Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է մասնատվում բնության բարիքը

Սեպտեմբեր 20,2002 00:00

Ինչպես է մասնատվում բնության բարիքը Օդերեւութաբանական դիտակայանի տվյալների համաձայն, հունվարի 1-ից մինչեւ հունիսի 10-ը Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 70 սմ-ով, որը 28 սմ-ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ եւ հավասար է 2000թ. մակարդակին։ Ձնհալների, գրունտային ջրերի, անձրեւների եւ այլ մուտքերի հաշվին լիճ է լցվել 850 մլն խորանարդ մետր ջուր, իսկ ոռոգման նպատակով բաց է թողնվել 150 մլն խորանարդ մետր։ Արձանագրված պաշտոնական թվերը հիմք են տալիս փոքր-ինչ սփոփվելու հատկապես վերջին տարիների բացասական ցուցանիշներից հետո, բայց դա բնավ էլ կատարյալ չէ ինչպես լճի էկոլոգիական, այնպես էլ մերձափնյա տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի եւ խաթարված ֆաունայի եւ ֆլորայի համար։ Ասվածը վերաբերում է դեռեւս 80-ական թվականներին սկսված եւ անավարտ մնացած Սեւանա լճի կոլեկտորի շինարարությանը, որը ծառայելու էր ափամերձ հանգստյան տների եւ պանսիոնատների գործունեությամբ առաջացած կեղտաջրերի սանմաքրմանը եւ դրանց լիճ թափվելու բացառմանը։ Մինչդեռ ներկայումս ափը գոտեւորող բազմաբնույթ նորակառույց օբյեկտների կոյուղագծերը կամ չեն ծառայում իրենց նպատակին եւ աղտոտում են շրջակա միջավայրը (խոշոր օբյեկտների կոյուղին ավարտվում է լճափում փորված հորատանցքերի մեջ, որոնք զուրկ են երկաթբետոնե պատնեշից), կամ էլ անտեսանելի հնարքներով անմիջապես վերջանում են ուղղակի ջրի մեջ։ Այստեղ արդեն թղթի վրա են մնում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, որոնք պարտավոր են առաջնահերթ ուշադրություն դարձնել լճի սանիտարահիգիենիկ վիճակին։ Լճին հարող անտառամերձ տարածքի վրա իր հետքը թողեց նաեւ նախորդ տարվա ցրտաշունչ ձմեռը։ Փաստ, որը, թերեւս, պետք է անհանգստության առիթ տար «Սեւան ազգային պարկի» ղեկավարությանը։ Այս ամենին գումարվում է նաեւ Սեւանա լճի ափամերձ տարածքը «ապապետականացնելու» եւ բնության բարիքը սեփական նպատակներին ծառայեցնելու փաստը, որի արդյունքում սնկի պես աճում են ափամերձ տնակներն ու քոթեջները՝ իրենց հետ բերելով հավելյալ բնապահպանական խնդիրներ։ Սա ապացուցում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեւանա լճի մասին» օրենքը ողջունելի էր եւ հաջողված միայն ծնվելու պահին։ Խոսքը գնում է բնության հրաշքի էկոհամակարգի պահպանման, գիտական եւ պետական պարտադիր մոտեցման մասին, մինչդեռ միայն թղթի վրա գրված օրենքով (թեկուզեւ շատ լավ) հարցը չի կարգավորվում։ Հարցին համապատասխան կառույցները պետք է գիտակցորեն եւ սրտացավ վերաբերվեն։ ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել