Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԳՈՐԾԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Սեպտեմբեր 20,2002 00:00

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԳՈՐԾԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ Որպես ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ իր վերջին ելույթում Սուրեն Աբրահամյանն ակնարկեց սպորտը քաղաքականացնելու անթույլատրելիության մասին: Միայն ամիսներ անց նա համաձայնեց բացել չակերտները:- Ո՞վ էր Ձեր ասելիքի հասցեատերը: – Ընդհանրապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ ղեկավարած շրջանում եղել են բազմաթիվ կոնֆլիկտներ: Եվ խոսքը զուտ ֆուտբոլային կոնֆլիկտների մասին չէ՝ դրանք եղել են, կան, կլինեն եւ երբեք բարդ չեն եղել լուծման առումով: Թիմերի հետ կապված կոնֆլիկտներում հատկապես շեշտադրված էր Բաղդասարով-Աբրահամյան հակամարտությունը: Եվ այդ կոնֆլիկտներում միշտ գլխավոր դերակատարները թիմերի ներկայացուցիչները չէին՝ ուղղորդված էին նրանց գործողությունները: Ինքս ինձ համար արդեն որոշել էի, որ չեմ առաջադրելու թեկնածությունս, սակայն, այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի էր մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանի ակտիվությունը զուտ ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Իբրեւ թե օրինականության խնդիրներ էր առաջադրում եւ, համենայն դեպս, ինձ համար անհասկանալի հարցադրումներ: Չնայած՝ կարելի է ասել նաեւ, որ հասկանալի էր այդ ակտիվությունը եւ միանգամայն ըմբռնելի, քանի որ նա սեփական նախաձեռնությամբ չէ, որ սեւեռվել էր ֆեդերացիայի վրա, այլ կատարում էր որոշակի պատվեր: Կոնֆլիկտների սկզբնաղբյուրը միշտ Սերժ Սարգսյանն էր: – Սերժ Սարգսյանը որոշակի շահե՞ր ուներ ֆուտբոլի ֆեդերացիայում, թե՞ խնդիրն անձնապես Դուք էիք: – Չգիտեմ՝ շահեր ունե՞ր, թե՞ ոչ: Բայց այդ միջամտությունն, իմ գնահատմամբ, բխում էր զուտ իմ եւ Սերժ Սարգսյանի անձնական հարաբերություններից: – Առայժմ խոսենք միայն սպորտը քաղաքականացնելու ճիգերի մասին: Ձեւավորվել է «Հաղթանակ» կազմակերպությունը, որի ղեկավար Իշխան Զաքարյանը հայտնեց, թե աշնանը կայանալիք համագումարում որոշվելու է այն կուսակցության վերափոխելու հարցը, բայց արդեն իսկ ազդարարեց, թե նախագահական ընտրություններում պաշտպանելու են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մարզական կառույցի ջանքերին՝ գործոն դառնալ քաղաքականության մեջ: – Սպորտային կուսակցություն ստեղծելը, սպորտսմեններին քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ներքաշելն առնվազն անբարոյականություն եւ սրիկայություն է: Իմ գնահատմամբ՝ սպորտն ավելի բարձր է, քան քաղաքականությունը: Եվ բացի դրանից՝ գոյություն ունեն նաեւ Օլիմպիական խարտիայի գրված ու չգրված օրենքներ, ըստ որոնց՝ չի կարելի քաղաքականացնել սպորտը: – Նման փորձեր չե՞ն եղել նախկինում: – 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ դարձյալ առաջարկվել է այս գաղափարը: Սակայն մի քիչ ավելի լուրջ քաղաքական գործիչներ կային, ուստի շատ կտրուկ եւ խիստ էր գնահատականը: Սաստեցին, ու դրանով վերջացավ ամեն ինչ: – Այդ ժամանակ ո՞վ էր հանդես եկել մարզական կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ: – Եթե չեմ սխալվում՝ նույն Իշխան Զաքարյանը: – 1996-ին էլ խոստանում էր պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն: – Բնականաբար: Հո ընդդիմությա՞նը չէին պաշտպանելու: Անկեղծ ասած, ես թերահավատորեն եմ վերաբերվում այդ նոր կառույցի ստեղծմանը՝ նախագահ Քոչարյանին պաշտպանելու առումով: Նրա թեկնածությունը պաշտպանելու համար Իշխան Զաքարյանն այժմ էլ ունի շատ ուժեղ լծակներ. ե՛ւ փոխնախարար է, ե՛ւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը: Սպորտին առնչվող ամեն տեսակ հասարակական կազմակերպությունները՝ «Սեւան» կամավոր միությունը, «Աշխատանքը», բոլոր ֆեդերացիաները (բացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից) ուղղակիորեն գտնվում են Իշխան Զաքարյանի ենթակայության ներքո: Ստեղծելով «Հաղթանակը», նա ավելի շուտ լուծում է քաղաքականության միջոցով իր կարիերան ավելի երկար շարունակելու խնդիրը: Այս եզրահանգումը հիմնավորելու համար անհրաժեշտ է փոքրիկ անդրադարձ կատարել Իշխան Զաքարյանի՝ իբրեւ մշակույթի եւ սպորտի փոխնախարար, գործունեությանը: Որոշակի գնահատականներ չտամ, թե նա ինչ է ստեղծել կամ ինչ է արել հայկական սպորտի համար: Մատնանշեմ ընդամենը երկու հանգամանք: Սպորտային ինտելեկտուալ շրջանակները բավական զարմացան, երբ ժամանակին Իշխան Զաքարյանը ՀԱՕԿ-ի նախագահ առաջադրեց Բենուր Փաշայանին: Հրաշալի մարդ եւ փայլուն սպորտսմեն լինելով հանդերձ՝ իր ինտելեկտուալ հնարավորություններով նա չէր կարող ղեկավարել այդ կառույցը: Եվ նույնիսկ եղան ընդվզումներ, որոշակի թույլ քննադատություններ: Բայց ոչ մեկը չկարողացավ հասկանալ այն ժամանակ, որ Իշխան Զաքարյանը՝ Բենուր Փաշայանին նշանակելով, ողջ ՀԱՕԿ-ը փաստորեն գցեց իր ենթակայության տակ: Քանի որ Փաշայանն ամեն խնդրի վերաբերյալ գնալու էր խորհրդակցելու Իշխան Զաքարյանի հետ, ուղղակի կատարելու էր նրա հրահանգները: Եվ հարմար պահին, երբ մեր օլիմպիական հավաքականը պետք է մեկներ Սիդնեյ, բոլոր ձախողումները բարդվեցին Բենուր Փաշայանի վրա, իսկ Իշխան Զաքարյանը վերջին պահին դասակա՜ն, գեղեցի՜կ ձեւով քաշվեց մի կողմ: Ի սեր Աստծո՝ շատ խիստ չլինենք եւ երբեք չասենք, թե մեր հավաքականը կարող էր ունենալ փայլուն հաջողություններ. նման բյուջեի պայմաններում չէին էլ կարող լինել շատ մեծ ակնկալիքներ, բայց կազմակերպվածության եւ երկիրը նորմալ ներկայացնելու առումով՝ կարելի էր անել գոնե մի փոքր ավելին: Բենուր Փաշայանին դարձրեց քավության նոխազ, ու թեեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի համար ի սկզբանե անընդունելի էր, որ սպորտի փոխնախարարն ու ՀԱՕԿ-ի նախագահը նույն մարդը լինեն՝ իշխանական շրջանակներին համոզեց ու դարձավ այդ երկու կառույցների ղեկավար: Գոնե ինձ համար այժմ պարզ է, որ առաջադրելով Բենուր Փաշայանին՝ հենց այս խնդիրն էր փորձում լուծել Իշխան Զաքարյանը: Սպորտի հանդեպ նրա վերաբերմունքի մասին վկայող երկրորդ հանգամանքը, ցավոք, բավական անելանելի վիճակ ստեղծեց հատկապես զանգվածային սպորտի առումով: Իշխան Զաքարյանի թեթեւ ձեռքով եւ կառավարության մի սխալ որոշումով՝ բոլոր մարզական դպրոցները հանձնեցին մշակույթի եւ սպորտի նախարարությանը, իբր թե՝ առկա սուղ միջոցները կենտրոնացնելու համար: Փոքրիշատե իրազեկ յուրաքանչյուր մասնագետի միանշանակ գնահատականով՝ կրթության եւ գիտության նախարարությունից այդ կառույցները վերցնելը վանեց նրանց զանգվածային սպորտից: Արդեն այսօր իսկ նկատելի է այդ վիհը՝ բացարձակ ո՛չ մի ուսումնական հաստատություն որոշակի պատասխանատվություն չի կրում սպորտի համար: Այնպես որ, միֆ են նրա ամպագոռգոռ հայտարարությունները, թե իբր այս կառույցը ստեղծվում է սպորտին աջակցելու համար: Երեւի նա միայն ցանկանում է իր համար տեղ պահել ապագա խորհրդարանում: – «Հաղթանակի» համար կարծես փոխզիջումային ելք է առաջարկում իշխող կուսակցությունը՝ այդ կառույցին մաս կազմող մեծահարուստները, որ գլխավորում են այս կամ այն մարզական ֆեդերացիան, կարող են ընտրվել մեծամասնական ընտրակարգով, հետո՝ ԱԺ-ում միավորվել մի խմբում: Ըստ այդմ, անխուսափելի՞ է, որ այս մարզական կազմակերպությունը ներկայացված լինի ապագա խորհրդարանում: – ՀՀԿ-ն, որպես իշխանության պատասխանատու, ավելի խիստ եւ կտրուկ պիտի լիներ իր գնահատականներում: Բայց նաեւ այլ կուսակցությունները պետք է դեմ արտահայտվեին մարզական կառույցը քաղաքականություն մտցնելու փորձերին: Ինձ համար նաեւ անհասկանալի է վարչապետի անվճռականությունն այս հարցում: Իսկ այն մեծահարուստները, ովքեր ընդգրկված են «Հաղթանակում», բավական արագ կհամոզվեն, որ Իշխան Զաքարյանի այս նախաձեռնությամբ իրենք շատ շուտ կվարկաբեկվեն հասարակության աչքում: – Իշխան Զաքարյանի դեմ այս փաստարկները պայմանավորված են միայն նրանով, որ նա ֆեդերացիայում հանդես է եկել Ձեր դե՞մ: – Ի սեր Աստծո, եթե ես մտածեի, թե դա իր նախաձեռնությունն է՝ գուցե զայրանայի, բայց, կրկնում եմ, ես գիտեի, որ նա պատվեր է կատարում: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել