Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՄԻՆՈՒՍ

Սեպտեմբեր 20,2002 00:00

ԵՐԵՔ ՄԻՆՈՒՍ «Տանիք» կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու եւ ընտրությունների մեկ կամ երկու փուլով ընթանալու վերաբերյալ հարցերին, հայտարարեց. «1998-ին քաղաքական ուժերը նպաստեցին ու հակասահմանադրական ճանապարհով իշխանության բերեցին Ռ.Քոչարյանին՝ բռնաբարելով եւ արհամարհելով ժողովրդի ընտրության իրավունքը: Հիմա նրանք երկրորդ պտույտն են կատարում՝ արդարացնելու 98-ի իրենց քայլը: Բոլոր այն ուժերը, որոնք մտնում են այդ խաղի մեջ՝ հնարավոր համարելով նրա մասնակցությունն այդ խաղին, ավելին՝ խայծը կուլ տալով՝ քննարկում 1-ին կամ 2-րդ փուլի հնարավորությունը, դառնում են հանցակիցներ: Ռ.Քոչարյանը 98-ին արդեն մեկ անգամ հանցագործություն կատարել է եւ պատասխանատվություն չի կրել: Նա պատրաստվում է նույն հանցագործությունը կրկնել: Քաղաքական ուժերն իրենց պետք է հաշիվ տան: Ինձ համար հստակ է. կան սահմանադրական եւ հակասահմանադրական ուժեր՝ անկախ գաղափարախոսությունից: Նրանք, որոնք 98-ին հակասահմանադրական ճանապարհով Ռ.Քոչարյանի պաշտոն զբաղեցնելը չեն համարում հանցագործություն, Սահմանադրության տապալում՝ հակասահմանադրական ուժեր են: Ովքեր կդատապարտեն 98-ին Ռ.Քոչարյանի կողմից իշխանության զավթումը, կտան գնահատական՝ կլինեն սահմանադրական ուժեր, որոնք կարող են միավորվել՝ թույլ չտալու, որ 2002-ին Ռ.Քոչարյանը նորից փչացնի ՀՀ ընտրական մեխանիզմը»: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահ առաջադրվելու համար անհրաժեշտ ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ Հայաստանում 10 տարի անընդմեջ ապրելու ցենզը այս մի ընտրությունների ընթացքում էլ մնալու է օրակարգային կարգախոս: Դա Քոչարյանի համար ցավոտ հարցերի՝ «27»-ի, ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու, ցանկում հաստատուն տեղ է գտնելու: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել