Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԻՍՊՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՊԱՐԻՍՊՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ Զուր էր այն մտավախությունը, թե ԱԺ դարպասները բացվելուն պես ներսում ասեղ գցելու տեղ չի լինի։ Երեկ Ազգային ժողովի շենքի բակում կազմակերպված համերգի ունկնդիրներն այնքան քիչ էին, որ հանգիստ կարող էին տեղավորվել աթոռներին, թեպետ շատերը գերադասել էին կանգնած մնալ։ Պատճառն այն էր, որ «պարզապես հետաքրքիր էր, շուտ ենք գնալու»։ Անվտանգության աշխատակիցները գրեթե անելիք չունեին՝ իրավիճակը հանգիստ էր ու կառավարելի։ Մինչեւ շենքի աստիճանների մոտ կարելի էր կանգնել, «պպզել», նստել գազոնի վրա։ «Պրոբլեմը» միայն ֆոտոթղթակիցներն էին, որոնք համառորեն ձգտում էին համերգն անմահացնել» հենց «դահլիճի» մեջտեղից (պատճառն արեւն էր), ու անընդհատ զայրացնում էին համազգեստավորներին։ «Կենաց» փառատոնը, ինչպես անվանվում էր եռօրյա միջոցառումների ծրագիրը, անցկացվում էր առաջին անգամ եւ նվիրված էր, բնականաբար, Հայաստանի անկախությանը։ Ինչպես նշվում էր ծանուցագրում, այս առաջին «Կենաց»-ն անպայման դառնալու է ավանդական, այն պետք է հասնի միջազգային ճանաչման, ինչպիսին Ավստրիայում՝ «Բեթհովեն» կամ Շոտլանդիայում՝ Էդինբուրգյան փառատոներն են։ Մեր «ամբիցիոզ» տեսակի համար այս հավակնությունն էլ զարմանալի չէ. որ մեր տոնը միջազգային ճանաչում չունենա, չենք տոնի, բա ո՜նց։ Թե չէ, որտեղի՞ց գտնենք այսքան հովանավորներ. է՛լ «Հովնանյան ինտերնեյշնըլ» ընկերություն, է՛լ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, է՛լ… ո՞ր մեկն ասես՝ ԱԺ բակում կազմակերպված դասական երաժշտության համերգը եռօրյա ծրագրի առաջին մասն էր միայն ու ամենալուրջը։ Առջեւում դեռ երթ ու բաժակաճառերի մրցույթ կա, աճուրդ (հայտնի չէ, թե ինչի) ու դիսկոտեկ կա, դե, հրավառությունն արդեն ավանդական է ու սովորական։ Ինչ վերաբերում է համերգին, ապա միակ տեղեկությունը, որ հայտնի դարձավ հանրությանը, դիրիժորի անուն-ազգանունն էր՝ Էդուարդ Թոփչյան, թե չէ բոլորին հրամցվող հայերեն կամ անգլերեն (ինչպես կպատահեր) ծանուցագրում ո՛չ համերգի ծրագիրը կար, ո՛չ էլ մենակատարների անունները։ Փոխարենը, հատուկ այդ օրվա համար, 5-6 մետր երկարությամբ հասցրել էին դասավորել մայթի սալիկները։ Փորձեցինք մի քանիսից հետաքրքրվել, թե ի՞նչ են մտածում ԱԺ կազմակերպած անդրանիկ այս «ակցիայի» մասին։ Սուրեն Չանչուրյանը, որին ներկայացնելու հարկ չկա, դրական գնահատելուց հետո՝ ափսոսաց, որ պարային խմբեր չկան ծրագրում, որովհետեւ «լավ բեմ է, սիրուն կնայվեր, ոչինչ, երեւի մյուս տարի՞…», իսկ «հասարակ մահկանացուներից» մի քանիսն էլ հույս հայտնեցին, որ գոնե համերգի պատրվակով մի անգամ էլ առիթ կլինի «հայտնվել» նախագահական նստավայրի բակում (գոնե)։ Ի՞նչ կտա դա իրենց, բնականաբար՝ «ուղղակի հետաքրքիր զգացողություն է»։ Իսկ ընդհանրապես, որքան էլ՝ եղածից գոհ, բոլորն էլ դեմ չէին բազմաժանր համերգին, բայց նույն այս տարածքում։ Թերեւս, մտածում էին, որ այդ պարագայում ազգիս ընտրյալների ներկայացուցիչներ ավելի շատ կլինեն ունկնդիրների մեջ (այդ օրը 3-4-ը երեւացին), գուցե նաեւ երգեն-պարե՞ն իրենց ընտրյալների հետ։ Ի դեպ, վատ չէր լինի՝ տարվա մեջ գոնե մի օր, մի քանի ժամով ժողովրդի «ծառաները» հավասարվեին ժողովրդի հետ։ Թե չէ ընտրությունից ընտրություն են երեւում «ժիվոյ», էն էլ՝ սուտ-սուտ բաներ ասում ու գնում։ Գոնե «ճշտով» ուրախանանք միասին, էլի բան է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել