատմությունն ամբողջական, ճշմարտացի ներկայացնել։ Սա էլ անհրաժեշտություն է ստեղծել, եւ մեր առաջարկն արժանացավ ԳԱԱ նախագահության հավանությանը՝ հայ ժողովրդի պատմության նոր քառահատորյակ հրատարակել։ Բայց անցնող տարիներին մեր գիտնականները բավականին մենագրություններ, ուսումնասիրություններ, աշխատություններ են ստեղծել, որոնք հենք են պատմության ամբողջական շարադրանքի համար։ Մեր գիտական կադրերի համար դա լուծելի խնդիր է։ – Պարոն Ավետիսյան, իսկ հետահայաց նայելիս դարձյա՞լ Ձեզ համար նախընտրելի գիտությունը պատմագիտությունն է։ – Այո, եթե նորից մասնագիտություն ընտրեի, նորից պատմաբան կդառնայի։ – Եվ դարձյա՞լ 191717220թթ. պատմության նեղ մասնագետ։ – Կարծում եմ՝ այո։ Իմ ծնողները գաղթել էին Կարսից, եւ Երկրի հիշողությունը նաեւ ինձ փոխանցվեց։ Այդտեղից էլ երեւի գալիս էր ցանկությունը՝ իմանալ ինչ դեպքերի ու պատմական անցքերի արդյունքում կորցրինք Երկիրը։ Պատանեկան այդ հետաքրքրությունը կանխորոշեց մասնագիտությունս, հետագայում էլ, հասկանալի է, 1917-21 թթ. պատմությունը՝ Առաջին Հանրապետության ստեղծումը, խորհրդային կարգերի հաստատումը, եւ այլն, նույնիսկ արխիվային նյութի առումով աղճատումներով լուսաբանվող ժամանակաշրջան էր եւ պատմաբանի համար որոշակի ձգողականություն ուներ։ – Պրն Ավետիսյան, պատմագիտությունը ապաքաղաքական լինո՞ւմ է: – Ես այսպես պատասխանեմ՝ համենայն դեպս պատմաբանի առաքելությունը ճշմարտությունը բարձրաձայնելն է ու նրան ծառայելը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել