Ավանդական «ռեզյումե» «Մենք այսօր ոչնչով չենք կարող աշխարհին զարմացնել, բացի մեր արվեստից»։ Խիստ վիճելի այս արտահայտությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը եզրափակեց երեկ հրավիրած հանդիպումը լրագրողների հետ։ «Սեպտեմբերի 22-ին մեր նվագախումբը սկսում է իր 6-րդ համերգաշրջանը եւ, ավանդույթի համաձայն, մենք «ռեզյումե» ենք անում»,- բացեց հանդիպումը Ա. Ղարաբեկյանը։ Ասել է, թե հասարակությունը տեղեկացվում է նախորդ համերգաշրջանում արածի եւ նոր համերգաշրջանում անելիքի մասին։ Ըստ այդմ, անցյալ սեզոնում նվագախումբը ունեցել է հյուրախաղեր ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում։ Իսկ այս տարի ծրագրված է համերգ-մասնակցություն Բեռլինում կայանալիք Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված փառատոնին, բարեգործական համերգ Թեհրանում եւ այլն։ Այս տարվա համերգաշրջանը հատուկ ուշադրություն է դարձնելու հայ տաղանդավոր երեխաներին. նրանք ընդգրկվելու են համերգային ծրագրերում, ինչը մեծ հնարավորություններ կտա փորձի, շփման եւ դրսեւորման առումով։ Արամ Ղարաբեկյանը հանդիպման էր եկել իր վիեննացի հյուրի՝ դաշնակահար Ավո Գույումջյանի հետ։ Եվրոպայում արդեն բավականին հայտնի մեր հայրենակիցը առաջին անգամ պաշտոնական համերգի հրավեր է ստացել Հայաստանից, ինչի համար «խիստ խանդավառված» էր։ «Իմ նախասիրած կոմպոզիտորն Առնո Բաբաջանյանն է։ Իմ ծրագրի մեջ միշտ կան հայ կոմպոզիտորների գործեր ու ես առանց ամաչելու նրանց անունները դնում եմ, ասենք, Մոցարտի կողքին»,- ասաց նա ու ավելացրեց, որ շատ ուրախ կլիներ, եթե Վիեննայի Hochschule Fur Musik-ում իր ուսանողների մեջ տեսներ տաղանդավոր հայ երաժիշտների, բայց «պայմանները սուղ են, կհասկնամ, որ քիչ հնարավոր է»։ Դաշնամուրային կամերային երաժշտության պրոֆեսորին հարցրի. «Եթե մեր կոնսերվատորիայից հրավեր ստանա դասախոսելու, կթողնի՞ Վիեննան ու կգա՞ Հայաստան»։ «Շատ զգայուն հարցում արիք,- պատասխանեց,- պետք է պայմաններ լինեն արվեստագետի համար, ես կոլեգաներ ունեմ այստեղ ու գիտեմ, որ շատ ցածր վճար կստանան, ես ինչպե՞ս թողնեմ Վիեննան ու գամ»։ Արդեն 30 տարի մեծ արվեստների շրջապտույտում ապրող դաշնակահարը, այնուամենայնիվ, մի զիջում արեց. «Այլ բան է, եթե ազատ ժամանակիս գամ եւ առանց վարձատրության դասախոսեմ հոս, հաճույքով կգամ, բայց դեռ հրավեր չեն ըրած»։ Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր երկու համերգ Ավո Գույումջյանի մասնակցությամբ, բայց Պարոնյանի անվան թատրոնի հնարավորությունները բավականացրել են ընդամենը մեկ երեկոյի (Կամերայինը նորոգման մեջ է), ինչը Ա. Ղարաբեկյանը գնահատեց իբրեւ թատրոնի կողմից հերոսություն։ Ինչ վերաբերում է ընդհանրապես մայրաքաղաքի մշակութային կյանքում ընթացող «ռեմոնտներին», ապա դրանից Կամերայինի դիրիժորն ուղղակի խանդավառված էր (բնականաբար՝ ինչպես բոլորը)։ «Ես կարծում եմ, որ մյուս ձմեռ Երեւանը մշակութային բուռն կյանք է ապրելու եւ մենք էլ, արվեստասերներն էլ ստիպված չեն լինի ձմեռային քուն մտնելու, ինչ է թե դահլիճներում անմարդկային ցուրտ է»,- ասաց Արամ Ղարաբեկյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ