Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ «11»-ը եւ հետո

Սեպտեմբեր 21,2002 00:00

Մինչեւ «11»-ը եւ հետո Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը նախաձեռնել էր սեմինար՝ «Ռազմական անվտանգության հիմնահարցերը եւ խաղաղության հաստատման հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանն իր ելույթը սկսեց նրանից, թե ինչ է նշանակում Հարավային Կովկաս հասկացությունը՝ ներկաներին խնդրելով այն ընկալել ավելի շատ ակադեմիական, այլ ոչ թե՝ փոխարտգործնախարարի։ Քանի որ, ըստ նրա, իրենք գտնվում են ակադեմիական մթնոլորտում. «Այն, ինչ-որ մենք սովորաբար կոչում ենք Անդրկովկաս, այսօր ուղղակի անվանափոխվել է եւ դեռ չի ստացել իր նոր աշխարհաքաղաքական իմաստը»։ Այնուհետեւ նա ներկայացրեց տարբեր տեսություններ եւ անվտանգության մոդելներ, որոնք մշակվել են տարբեր ռազմավարական կենտրոններում եւ տեղադրվել Եվրոպայում, ԱՄՆ-ում, այդ թվում եւ՝ Կովկասում։ Մասնավորապես, Հարավային Կովկասի համար մենք ունեինք 3+3+2 մոդելը, որը պետք է կազմեր Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական նոր իրողությունը, սակայն սեպտեմբերի 11-ից հետո անվտանգության ռազմավարական գործընթացներն այլ ընթացք ստացան։ Ըստ բանախոսի, այսօր մենք տարածաշրջանում ունենք երեք հիմնական երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը զարգացման մասին. «Այսօր կա Վրաստան, որը մեկ անվտանգության սիստեմից դուրս է եկել եւ դեռ չի մտել մյուսը, կա Ադրբեջան, որը կարծես թե նման քայլեր էր անում մինչեւ 2002թ. փետրվարը, բայց այսօր ավելի լավ վիճակում է եւ բավականին հավասարակշիռ եւ հավասար հարաբերություններ է ստեղծում ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ ՌԴ-ի, իսկ վերջերս՝ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք մնում ենք մեր հին անվտանգության համակարգում, այն է՝ Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր՝ ԱՊՀ-ի շրջանակներում, երկկողմ հարաբերություններ Իրանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» կազմակերպության հետ»։ Ըստ Ռ. Շուգարյանի, Հայաստանը պետք է իր տեղը գտնի տարածաշրջանում՝ որպես կապող օղակ, պետք է կողմնորոշվենք, թե արդյոք ո՞ր անվտանգության համակարգի մեջ ենք տեսնում Հայաստանն ապագա 10, 20 տարիների ընթացքում։ Ապագան՝ ապագա, իսկ այսօր Հայաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում թելադրվում է միջազգային նոր իրողություններով. «Եթե անդրադառնանք «Սեպտեմբերի 11»-ին, կարող եմ ասել, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, մենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ չեղանք, բայց փորձում ենք ընդգրկվել ավելի լայն համագործակցության մեջ՝ տեռորիզմի դեմ պայքարի այդ ամբողջ կամպանիային։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անպայման, բացի եվրոպական ուղղությունից, որն ընդգծվում է որպես հիմնական ուղղություն, Հայաստանի քաղաքականության մեջ նաեւ լուրջ մտածենք արաբական աշխարհի հետ հարաբերությունները խորացնելու մասին»։ Քանի որ, ըստ բանախոսի՝ կան շատ ընդհանուր կողմեր այդ երկրների եւ Հայաստանի դիրքորոշումների միջեւ սեպտեմբերի 11-ի դեպքերի վերաբերյալ։ Այն է՝ «կա որոշակի դրական չեզոքություն, կա ցանկություն՝ մասնակցել պրոցեսներին, եւ կա ցանկություն՝ անցկացնել կամուրջ, որը կլինի կամուրջ քաղաքակրթությունների միջեւ»։ Հաջորդ ելույթ ունեցողը Արման Բաբաջանյանն էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից։ Նա նույնպես կանգ առավ սեպտեմբերի 11-ից հետո սկսված նոր աշխարհաքաղաքական իրավիճակին։ Ըստ նրա՝ համաշխարհային քաղաքական գործընթացները, զարգացումներն ու հարաբերությունները գրեթե բոլոր հարթություններում բաժանվում են 2 փուլերի. 2001 թ. սեպտեմբերի 11-ից առաջ եւ հետո։ Ըստ պրն Բաբաջանյանի՝ Միացյալ Նահանգների պատերազմն ընդդեմ Ալ-Կաիդայի աշխարհը բաժանել է երեք ընդարձակ խմբերի։ «Առաջին խմբում այն երկրներն են, որոնք ուղղակիորեն ներգրավված են ահաբեկչության դեմ պատերազմում, ներառյալ՝ ԱՄՆ եւ մահմեդական երկրներ՝ Մարոկկոյից մինչեւ Ֆիլիպիններ, Տանզանիայից՝ Ղազախստան։ Երկրորդ խմբում են այն երկրները, որոնք մակերեսորեն են ներգրավված պատերազմում՝ Եվրոպա, Ռուսաստան եւ Ավստրալիա։ Երրորդ խմբում են լճացած երկրները՝ Լատինական Ամերիկա, Մերձսահարյան Աֆրիկա, Հյուսիս-արեւելյան Ասիա եւ թերակղզային Հարավ-արեւելյան Ասիա»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել