Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նույն կաթսայում քանի՞ գլուխ կեփվի

Սեպտեմբեր 20,2002 00:00

Նույն կաթսայում քանի՞ գլուխ կեփվի Ի՞նչ է հուշում փորձը 1996-ի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: 16-ի միավորման ապագան երերուն է թվում՝ ընդգրկված գործիչների անձնական հավակնությունների եւ ծրագրային տարբերությունների պատճառով; Այդ մասին մեր հարցին ի պատասխան՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իհարկե, կուսակցական, անձնական հավակնությունները բավական մեծ դեր են խաղալու: Շատ դժվար է՝ մարդիկ կան, որոնց նույն կաթսայի մեջ լինելն ուղղակի չի երեւում: Բայց գաղափարական տարբերություններն էլ ունեն նշանակություն: Օրինակ, եթե, ասենք, կոմունիստներն առաջ քաշեն Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու գաղափարը, եւ կուսակցությունների մի զգալի մասն ընդունի այն՝ ԱԺՄ-ն այդտեղ չի ունենա անելիք»: Մեր դիտարկմանը, թե օրինակն այնքան էլ հաջող չէ, քանի որ այդ միությունն այլեւս գոյություն չունի, պրն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Մինչեւ հիմա էլ արծարծվում է այդ հարցը: 16-ի հայտարարությունից մեծ դժվարությամբ է հանվել դա»: Ծրագրերի մասին ԱԺՄ նախագահը խոսեց բավական վերապահումով. «Եթե վերցնեք տարբեր երկրների կուսակցությունների կամ թեկնածուների ծրագրերը, կտեսնեք, որ դրանք համընկնում են 90%-ով՝ թվարկված են ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված արժեքներ, հիմնադրույթներ: Իհարկե, ամեն ծրագրում էլ պիտի գրված լինի՝ ժողովրդավարություն, պայքար կոռուպցիայի դեմ եւ այլն: Ծրագրերի միայն 10%-ը կարող է տարբերվել: Ասենք, Հայաստանում պետք է խոշորացնել հողակտորները՝ արդյունավետ կառավարման համար. մեկը կարող է առաջարկել, թե՝ գնանք իտալական կոոպերացիայի ճանապարհով, մյուսը՝ զարգացնել ֆերմերային տնտեսությունը, երրորդն առաջարկի բանկային համակարգի ուղին՝ գրավ դնել հողը: 10% տարբերությունները միայն նման հարցերի կարող են վերաբերել, որոնց շուրջ կարող են լինել վեճեր: Բայց դա էլ դեռ կուսակցության ծրագիր չէ. ամբողջ 100%-ի միջով միշտ կարմիր թելի պես անցնում է տվյալ քաղաքական գործչի կամ կուսակցության գաղափարախոսությունը՝ շատ աննշան բառերով ու շեշտադրումներով: Եվ երբ, ասենք, խոսում ես ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի կամ կոմունիստների մասին՝ կարող ես նրանց ծրագիրն էլ չկարդալ, քանի որ մոտավորապես արդեն գիտես՝ ինչպիսին է նրանց գաղափարախոսությունը: Եվ նաեւ հայտնի է շատերի մասին, թե ինչքանով նրանք անկեղծորեն կկատարեն ծրագիրը եւ կառաջնորդվեն իրենց գաղափարախոսությամբ: Այդ տեսակետից՝ ծրագրերին կարեւորություն տալով՝ հնարավոր չէ պնդել, թե ինչ-որ մեկը կկազմի գեղեցիկ մի ծրագիր, ու վերջ՝ բոլորը կշշմեն ու կասեն՝ գնացինք նրա ետեւից»: Իր նախկին փորձը հաշվի առնելով՝ պրն Մանուկյանին խնդրեցինք համեմատել ներկայիս ընդդիմության եւ 1996-ին միասնական թեկնածուի ձեւավորման գործընթացը: «Մարդիկ միշտ ուզում են նախկինը կրկնվի, բայց նախադեպը, հակառակը, դաս է դառնում: Այս անգամ ամեն ինչ կարող է լրիվ այլ կերպ լինել»,- ասաց պրն Մանուկյանը: Այնուամենայնիվ, հիշեցնենք՝ 1996-ին աջ ազատական հայացքներ ունեցող միասնական թեկնածուի շուրջ համախմբվել էին նաեւ սոցիալիստները, արեւմտամետներն ու ռուսամետները: Միասնական թեկնածուն ընտրվեց, երբ ընտրություններին մնացել էր մեկ ամսից էլ պակաս ժամանակ: Վազգեն Մանուկյանը դեմ չէ կարծես, որ այժմ էլ այդ ընտրությունը թողնեն ամենավերջում. «Ենթադրենք. 16-ը հավաքվեն ու քվեարկեն, թե այսինչը մեր միասնական թեկնածուն է: Մյուս բոլոր թեկնածուները դուրս կգան միավորումից կամ էլ կնվազի նրանց էներգիան ու պատասխանատվությունը: Եվ շատ հավանական է, որ ուղղակի տրոհվի միավորումը: Դրա համար էլ միասնական ծրագրի եւ թեկնածուի ընտրությունը պետք է թողնել վերջում: Կամ էլ այժմ պետք է փորձել՝ չստացվի, գնալ առանձին-առանձին՝ միավորվել վերջում: Տարբերակները շատ են: Ես ուղղակի կողմ չեմ, երբ ասվում է, թե Հայաստանը փրկելու եւ հաղթելու միակ տարբերակը սա է՝ միասնական ծրագիր եւ թեկնածու, եւ երբ դա չի ստացվում, բոլորի մոտ ստեղծվում է անկումային տրամադրություն, որ չստացվեց այս անգամ էլ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել