Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՕԴՈՒՄ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՕԴՈՒՄ Երեք տարի է՝ բողոքները չեն դադարում «Էն օրին ենք հասել, որ մեր գիտնականները եթե վիճում են, ապա իրարից տարածքներ, պաշտոններ, գրանտներ խլելու համար, եւ ոչ թե գիտական թեմաներով։ Եթե գլուխ են կոտրում, ապա՝ բառացիորեն, ոչ թե գիտական հայտնագործությունների ու գյուտերի վրա։ Ու արժեքների նման վերարժեւորման եւ մեր գիտական այրերի «վերադաստիարակման» գործում անուրանալի դեր ունեցող մեր անկախ պետությունը թե մի բան էլ անում է, ապա ոչ թե կորցրածն է փորձում վերականգնել, այլ է՛լ ավելի է վիճակը վատացնում՝ անտարբերությամբ եւ ղեկավարելու, ճիշտ ու արագ լուծումներ գտնելու անշնորհքությամբ»,- դեռ 1999 թվականի փետրվարի 13-ի «Գիտական աբսուրդ լեգիտիմության մոտիվներով» հրապարակման մեջ «Առավոտը»՝ անդրադառնալով արծարծվող հարցին, նման որակումներով էր հանդես եկել։ Երեք տարի անց պատիվ ունենք արձանագրելու, որ վեճի առարկաների շարքը հարստացել է՝ բանալիներով։ Երեք տարվա վաղեմությամբ մյուս որակումներն այսօր էլ համահունչ են խնդրին։ Հիշեցնեմ, որ հարցն առնչվում է ՀՀ ԳԱԱ-ի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի եւ նույն ինստիտուտի նախկին կենսաթաղանթային լաբորատորիայի ինքնուրույն կարգավիճակ ունեցող բաժնի տարածքային վեճին։ Վերջինս, ժամանակի ընթացքում, ոչ լեգիտիմ «խաղերի» արդյունքում եւ որ ամենակարեւորն է՝ ոչ ինքնագլուխ, այլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության համապատասխան որոշումներով եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագրերով, կենսաֆիզիկայի կենտրոնը վերակազմավորվել է բժշկակենսաբանության միջազգային գիտաուսումնական կենտրոնի (ԲԿՄԳԿ) եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ է ստացել։ Ի դեպ, ինչի համար էլ կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ից 30 հազար դոլար գրանտ է ստացել ժամանակին։ Խայտառակ չլինելու եւ 30 հազար դոլարից չզրկվելու համար կառավարությունն ի վերջո իր որոշմամբ «ոչ լեգիտիմ» դպրոց ամբիոնը «լեգիտիմացնում» է։ Իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի եւ ուսումնական կենտրոնի (վերջինս տարիներ շարունակ անհատույց ինստիտուտի տարածքն է օգտագործել) միջեւ առաջացած տարածքակռիվը հարթելու համար 2000թ. հուլիսի 3-ի որոշմամբ էլ ՀՀ ԳԱԱ-ի բժշկակենսաբանական ուսումնական կենտրոնը (տնօրեն՝ Սիներիկ Հայրապետյան) հանձնում է ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությանը եւ ԿԳՆ-ին պարտավորեցնում մեկամսյա ժամկետում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Ավան թաղամասում գտնվող մասնաշենքը սահմանված կարգով հանձնել ուսումնական կենտրոնի տնօրինությանը։ Այսօրինակ «լեգիտիմացումը» պետք է որ հետագայում երկու կառույցների գործունեության հանդարտ ընթացք ապահովեր։ Սակայն ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կոլեկտիվի եւ տնօրենի (ակադեմիկոս Կ. Ղարագյոզյան) բողոքները՝ ՀՀ ԳԱԱ պրեզիդենտին եւ ՀՀ ԿԳ նախկին եւ ներկայիս նախարարներին՝ չեն դադարում։ Այդ, ինչպես նաեւ «Առավոտին» ուղղված բողոքների պատճառը մեկն է՝ «կատարել կառավարության 2000թ. հուլիսի 3-ի որոշումը»։ Այդ մասին մեկ անգամ էլ ՀՀ վարչապետն է իրազեկվել։ Պարզվում է, կենտրոնն իրեն հատկացված տարածք տեղափոխվել է «մասամբ» եւ մինչ օրս ամբողջությամբ ազատված չեն ինստիտուտում իրենց կողմից զբաղեցրած սենյակները եւ բնականաբար վերադարձված չեն այդ սենյակների բանալիները։ Ինչը, ըստ դիմում-բողոքների, «խոչընդոտում է մեր ինստիտուտի ստեղծագործական անդորրը, ծրագրված լուրջ տարածքային փոփոխությունների իրականացումը եւ արգելք է հանդիսանում ինչպես մեր ինստիտուտի, այնպես էլ հարեւանությամբ գտնվող ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի, կենսաքիմիայի եւ կենդանաբանության ինստիտուտների շենքերի գազամատակարարման եւ ջեռուցման պրոբլեմների անհետաձգելի լուծման գործում»։ Բողոքների պարբերական բնույթն անգամ որեւէ կերպ չի նպաստել այս տարրական հարցի կարգավորմանը, ուստի ինստիտուտի տնօրինությունը պատրաստվում է միջազգային մակարդակով այն լուծել. «Ստիպված կլինենք դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությանը, իրենց հովանավորությամբ գործող վերը նշված կենտրոնին տիրություն անելու, կարգի հրավիրելու եւ նրանց կողմից ստեղծված խոչընդոտներին քաղաքակիրթ ձեւով վերջ տալու համար»։ Այս դիմում-բողոքը մոտ երկու ամիս խմբագրությունում էր։ Այն հապաղում էինք հրապարակել, քանզի ուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Հայրապետյանը բացակայում էր հանրապետությունից։ Ուստի համբերատար սպասեցինք մինչ պարոնի վերադարձը, որպեսզի համապատասխան պարզաբանումներ ստանանք։ Սակայն Ս. Հայրապետյանը պարզաբանումների փոխարեն գերադասեց «Առավոտին» մեղադրել միակողմանիության մեջ եւ հայտարարեց, որ չի ցանկանում մեր թերթի հետ «որեւէ գործ ունենալ»։ «Ինչ ուզում եք՝ գրեք»,- եզրափակեց պարոն Հայրապետյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել