Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Սեպտեմբեր 21,2002 00:00

ԼՈՒՐՋ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Հայաստանի ներքաղաքական ներկապնակում ներկայացված գրեթե բոլոր ուժերն են համաձայն, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրումն էական վերադասավորումներ կառաջացնի ե՛ւ քաղաքական՝ ընդդիմադիր ե՛ւ իշխանական դաշտում, ե՛ւ պետական կառավարման համակարգում: Այդ իմաստով Լ.Տեր-Պետրոսյանը հնարավոր միակ թեկնածուն է, որի առաջադրումը պարուրված է խորհրդավորությամբ ու անկանխատեսելի հետեւանքներով: Առայժմ ոչ ոք հաստատապես չի կարող պնդել կամ հերքել նրա առաջադրման մասին տեղեկությունները: Թե իրականում ինչպիսի դիրքորոշում ունի ինքը՝ Տեր-Պետրոսյանը, մնում է անհայտ: Մի բան սակայն, կարծում ենք, հստակ է՝ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Ռ.Քոչարյանն ավելի կաշկանդված է լինելու իր իշխանավարության ընթացքում եղած անհաջողություններն ու տապալումները «նախկիններով» բացատրել, որովհետեւ լինելու է մեկը, ով տալու է դրա պատասխանը: Վերջերս այդ հարցի շուրջ զրույցի ընթացքում քաղաքական գործիչներից մեկը կարծիք հայտնեց, որ եթե Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել՝ կհավաքի 100 տոկոս, բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե նա որոշի առաջադրվել՝ վստահ լինելով, որ կհավաքի 100 տոկոս: ԴԺվար է առարկել: Բայց դիտարկենք Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ռ.Քոչարյանի ընտրվելու հնարավորություններն այսօրվա դրությամբ՝ նկատի ունենալով ընտրություններում վճռորոշ գործոնները՝ հասարակական կարծիք, իշխանական ռեսուրս, արտաքին ազդեցություն, ներքաղաքական դաշտ, ընտրական թիմ, քվեները հաշվող հանձնաժողովներ, ի վերջո՝ ֆինանսական ռեսուրսներ: Հասարակական կարծիք Երկու ծայրահեղ տեսակետ կա: Ոմանք պնդում են, թե ի տարբերություն Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի վարկանիշն այսօր հավասար է զրոյի: Մյուսները կարծում են, որ Տեր-Պետրոսյանի կողմից այդ ուղղությամբ աշխատանք չտանելու, իշխանական լծակներ չունենալու պարագայում էլ նրանց նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը հավասար է: Բայց այն անհրաժեշտ եւ ճիշտ քարոզչական աշխատանքի դեպքում կարող է լինել հօգուտ Տեր-Պետրոսյանի: Այսպես մտածելու մի քանի պատճառ կա: Սկսենք նրանից, որ վերջինիս իշխանավարությունը սկզբնավորվել է ԽՍՀՄ փլուզումով, երկրում հասարակարգի այնպիսի շրջադարձով, որպիսին աշխարհը չի տեսել՝ կոմունիստական, վարչահրամայականից անցնելով ազատական, շուկայական համակարգի: Մի բան, որ մեծ մասամբ օբյեկտիվորեն չէր կարող ազդեցություն չունենալ երկրի տնտեսության վրա, եթե հաշվի առնենք նաեւ համակարգային փոփոխությանը զուգահեռ ընթացող եւ ֆինանսական ու քաղաքական ահռելի ռեսուրսներ կլանող Ղարաբաղյան պատերազմը, գումարած՝ տոտալ շրջափակումը: Տոտալ, որովհետեւ ՀՀ հաղորդակցական միակ ուղին, որ անցնում էր Վրաստանի տարածքով, չէր կարող ապահովել ոչ միայն մեր տնտեսության կայուն կամ անցնցում զարգացումը, այլեւ՝ շատ հաճախ գազամուղի պայթեցումների պատճառով դառնում էր էներգետիկ ճգնաժամի հիմնական պատճառ: Այստեղ պոպուլիստները կհիշեն «լափած մազութի», «էներգետիկ տեռորի» մասին՝ մոռանալով, որ հենց այսօր էլ նման լրջագույն հիմնախնդիր ունեն այնպիսի երկրներ, ինչպիսին, օրինակ՝ Ռուսաստանն է: Նույն վիճակում են հայտնվել Վրաստանը, Ադրբեջանը, թեեւ այնտեղ իշխանություններին «մազութ լափելու» մեղադրանք չեն առաջադրում: Իհարկե, հրադադարից հետո, արդեն 95-ին էներգետիկ ճգնաժամն էլ հաղթահարված էր: Ահա այդ հիմնախնդիրները՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանը չուներ: Նրա օրոք Տեր-Պետրոսյանն արդեն հաղթել էր պատերազմում եւ կնքել էր հաղթական հրադադարը: Ի տարբերություն Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի ոչ թե կոմպլեմենտար, այլ՝ հավասարակշիռ արտաքին քաղաքականության արդյունքում՝ ԼՂ-ն ճանաչվել էր բանակցային կողմ, որի շրջանակներում այդ հիմնախնդիրը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ չէր, խոսվում էր ոչ թե «գրավյալ տարածքների», «օկուպացիայի», այլ՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Քոչարյանն ու նրան սատարող ուժերը միայն հիմա են հասկացել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չվիճարկելու համար անհրաժեշտ է վերադառնալ հենց այդ սկզբունքներին: Քննադատվում է Տեր-Պետրոսյանի՝ սեփականաշնորհման քաղաքականությունը: Բայց այն՝ վաուչերներով կլիներ, թե դրամական արժեքով, այդուհանդերձ, ուղղվում էր բյուջեի հատուկ հաշվեհամար: Քոչարյանի օրոք վաճառվեցին անհամեմատ խոշոր ձեռնարկություններ՝ կամ ջրի գնով, կամ որպես պարտք գույքի դիմաց: Եղան խիստ կասկածելի եւ «դարակազմիկ» գործարքներ՝ «ԱրմենՏել», «Արմենիա» հյուրանոց, Երեւանի կոնյակի գործարան, «Զվարթնոց», ԲԷՑ-եր եւ այլն: Իհարկե, խոսելով Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին, հնարավոր չէ լռել վերջին 10 տարիներին տեղի ունեցած երեք խոշոր «աղետների» մասին, որոնք վճռորոշ փաստարկներ են լինելու եւ էապես կարեւորվում են հասարակական գիտակցության մեջ՝ Քոչարյանի հակասահմանադրական առաջադրում, ՀՀ գլխավոր դատախազի, ՊՆ, ՆԳ փոխնախարարների սպանություն, առավելեւս՝ «Հոկտեմբերի 27», «Պապլավոկ» եւ այլն: Հասարակությունը կհիշի 96-ը: Բայց ընտրություն կեղծելու իմաստով էլ Քոչարյանը ոչնչով առավել չէ, եւ դրա փայլուն օրինակը 98-ն է եւ Կարեն Դեմիրճյանի յուրացված քվեները: Հասարակությունը խիստ կարեւորելու է նաեւ, թե ինչպիսին է լինելու երկար «պաուզա» վերցրած Տեր-Պետրոսյանի մուտքը: Իշխանական ռեսուրս Թվում է, Քոչարյանը դրան կատարելապես է տիրապետում: Բայց Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում դրա մի մասը՝ պետական կառավարման համակարգը, ըստ ամենայնի, կբաժանվի: Եթե ոչ՝ կիսով չափ, ապա՝ նոմենկլատուրայի 40 տոկոսը կանցնի Տեր-Պետրոսյանի կողմը, կառաջանա նաեւ լոյալների բանակ: Մեծ հավանականությամբ՝ նրան կպաշտպանեն ուժային կառույցները, հատկապես բանակը: Ի վերջո, նրանք պատերազմել եւ հաղթել են Տեր-Պետրոսյանի օրոք: Անվիճելի է, կարծում ենք, որ նույն այդ պետական համակարգը ավելի մեծ պատկառանք տածում է Տեր-Պետրոսյանի, ավելի մեծ վախ՝ Քոչարյանի հանդեպ: Իսկ վախը երբեք պատկառանքի չի վերածվի: Ահավասիկ իշխանական այնպիսի լծակի, ինչպիսին են ԶԼՄ-ները, Քոչարյանը տիրապետում է գրեթե 100 տոկոսով: Այլընտրանքային ԶԼՄ-ների պակասը, կարող է, թերեւս, լրացնել ոչ պակաս կարեւոր մյուս գործոնը՝ քարոզչության եւ այլնի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսը, որտեղ Քոչարյանը թեեւ զգալի առավելություն ունի, այդուհանդերձ, եթե Տեր-Պետրոսյանին հաջողվի օպտիմալ օգտագործել ընտրությունների համար անհրաժեշտ մինիմալը՝ պատկերը կարող է փոխվել ստացված արդյունքի տեսանկյունից: Քոչարյանն իր ֆինանսը մեծ մասամբ ստիպված կլինի օգտագործել կեղծիքների համար, Տեր-Պետրոսյանը՝ դրանք թույլ չտալու: Եթե լինի նաեւ արդար ընտրություն անցկացնելու հասարակության վճռականությունը, Քոչարյանի ֆինանսները «կերգեն»: Համենայն դեպս, Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում նա չի կարող թվերի մեխանիկական տեղափոխումներ անել, բայցեւ չափազանց անորոշ կլինի իրավիճակը ընտրական հանձնաժողովներում: Թեեւ ԿԸՀ-ում եւ ՄԸՀ-ներում վերջերս կատարված ձեւումները հօգուտ քոչարյանամետ ուժերի են, բայց տեղերում Տեր-Պետրոսյանի դեմ կոնկրետ աշխատանք տանելու պատրաստակամ մարդիկ դժվար կգտնվեն: Արտաքին ազդեցություն Ընտրությունների վրա այն, թերեւս, ամենամինիմալն է լինելու: Անկախ այն բանից, թե ԼՂ հիմնախնդրով պայմանավորված արտաքին ուժերը շահագրգիռ են թույլ նախագահ ունենալու, Քոչարյանի ձեռքով ԼՂ հիմնախնդիրը լուծելու, վերջինիս սատարող ուժերի պահանջատիրական, Ցեղասպանության մոտիվներով ամպագոռգոռ հարցադրումները Թուրքիայի դեմ օգտագործելու եւ նրան ԵՄ-ից վանելու խնդիրներում, միեւնույն է, վերջնական որոշում կայացնողը լինելու է հասարակությունը: Բացի դա, այդ գործոնը կախված է մի քանի հանգամանքներից, որոնք վերլուծելն անհեթեթ է, քանի որ աշխարհաքաղաքական շահագրգռվածության ենթատեքստում անգամ գերտերությունների մարտավարությունն այսօր շատ արագ է հերթափոխվում: Դրա ազդեցությունը միայն այդ երկու թեկնածուների դեպքում կարող է փոփոխական լինել, ընդհուպ՝ մինչեւ վերջին պահը՝ կախված «դրսում» կարեւորվող հարցերում նրանց դիրքորոշման չձեւակերպումից: Քաղաքական դաշտ Հստակ է, որ անկախ ամեն ինչից՝ «16»-ի միավորումը ներկայացնող ուժերի մի ստվար հատվածն իր ձեռքը կվերցնի «ընդդեմ Տեր-Պետրոսյանի» կարգախոսը: Անորոշ է, թերեւս, «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի դիրքորոշումը: Կկանգնե՞ն արդյոք նրա կողքին Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը՝ չափազանց դժվար է ասել, եթե հաշվի առնենք, առավել եւս, այդ դեպքում նրանց կուսակցությունների երկատման հավանականությունը: Եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվի՝ չշեշտելով հատկապես ՀՀՇ-ով իշխանության գալու հանգամանքը, գուցե դա ինչ-որ բան փոխի, փափկացնի վերջիններիս, նաեւ՝ հասարակության դիրքորոշումը: Միաժամանակ նման ալյանսի ձեւավորումը Տեր-Պետրոսյանի ընտրության հարցում կարող է զգալի, նույնիսկ վճռորոշ լինել: Դա կարող է նաեւ «Միասնություն» դաշինքի էֆեկտն ունենալ: Այդ պարագայում նույնիսկ մյուս կուսակցությունների կեցվածքը երկրորդական կարող է լինել՝ հաշվի առնելով նրանց փչացածության աստիճանը: Իշխանական ճամբարից հերթական առնետավազք, իհարկե, այս անգամ էլ կլինի: Բայց Տեր-Պետրոսյանի համար էական է թիմի ձեւավորումը, «գործընկերների» վարկանիշը, վճռորոշը՝ հասարակության հետ հարաբերվելը, նրան համոզելը, ապացուցելը: Որ Քոչարյանի ռեժիմը ջարդելու ունակ ուժն այսօր օբյեկտիվորեն Տեր-Պետրոսյանն է՝ միանշանակ է: Եթե նա նույնիսկ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չառաջադրվի էլ, միեւնույն է, ռեժիմը, դժվարությամբ, բայց ջարդել հնարավոր է, եթե ժողովուրդն ինքը դառնա քաղաքական գործոն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել