Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը խորհուրդ տվեց «սկսել ՄԱԿ-ից»

Սեպտեմբեր 21,2002 00:00

Մարզպետը խորհուրդ տվեց «սկսել ՄԱԿ-ից» Իսկ բնակիչներն սկսեցին «Առավոտից» «Մեր այն հարցին, թե ի վերջո այդ երկու քանդված շենքերի տարածքում ի՞նչ է կառուցվելու, մարզպետը պատասխանեց. ֆուտբոլի դաշտ։ Երբ մենք նրան ասացինք, որ բողոքելու ենք Եվախորհուրդ, նա ծաղրանքով ասաց. «Լավ կլինի սկսեք ՄԱԿ-ից» (մեջբերում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 73 եւ Մյասնիկյան թիվ 9 քանդված շենքերի բնակիչների բողոքից)»։ Վանաձորի՝ նախկինում «Ֆոտոէտյուդի» եւ հարակից շենքի (Տիգրան Մեծի 73 եւ Մյասնիկյան փող. 9) բնակիչների բողոքը տարիների պատմություն ունի։ 1988թ. երկրաշարժի հետեւանքով այդ շենքերը քանդվել են, իսկ ողջ մնացած, չարտագաղթած եւ բնակարանով չապահովված բնակիչների ճակատագիրն անորոշ է։ «Բախել ենք բազմաթիվ ղեկավար անձանց դռներ, դիմում-բողոքներ հղել ղեկավար տարբեր անձանց, բայց՝ ապարդյուն։ Մեզ միշտ էլ պատասխանել են, որ ըստ նախագծի՝ քանդված 2 շենքերի տեղում կառուցվելու է անկյունային մեկ նոր շենք, շենքի նախագիծը պատրաստ է դեռեւս 1998-ից, բայց գործը մինչեւ օրս տեղից չի շարժվում։ Մենք՝ բնակիչներս, հաստատ համոզված ենք, որ ՀՀ նախագահին, վարչապետին հղված բազմաթիվ դիմում-բողոքների մասին տեղյակ չեն եւ ՀՀ նախագահը, եւ վարչապետը»,- գրում են հիշյալ շենքերի թվով 31 բնակիչներ՝ «Առավոտին» հղած նամակում։ Նշենք, որ 1988թ. երկրաշարժից հետո առայսօր այդ շենքերի տարածքում տեղադրված են տվյալ շենքերի բնակիչների՝ արդեն վաղեմության ժամկետն անցած, փտած տնակները, որտեղ էլ գոյություն են քարշ տալիս վերջիններս։ «Ի պատասխան ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին հասցեագրած ձեր դիմումների, հայտնում եմ, որ վերոհիշյալ շենքերի շինարարությունն ընդգրկված է Լոռու 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման 1997- 2001թթ. շինարարական վերականգնողական աշխատանքների մարզային ծրագրում»,- դեռեւս 11.09.97թ. պատասխանել է Լոռու մարզպետարանի՝ այժմ արդեն նախկին քարտուղարը։ Նախատեսվելիք շինարարության մասին պաշտոնական վկայություններ են եղել նաեւ Վանաձորի պաշտոնական մամուլում։ Թերեւս, հետագայում, «բալը թանկ է, հարկավոր չի» սկզբունքով իշխանությունները փոխել են, մանավանդ որ համոզվել են, թե բնակիչներին հնարավոր չէ համոզել, որ կառուցվելիք շենքի շինարարության համար որոշակի գումարներ տրամադրեն։ «Դիմում-բողոքների պատասխանները ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմից ուղարկվում են մարզպետարան, իսկ մարզպետարանից, որից մենք բողոքում ենք, ստանում ենք մեզ բոլորովին չգոհացնող, գործին օգուտ չտվող, նույն ձանձրալի պատասխանները՝ ֆինանսավորում չկա, երբ լինի՝ շենքը կկառուցենք»,- տեղեկացնում են բնակիչները, եւ այս կապակցությամբ հարց է ծագում, թե ո՞ւր են գնում աղետի գոտու վերականգնման նպատակով ուղարկվող գումարները։ «Պատերազմ՝ խաղաղ պայմաններում»՝ սա է Տիգրան Մեծի 73 եւ Մյասնիկյան 9 շենքերի բնակիչների նշանաբանը։ «Մենք պայքարելու ենք մինչեւ մեր վերջին շունչը։ Մենք իրավացիորեն պահանջում ենք, որ մեր քանդված շենքերի տարածքում կառուցեն բնակելի նոր շենք եւ մեզ ապահովեն բնակարանով միայն քաղաքի կենտրոնական մասում եւ ոչ թե ծայրամասում»,- գրում են բնակիչները, դժգոհելով, որ Տիգրան Մեծ պողոտայի վրա քանդված 5 շենքերից եւ ոչ մեկի տեղում մինչեւ օրս չի կառուցվել նոր շենք։ «Ուրեմն էլ ի՞նչ աղետի գոտու ավարտի մասին կարող է խոսք լինել 2003 թվին,- հարցնում են բնակիչները,- ոչ ոքի պետք չէ աղետի գոտու ավարտը կիսատ-պռատ ձեւով, քանի դեռ չի վերականգնվել Տիգրան Մեծ պողոտայի երբեմնի գեղեցիկ ճարտարապետական տեսքը»։ 1998թ. մարզպետ Հ. Քոչինյանը Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցությանը հայտարարեց («Առավոտ», 1998թ. օգոստոսի 28), որ կենտրոնում պետք է բնակարանաշինարարություն կատարվի՝ «քաղաքի դիմագիծը վերականգնելու նպատակով»։ Իսկ սեպտեմբերի 19-ին Վանաձորի հեռուստատեսությամբ նույն մարզպետը հայտարարեց, որ կան բնակիչներ, որոնք վկայագրեր չեն ստացել։ Սակայն նրանց բնակարանների տեղում նոր շենքեր չեն կառուցվելու։ Թեեւ հայտարարությունն անհասցե էր, սակայն ակնհայտ էր, որ այն վերաբերում է հենց այս բնակիչներին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել