Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԶՈՀՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ՆԱ ԶՈՀՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ու անկախության համար մղված պայքարի առաջին ազատամարտիկներից էր մեր անվեհեր մարտական ընկերը՝ ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը։ Արցախյան նորօրյա գոյամարտում սխրանքներով լի շատ էջեր գրեց խորհրդային բանակի պահեստի «կապիտան», կամավորների վաշտապետ, Հատուկ գնդի գումարտակի հրամանատար Ջիվան Աբրահամյանը, որն ազատամարտի առաջին օրերից ճանաչված էր Արցախյան պայքարին զինվորագրված կամավորականների շրջանում։ Նա Աֆղանական պատերազմի մասնակից էր, եւ խորհրդային բանակի ծուղակն ընկած գումարտակը թշնամու շրջապատումից կռվով դուրս բերելու համար հրամանատարության կողմից պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով։ Նրան շնորհվել էր նաեւ կրտսեր լեյտենանտի կոչում։ Չնայած ես Կոտայքի կամավորական ջոկատի կազմում էի գործում, սակայն 1991թ. գարնանից մտերմացա Չարբախի կամավորական, հետագայում Հատուկ գնդի տղաների եւ հատկապես՝ Ջիվանի եւ նրա վաշտի ազատամարտիկների հետ։ Ապրիլի 30172ին, Գետաշենի հերոսական դիմադրության եւ անհավասար կռվում հանձնելու լուրը ցնցել էր բոլորիս եւ անհամբեր սպասում էինք մեկնելու հրամանի։ Րոպեներ անց մարտական ջոկատները նետվեցին սահմանամերձ շրջաններ՝ Տավուշ, Իջեւան ու Նոյեմբերյան։ Մայիսի 11727172ը մեր ջոկատը գործում էր Ջիվան Աբրահամյանի եւ հրետանավոր փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի հրամանատարությամբ։ Այդ օրերի դեպքերն ու իրադարձությունները շատ են, սակայն ես ցանկանում եմ նկարագրել որոշ մասը դրանց, որը կպատկերի Ջիվան Աբրահամյանի խիզախ ու հերոսական գործելակերպը, որի ականատեսն եմ եղել մասնակցելով Տավուշի պաշտպանական մարտական գործողություններին։ Օգտվելով խորհրդային բանակի զորամասերի բացահայտ կողմնակալ աջակցությունից, ազերի օմօնականներն ու զինյալ ջոկատները լուրջ սպառնալիք էին Տավուշի սահմանամերձ՝ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար եւ մյուս գյուղերի բնակչությանը։ Ուստի մեր խնդիրն էր՝ կասեցնել նրանց առաջխաղացումը, իսկ անհրաժեշտության դեպքում պատասխան կրակ բացել հակառակորդի վրա։ Մայիսի 2-ին եւ 3-ին Պառավաքարի սահմանագծում դիրքավորված, մենք անզեն աչքով տեսնում էինք, թե ինչպես դիմացի բարձունքում գտնվող ադրբեջանական Ղշլաղ գյուղում ու նրա շրջակայքում բազավորվում էին համատեղ խորհրդային բանակի զորամասերն ու ազերի զինյալ ջոկատները։ Չնայած հակառակորդի գերակշիռ կուտակումներին ու գերազանց սպառազինությանը, 64-ամյա փոխգնդապետ Դ. Բաղդասարյանը մայիսի 4-ի լույս գիշերը հանձնարարություններ ու հրամաններ տալով բոլորիս, հայտնեց նաեւ, որ բաց տարածքից մեկ հրետանային հաշվարկից առավոտյան ժամը 5:00-ին կրակ է բացելու հակառակորդի կուտակումների վրա։ Ջիվանը ուներ իր գաղտնի եւ հատուկ հանձնարարականը։ Ղարաբաղցի Ջանոյին, իր վաշտի 7 մարտիկներին եւ ինձ հրամայված էր պաշտպանել հրետանին աջ թեւից եւ անհրաժեշտության դեպքում դիմահար կրակով ոչնչացնել ազերի օմօնականներին, եթե նրանք այդ թեւից փորձեին գրոհել մեր հրետանու վրա։ Հիշում եմ, որ մեր ստորաբաժանումը՝ 8017290 մարտիկներ, շատ վատ էին զինված, ընդամենը 17 միավոր ավտոմատ հրացաններով էինք՝ «Կալաշնիկով» մակնիշի, իսկ մնացածները՝ որսորդական եւ այլ մակնիշի։ Անձամբ Ջիվանը ինձ էր հանձնել 1 ավտոմատ, 4 պահունակ փամփուշտ եւ 2 նռնակ։ Գիշերային խավարում, հրանոթը խաղողի այգիների միջով եւ ճահճոտ տեղանքով հրելով, մի կերպ մոտեցրինք Ղշլաղ գյուղից 4-5 կմ հեռավորության վրա եւ առանց քողարկման կանգնեցրինք բաց դաշտում։ Հարմար դիրքեր գրավելով հաստաբուն ընկուզենիների տակ, սպասում էինք ազդանշանին՝ հրանոթի առաջին կրակոցին։ Վերջապես ժամը 5:30-ի սահմաններում մեր հրանոթը կրակ բացեց հակառակորդի վրա։ Կիսախավարում մեզ հասկանալի չէր, թե ինչ էր կատարվում հակառակորդի կողմում։ Ժամը 6:00-ի սահմաններում Ղշլաղ գյուղի մատույցներում նկատեցի, որ սեւ կետերի խումբը փոքրիկ շղթաներով առաջանում է, իսկ առջեւից գնացող միայնակ սեւ կետից հանկարծ բոցի լեզուներ շպրտվեցին։ Ինձ հասկանալի էր. Ջիվանը գնում էր իր վաշտից առանձնացված 20 քաջերով, նրանց տանելով գրոհի, որը այդ ժամին հակառակորդի համար անսպասելի էր։ Եվ առաջինը Ջիվանը վաշտային գնդացրից կրակ բացեց, որի լուսածիրային կրակահերթերը տարածվում էին դիմացը, կարծես կարմիր մկներ էին վազում կիսախավարում։ Ժամը 6:30-ի սահմաններում լուսացավ եւ ամեն ինչ տեսանելի էր մարտադաշտում։ Հակառակորդը առաջինը հզոր կրակով լռեցրեց մեր հրետանու հաշվարկը՝ տանկից եւ մարտական ուղղաթիռից կրակ բացեց նրա վրա, իսկ փոխգնդապետ Դ. Բաղդասարյանն ու նրա օգնական ՀԱԲ-ի Սուրոն հրաշքով ողջ մնացին՝ թաքնվելով մոտակա թփուտներում։ Ահավոր տեսարան բացվեց նաեւ մեզ համար։ Ժամը 7-ին պարզ տեսնում էինք քողարկված մարտական տեխնիկան՝ տեղավորված Ղշլաղ գյուղում եւ նրա շրջակայքում։ Մեր ուղղությամբ անկանոն կրակ բացեցին հետեւակի մարտական մեքենաներից (ԲՄՊ), որոնց հրանոթների արկերն ու խոշոր տրամաչափի հաստոցային գնդացիրները անխնա կոտրատում էին ընկույզի ու կեռասի ծառերի բարձր ճյուղերը, որոնք փշրվելով, արկերի բեկորների հետ թափվում էին մեր կողքին։ Թվում էր, թե այլեւս ելք չկա, եւ մենք չենք կարող դուրս պրծնել հակառակորդի կրակային ծուղակից։ Սակայն այստեղ էլ փայլեց Ջիվան Աբրահամյանի գրագետ տակտիկական հնարամտությունը, որը եւ փրկեց մեզ։ Նա իր վաշտի 17-19 խիզախների հետ, հակառակորդից աննկատ, մագլցել էր բարձունքը եւ բարձրանալով ջրամբարի ճակատային պարսպի վրա՝ հակառակորդից խլել այն տիրապետելու նախաձեռնությունը եւ սկսել սպառնալ հակառակորդին, թե կպայթեցնեն ջրամբարը։ Հակառակորդին հասկանալի էր, թե պայթեցման դեպքում որքան ադրբեջանական բնակավայրեր ջրասույզ կլինեին։ Ուստի հակառակորդը սկսեց բանակցել զենքի ուժով՝ խփում էր նախազգուշական ձեւով, կասեցնող կրակով, որ՝ ետ գնացեք, չառաջանաք… Հակառակորդի 8-10 տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ անգործության մատնվեցին եւ կանաչ վիշապների պես քողարկված, կանգնած մնացին խաղողի այգիների մեջ։ Օգտվելով հարմար պահից, ժամը 8:30-9:00-ին, թռչող արկերի սուլոցների ներքո, մենք բարձրացանք Պառավաքարի մոտակա բարձունքը, ուր տանկերը այլեւս չէին կարող բարձրանալ։ Նրանց սխրանքն առայսօր ապրում է մարտին մասնակից ազատամարտիկների հիշողության մեջ։ Ջիվան Աբրահամյանի հերոսական ու փառապանծ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, հարազատների ու մարտական ընկերների սրտերում։ ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆՀԲ փոխգնդապետ, ազատամարտիկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել