Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԱԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ԱՄԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԱԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ Չանգ Հուն Չոյի նախընտրած տարվա եղանակը աշունն է, երաժշտությունը՝ դասականը, սիրած կոմպոզիտորը՝ կորեացի կոմպոզիտոր Կիմ Ջոն Օն, համալսարանական տարիներից սկսած սիրած գրողն է Ջեկ Լոնդոնը: Նախընտրած մարզաձեւերն են լողը, վազքը, բասկետբոլը, սեղանի թենիսը։ Իսկապես կարողանալ օգնել կարիքավորին Չանգ Հուն Չոն Կորեական Ժողովրդական Հանրապետությունից է, որն անվանում են նաեւ Հյուսիսային Կորեա: Նա ծնվել եւ մեծացել է համալսարանական դասախոսների ընտանիքում: Հայրը մասնագիտությամբ տնտեսագետ էր եւ երկար տարիներ աշխատել է Սոցիալական գիտությունների ակադեմիայում: Մայրը պատմաբան է, հիմա չի աշխատում, սակայն տարիներ շարունակ դասավանդել է Կորեայի համալսարաններից մեկում: Ի դեպ, պարոն Չոն, հավատարիմ մնալով կորեական ավանդույթներին, ներկայումս էլ շարունակում է ապրել մոր եւ ընտանիքի (կինը եւ 2 երեխաները) հետ: Սակայն ավանդույթների մասին՝ քիչ հետո: Հայաստանում պարոն Չոն ապրում է կնոջ հետ: Չանգ Հուն Չոն նախ ստացել է պատմաբանի կրթություն, այնուհետեւ շարունակել միջազգային հարաբերությունների ուղղությամբ, ապա՝ հասել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչման: Հետաքրքրությունը միջազգային այս կառույցի նկատմամբ սկսվել է դեռեւս դպրոցական տարիներից, այն ժամանակ ավելի շատ տարվելով «Կարմիր խաչի» երիտասարդական շարժմամբ: «Կարմիր խաչը» Կորեայում ունի հզոր երիտասարդական կառույց, որն էլ շատ ակտիվ է դպրոցներում: Այդ շարժումը Կորեայում երկու հիմնական խումբ ունի՝ առաջինը կոչվում է «Կանաչների խումբ», երկրորդը՝ «Սանիտարական խումբ»: Դպրոցական տարիներին Չոն «Սանիտարական խմբի» առաջնորդն է եղել եւ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել: Երբ ավարտել է դպրոցը, ընդունվել է Կորեայի Կարմիր խաչի ազգային ընկերության կամավորների շարքերը: Կարմիր խաչում աշխատանքը սկսել է երիտասարդական բաժնում, այնուհետեւ աշխատել է տարբեր բաժիններում՝ առողջապահական, միջազգային: Հետագայում՝ տարիներ անց, աշխատանքի է անցել Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայում եւ Վրաստանում նշանակվել այս ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար: Վրաստանից վերադարձել է հայրենիք, Կարմիր խաչի ազգային ֆեդերացիայում վարել նախագահի տեղակալի պաշտոնը, որից հետո նշանակվել է մեր երկրում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում: Ի պատասխան իմ այն հարցի, թե ինչու նախընտրեց մարդասիրական այս կառույցի աշխատանքը եւ ոչ թե զբաղվեց զուտ դիվանագիտական աշխատանքով, պարոն Չոն պատասխանեց. «Երբ Կարմիր խաչում սկսեցի աշխատել որպես երիտասարդ կամավոր, հասկացա, որ երբ ինչ-որ մեկին օգնում ես, պիտանի ես լինում ինչ-որ հարցում, դա այլ զգացում է: Դրա համար, թերեւս, որոշեցի զբաղվել մի գործով, որով հնարավոր լինի իսկապես օգնել կարիքավորին: Իհարկե, կյանքիս մեծ մասը անցկացրել եմ մարդասիրական կառույցում, այդուհանդերձ, արդեն ասացի, որ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան ունեմ եւ որպես դիվանագետ 5 տարի աշխատել եմ Ֆրանսիայում: Կարող եմ ասել, որ հավասարապես հետաքրքրված էի եւ՛ մարդասիրական, եւ՛ դիվանագիտական կառույցների աշխատանքով: Այնուամենայնիվ, երկար տարիների աշխատանքը եւ փորձը հուշեցին, որ ինձ համար հոգեհարազատ է մարդասիրական կառույցի աշխատանքը: Այս աշխատանքն ավելի լայն հնարավորություններ է տալիս շփվելու հասարակության լայն շերտերի հետ՝ տեսնելու մարդկանց դաժան, դառը եւ երջանիկ պահերը, իսկ որպես դիվանագետ՝ միայն դիվանագետների հետ եւ խոսել միայն քաղաքականության մասին: Դրա համար որոշեցի մնալ մարդասիրական կառույցում»: Պարոն Չոն համոզված է, որ իր աշխատանքը պահանջում է ունենալ մարդկային լավ հարաբերություններ. «Մարդասիրությունը հենց հիմնված է մարդկային ճիշտ փոխհարաբերությունների վրա, եւ մեր հիմնական առաքելությունը կարիքավոր, խոցելի մարդկանց աջակցելն է: Եթե չեն ստեղծվում մարդկային հարաբերություններ, մենք չենք կարող իմանալ մարդկանց կարիքները, գնահատել մեր արած աշխատանքը եւ առաքելությունը՝ ընդհանրապես: Յուրաքանչյուրս մարդկային էակ ենք եւ կարիք ունենք մարդկային փոխհարաբերությունների»: Ամեն երկիր նոր զգացում է առաջացնում Աշխատանքի ընթացքում տարբեր երկրների առանձնահատկությունների մասին խոսելիս՝ պարոն Չոն կարծում է, որ սկզբնական շրջանում բավականին դժվարություններ առաջանում են, երբ անծանոթ ես այդ երկրի մշակույթին, վարք ու բարքին: «Մինչեւ Ֆրանսիայում աշխատանքի անցնելս, իհարկե, բավականին երկար ճամփորդել էի եւ հասկացել, որ դառնալ մասնիկը տվյալ երկրի՝ բավականին դժվար է: Թեպետ համալսարանում մեզ ծանոթացրել էին դժվարությունների այն շարքին, որը պետք է հաղթահարեինք նոր երկիր ժամանելիս, բայց երբ ինքդ ես անձամբ հայտնվում այդ երկրում, հասկանում ես, որ դա լրիվ նոր զգացում է՝ բավականին տարբեր քո իմացած տեսական գիտելիքներից: Օրինակ, Ֆրանսիայում կարող էի խոսել անգլերեն, բայց հասկացա, որ ինչ-որ անջրպետ կա իմ եւ այդ մարդկանց միջեւ: Այդուհանդերձ կարծում եմ, որ եթե մեծ կամք ու ցանկություն ունես իսկապես հասկանալու տվյալ երկրի մշակույթը, դառնալ այդ երկրի մասնիկը՝ կարող ես»: Ու որպեսզի վերացներ տվյալ դեպքում իր եւ ֆրանսիացիների միջեւ եղած անջրպետը, պարոն Չոն սովորել է ֆրանսերեն, որպեսզի ֆրանսիացիների հետ շփվի իրենց մայրենի լեզվով: Վրաստանում եւ Հայաստանում իր ապրած տարիները, այլ երկրների համեմատությամբ, պարոն Չոն շատ տարբեր է համարում: Քանի որ, իր համոզմամբ, Հայաստանն ու Վրաստանը մշակույթի եւ մարդկային արժեքների առումով շատ ավելի մոտ են Ասիային, ապա իր համար ավելի հեշտ է եղել այս երկրներում դառնալ հասարակության մասնիկը եւ հասկանալ մարդկանց. «Երբ եկա Երեւան, որեւէ խորթություն չզգացի իմ եւ հայերի միջեւ»: Հայերի նման, կորեացի մայրերն էլ իրենց վրա են վերցնում ընտանիքի բեռը 172 Հայերը եւ կորեացիները արեւելյան ժողովուրդներ են: Հիմա, երբ բավականին ժամանակ ապրում եք Հայաստանում, կարո՞ղ եք ներկայացնել մեր երկու ազգերի միջեւ գոյություն ունեցող ավանդույթների, սովորույթների որոշակի նմանություններ: Եթե հնարավոր է, նշեք կոնկրետ օրինակներ, ասենք՝ ընտանեկան փոխհարաբերությունների, ազգային տոների պահպանության կամ թեկուզ կենցաղային շփումների առումով: 172 Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Առաջինը վերաբերում է ընտանեկան փոխհարաբերություններին։ Եվրոպական երկրներում, սովորաբար, ամուսնությունից անմիջապես հետո նորապսակներն անջատվում են հայրական ընտանիքից: Իսկ այստեղ երեխաներից մեկը շարունակում է ապրել ծնողների հետ: Մենք եւս ունենք այդ սովորույթը: Սովորաբար ավագ որդին (դուստրն) է մնում ծնողների հետ ապրելու: Արեւմուտքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ բանկային իր հաշիվն ունի: Ես լսել եմ, որ հայկական ընտանիքներում սովորաբար ընտանիքի անդամները՝ ամուսինը, զավակները, աշխատավարձը բերում են տուն եւ տալիս իրենց մորը, հետեւաբար՝ մայրն է տնօրինում ընտանիքի, տան ծախսերը եւ հոգում կարիքները: Հաջորդ համեմատությունս վերաբերում է աղջիկներին։ Եվրոպայում կանայք շատ ավելի ազատ են իրենց որոշումների եւ բարքերի մեջ։ Այս առումով, կորեացի աղջիկները շատ ավելի խիստ պայմաններում են ապրում, մինչ ամուսնությունը բավականին խիստ վարքուբարքի են հետեւում։ Ճաշատեսակների առումով եւս որոշակի նմանություններ կան հայկական եւ կորեական խոհանոցների միջեւ։ 172 Համոզված եմ, որ ինչպես հայերիս, այնպես էլ կորեացիների համար շատ կարեւոր է երեխաների դաստիարակությունը։ Դուք երկու երեխայի հայր եք։ Արդյոք երեխաների դաստիարակության համար ունե՞ք կոնկրետ դեղատոմսեր։ 172 Կորեայում մի սովորույթ կա՝ շատ մեծ ուշադրություն դարձնել երեխայի դաստիարակությանը։ Անցյալում նախապատվությունը տրվում էր որդի ունենալուն եւ նրա ճիշտ դաստիարակությանը, բայց այսօր տղայի եւ աղջկա միջեւ տարբերություն չի դրվում։ Կորեայում երեխաներին անվանում են «ընտանիքի թագավորներ»։ Երեխաները նման վերաբերմունքի են արժանանում ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ՝ հասարակության մեջ ընդհանրապես։ Նման վերաբերմունքի են արժանանում, քանի որ ազգի ապագան են։ Եվ քանի որ իմ երեխաներն էլ իմ ընտանիքի ապագան են, ես իմ ամբողջ ուշադրությունը նվիրում եմ նրանց դաստիարակությանը։ 172 Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչեւ մեր երկիր գալը, եւ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հիմա, հատկապես սովորական հայ մարդու մասին։ 172 Հայաստանի եւ Վրաստանի մասին շատ քիչ բան գիտեի։ Երբ արդեն Վրաստանում էի աշխատում, որոշակիորեն տեղեկացվեցի Հայաստանի պատմությանը, մշակույթին։ Ու քանի որ հարեւան երկրում էի, մեծ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ։ Առաջին անգամ Հայաստան եկա 1999թ., շատ մեծ տպավորություն ստացա թե՛ բնությունից, թե՛ մարդկանցից։ Քանի որ ինքս լեռնային երկրից եմ, Հայաստանի բնակլիմայական պայմաններում ինձ շատ լավ զգացի։ Իսկ ամենից տպավորիչն, իհարկե, մարդկանց հյուրընկալությունն էր եւ բարեկամական վերաբերմունքը։ Կորեացիները եւս շատ հյուրընկալ են, հատկապես արտասահմանցիների նկատմամբ։ Երբ ինձ առաջարկեցին այս Հայաստանում այս առաքելությունը, ես անմիջապես համաձայնեցի։ Մինչ օրս շարունակում եմ հիանալ այս երկրի բնությամբ, մարդկանցով եւ հյուրընկալությամբ։ 172 Ասում եք՝ կորեացիները հայերի նման հյուրընկալ են։ Ձեզ մոտ է՞լ կարելի է հյուր գնալ առանց նախօրոք զգուշացնելու, թե՞8230… 172 Ոչ, մենք եվրոպացիների նման մի շաբաթ առաջ չենք զանգում եւ պայմանավորվում հյուր գնալու մասին։ Դեռեւս պահպանվել է այն բարի ավանդույթը, երբ կարող ես պատահական թակել բարեկամիդ, ընկերոջդ դուռը եւ սիրով հյուրընկալվել։ 172 Կորեական խոհանոցի ո՞ր կերակուրն եք սիրում եւ արդյո՞ք հայկական խոհանոցից որեւէ նախընտրելի կերակուր ունեք։ 172 Կորեական խոհանոցից բազմաթիվ ճաշատեսակներ կարող եմ թվարկել, բայց նախապատվությունը տալիս եմ մեր խորովածին եւ խմորից պատրաստված մի ճաշատեսակի, որ շատ նման է մակարոնին (նույնիսկ թարգմանիչը չգտավ համարժեք բառը)։ Մեր խորովածը բավականին տարբերվում է հայկականից։ Այն պատրաստվում է խոզի, տավարի մսից, թռչնամսից եւ համեմվում բազմաթիվ համեմունքներով։ Մինչեւ կրակին դնելը համեմված միսը երկար ժամանակ պահվում է։ Խորովածը պատրաստվում է հատուկ գրիլում։ Այն չափազանց համեղ է, դրա համար էլ արժանացել է ոչ միայն կորեացիների, այլեւ՝ չինացիների, ճապոնացիների, ամերիկացիների հավանությանը։ Հայկական Կարմիր խաչի նախագահը վերջերս եղել էր Ամերիկայում, որտեղ մի ամբողջ ամիս օգտվել էր կորեական խոհանոցից։ Նա հատկապես հավանել է կորեական խորովածը։ Ինչ վերաբերում է մակարոնատիպ կերակուրին, կորեացիներն ասում են, իբր իտալացիները կորեացիներից են սովորել սպագետի պատրաստել։ Այդ մասին շրջող լեգենդը պատմում է, որ ժամանակին Կորեա այցելած առեւտրականները շատ հավանել են այդ կերակուրը եւ իրենց հետ տարել Իտալիա։ Երկար ժամանակ շրջելով տարբեր երկրներում, այդ առեւտրականները մեր կերակուրը տարածել են աշխարհով մեկ։ Ու երբ հասել են Իտալիա, արդեն մոռացել էին իսկական բաղադրատոմսը եւ ստեղծել են նորը։ Այդպես էլ, իբր, առաջացել է իտալական սպագետին։ Իտալական սպագետիի եւ կորեականի տարբերությունն այն է, որ իտալականը չոր է, իսկ կորեականը ավելի սուպի է նմանվում։ Հայկական խոհանոցից շատ սիրում եմ խորովածը, խինկալին, խաշլաման եւ տոլման։ 172 Դուք այնքան ախորժալի բացատրեցիք։ Իսկ ինքներդ երբեւէ կերակուր պատրաստո՞ւմ եք։ 172 Ճիշտն ասած, կարող եմ որեւէ բան պատրաստել, բայց, բարեբախտաբար, Կորեայում, ինչպես Հայաստանում, խոհանոցը շատ ավելի կնոջ տեղն է։ Ամուսինները շատ հազվադեպ են այնտեղ հայտնվում։ Կինը հոգեւոր աջակցություն է բերում Կորեական հայտնի ասացվածք կա. «Այն մարդը, որը շատ բարձր է գնահատում, կամ շատ լավ խոսքերով է նկարագրում իր կնոջը՝ հիմար է»,- կատակեց պրն Չանգ Հուն Չոն: Իսկ եթե լուրջ, ապա պարոն Չոն սեփական կնոջ մեջ շատ գնահատում է պատասխանատվության մեծ զգացումը եւ նվիրվածությունը երեխաներին ու ընտանիքին: «Կինս ինձ հետ էր Ֆրանսիայում, ինձ հետ եկավ նաեւ Հայաստան, բայց Վրաստանում ես աշխատում էի մենակ։ Հիմա կարող եմ համեմատել՝ ինչպես էր աշխատանքը ընտանիքի հետ եւ առանց ընտանիքի։ Անշուշտ, ես հասուն մարդ եմ եւ կարող եմ ինքնուրույն հոգալ իմ հոգսերը, աշխատել ե՛ւ կնոջ հետ, ե՛ւ առանց կնոջ։ Բայց, իհարկե, մարդկային մեծ արժեք է, երբ կինդ քեզ հետ է՝ ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ՝ աշխատանքում։ Որեւէ երկրում առաքելություն իրականացնելիս երբ կինդ կողքիդ է, հոգեկան հանգստություն եւ մեծ հոգատարություն է տիրում ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ աշխատանքում։ Աշխատանքի ծանրաբեռնվածությունը Հայաստանում եւ Վրաստանում համարյա նույնն է, բայց այստեղ կյանքս շատ ավելի հեշտ ու հանգիստ է թվում, քանի որ կինս կողքիս է։ Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել