Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՈԿՈՐԴ ԵՆ ԿՐԾՈՒՄ

Սեպտեմբեր 20,2002 00:00

ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՈԿՈՐԴ ԵՆ ԿՐԾՈՒՄ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում շարունակվում են լուրջ խմորումները։ Իսկ անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մեղավորը, դերասանների կարծիքով, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանն է։ Խմբագրություն եկած դերասանուհին՝ Ծովինար Մարգարյանը եւս վերահաստատեց իր գործընկերների այդ կարծիքը։ Ըստ նրա, Վահե Շահվերդյանը թատրոնում ամեն ինչ իրեն է հարմարեցնում, դերաբաշխում կատարելիս միայն իր ֆավորիտներին է նկատում՝ ամեն քայլափոխի ոտնահարելով մյուսների իրավունքները։ «Նա փորձում է դերասանի նոր մոդել ստանալ, իսկ իր «չափանիշներին» չհամապատասխանողների հետ միջնադարյան մեթոդներով դաժան հաշվեհարդար է տեսնում՝ զրկելով դերից, աշխատավարձից, վերջապես՝ ապրելու իրավունքից»,- հավաստիացնում է դերասանուհին։ Նա պնդում է, որ ցանկության դեպքում Վահե Շահվերդյանը իրեն հակառակված դերասանի համար կարող է լիակատար դատարկ դահլիճ «ապահովել». «Այդպես վարվել է Վ. Վարդերեսյանի, Մ. Ջանիբեկյանի եւ մյուսների հետ։ Ինքը տոմսերն իրացնող մարդիկ ունի, որոնք հայտարարում են, թե դրանք ուժի մեջ են նաեւ հաջորդ ներկայացումների ժամանակ»։ Դերասանուհին հավատացնում է, որ իրեն ամենեւին չի մտահոգում թատրոնի գեղարվեստական ղեկավարի սեռական օրիենտացիան։ Կարեւորը դրա հետեւանքներն են բեմի վրա, դրամատուրգիայի ընտրության, դերասանների հետ հարաբերվելու ժամանակ. «Թող կարծիք չստեղծվի, թե ես սուր եմ ճոճում այս քաղաքի արվամոլների դեմ։ Երբեք։ Չէ՞ որ ոչ մի երկրում նրանց չեն կախում։ Իսկ եթե Վահե Շահվերդյանը շատ է ցանկանում, թող իր համար այդպիսի մի թատրոն հիմնի, բայց չհայտարարի, թե Սունդուկյան թատրոնն ա՜յլ թատրոն է»։ Դերասանուհին պնդում է, որ իր նման շատերը թատրոնում զուտ ձեւականորեն գոյություն ունեն որպես դերասան, ընդամենը թատրոն են գնում-գալիս, ամսական էլ մի քանի հազար դրամ աշխատավարձ ստանում, տարիներն անցնում են ու իրենց այդպես էլ որեւէ դեր չի տրվում։ Իսկ բոլոր ներկայացումներում միշտ նույն մարդիկ են խաղում։ Ըստ դերասանուհու, եթե գեղարվեստական ղեկավարից դժգոհ մեկը հանկարծ գլուխ է բարձրացնում, նրան իբրեւ փշրանք փոքրիկ դեր է «շնորհվում»՝ ժամանակավորապես լռեցնելու համար. «Կամ եթե որեւէ տղամարդ լավ դեր է ստանում, հաջորդ օրն իսկ վարկաբեկվում է, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչ ճանապարհով է դա արվում»։ Ըստ դերասանուհու, Վ. Շահվերդյանը ոչ միայն վատ ղեկավար է, այլեւ վատ բեմադրիչ. նա Սողոմոն Թեհլերյանի մասին գործ է բեմադրում, չիմանալով՝ Թեհլերյանը Թալեաթին սպանել է Բեռլին քաղաքի Շառլոտենբուրգ պողոտայո՞ւմ, թե՞ Շառլոտենբուրգ քաղաքում։ Դերասանուհին հիշեց, որ Շահվերդյանը ներկայացումներից մեկի մեջ էլ հետույքով խաչքարի վրա նստած նամազ անող հայ կնոջ կերպար է կերտել։ Դա քիչ է, հիմա էլ Անդրանիկի ու Թումանյանի մասին գործ է բեմադրում։ Ծ. Մարգարյանի կարծիքով, այս ներկայացումն էլ, մյուսների նման, անսեռ, քաղցր -մեղցր, ոչինչ չասող գործ է լինելու, իսկ եթե հանդիսատես այնուամենայնիվ հավաքվի, ապա կգա իներցիայով՝ նախկին Սունդուկյան թատրոնի հանդեպ նոստալգիկ զգացումներից դրդված։ «Ո՞ւմ բողոքեմ, ես էվրիկաներ չեմ անում. բոլորը գիտեն Վահե Շահվերդյանին, նրան նշանակողները՝ նույնպես»,- ասում է դերասանուհին եւ երազում, որ իրենց թատրոնը կրկին դառնա իմաստնության ու հոգու տաճար, տոն լինի այնտեղ՝ մտքի, մարմնի, հոգու, դերասաններն էլ աղոթեն առ լույսն ու առ գեղեցիկը։ «Թե չէ դերի համար այստեղ կոկորդ են կրծում, հաշվեհարդար տեսնում փայտյա հուշանվեր կամ մեդալ ստացողի հետ։ Իսկ բուն սունդուկյանցիների թիվը գնալով պակասում է»,- ասում է Ծ. Մարգարյանը։ Չնայած ստեղծված վիճակին, դերասանուհին որոշել է չնահանջել. «Եթե իմ գեղարվեստական ղեկավարը սեռական օրիենտացիայի մեջ է, ես էլ՝ գաղափարականի։ Կարծում եմ, իրավունք ունեմ որոշելու ինչ միտք է ինձ անհրաժեշտ, իրավունք ունեմ նաեւ իսկապես տաղանդավոր մարդկանց անուններ տալու այս թատրոնում, ինչն այստեղ արգելված է»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը նախ հետաքրքրվեց, թե ո՞վ է համարձակվել իրենից դժգոհել, սակայն հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ պատճառաբանելով զբաղվածությունը։ Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Ռազմիկ Աբրահամյանը փորձեց համոզել, որ իբր Սունդուկյանի անվան թատրոնում ամեն ինչ կարգին է։ Նաեւ խոստացավ մեկ-երկու շաբաթից անձամբ ուսումնասիրել թատրոնում ստեղծված իրավիճակը, մասնակից դարձնելով նաեւ «Առավոտի» թղթակցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել