Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿԸ»

Սեպտեմբեր 20,2002 00:00

«ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿԸ» Երեկ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների սպառողների շահերի լիազոր ներկայացուցիչների ասուլիսի ընթացքում «Տանիք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը մասնավորապես տեղեկացրեց, թե միայն վերջին օրերի ընթացքում իրենք հանդես են եկել նոր նախաձեռնություններով: Նախ, Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատավոր Ռ.Ներսիսյանի կայացրած որոշման առնչությամբ, որ, ի դեպ, ուշացումով միայն օրերս են ստացել, արդեն բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ինչպես պրն Բլեյանն ասաց, այդ բողոքում «հիմնավորապես փաստարկել ենք, թե ինչու է դատավորի այդ որոշումը ոչ միայն անհիմն եւ անօրինական»: Ավելին, «Եռյակը» այն «ակնհայտ անարդար» է որակել, որի համար ՔՕ 191 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսել: Երկրորդ. դեռ օգոստոսի 2-ին շուրջ երեք տասնյակ իրավաբանական անձինք դիմել էին դարձյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանին՝ պահանջելով ստիպել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ երկու հեռուստաընկերություններին էլ լիցենզիա տալ, որովհետեւ գործող օրենքով նրանք այսօր էլ հեռարձակվելու իրավունք ունեն: Միայն մեկ ամսից գործը վարույթ վերցնելուց հետո դարձյալ Ռ.Ներսիսյանը վարույթը կասեցրել էր՝ ոտնահարելով այս անգամ «Իրավական ակտերի մասին» օրենքը եւ, ըստ պրն Բլեյանի՝ կայացրել «ակնհայտ անարդար որոշում»: Ահավասիկ այդ գործով եւս «Քաղաքացիական օրենսգրքի» համաձայն՝ սպառողների շահերի ներկայացուցիչները դիմել են վերաքննիչ, թեեւ այստեղ արդեն մերժել են հայցն ընդունել վարույթ՝ որոշման մեջ չմատնանշելով իրավական որեւէ դրույթ, օրենքի որեւէ հոդված: Ա.Բլեյանի հավաստմամբ՝ այդ մասով եւս իրենք մտադիր են դիմել վճռաբեկ դատարան: Եվ վերջապես. «Եռյակը» դիմել է ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ հանցագործության մասին 16 էջանոց հաղորդումով, որոնք վերաբերում են Ազգային հանձնաժողովի գործունեության ընթացքում արձանագրված օրինախախտումներին՝ պահանջելով հանձնաժողովի նախագահին եւ անդամներին պատասխանատվության ենթարկել ՔՕ 182/1,2-րդ մասերով, 183, 184, 213 հոդվածների հատկանիշներով, վերջիններիս դիտարկելով՝ իբրեւ պաշտոնեական լիազորությունները գերազանցած պետպաշտոնյաների, որոնց գործողություններով ոտնահարվել են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Ա.Բլեյանը, Վ.Խաչատրյանն ու Ա.Զեյնալյանը, որ ի սկզբանե հետամուտ էին նաեւ մայիսի 14-ի հանրահավաքին մասնակցած տասնյակ քաղաքացիների վարչական տույժի կամ կալանքի ենթարկելու հակասահմանադրական որոշում կայացրած դատավորներին պատասխանատվության կանչելու հարցում, երեկ դարձյալ խոստացան հետամուտ լինել նաեւ դրան: Նրանք ժամանակին դիմել էին ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ հիշյալ դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ինչպես պրն Բլեյանն ասաց՝ Գլխավոր դատախազությունը մերժել է քրգործ հարուցելու նրանց պահանջը: Ոորոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, բայց դատավոր Ս.Ղազարյանը արդեն քանիցս հրաժարվում է գործն ընդունել վարույթ, «Եռյակն» էլ շարունակում է պահանջել գործն ընդունել վարույթ, քննություն կատարել եւ օրենքով սահմանված կարգով մերժել կամ բավարարել ներկայացված բողոքը: Ահա այդ իրավական վեճը, Ա.Բլեյանի հավաստմամբ, դեռ շարունակվում է: «Առավոտի» այն հարցին, թե դատական այս շարունակական պրոցեսում ո՞ւմ ջղերն առաջինը տեղի կտան՝ իշխանությունների՞, թե՞ «Եռյակի», Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Թող չթվա, թե մենք այնքան միամիտ ենք, որ չենք հասկանում, թե մեր երկրում ինչ է կատարվում, ով ում լակեյն է, ով ում համար է աշխատում, ում պատվերն է կատարում: Լավ գիտենք, բայցեւ ուզում ենք նախադեպ ստեղծել եւ ցույց տալ, որ Հայաստանում, բարեբախտաբար, օրենսդրական դաշտն այնպիսի հիմքերի վրա է դրված, որ հասարակության, քաղաքացու շահերի ցանկացած ոտնահարում անխուսափելիորեն հանցագործության է հանգեցնում: Մենք դա հետեւողականորեն ցույց ենք տալիս: Ես վստահ եմ, որ մեր ոչ մի հայցը չի բավարարվելու, բայց մեր բողոքները, որոնք արձանագրվում են, «լափած մազութի» կամ «Էներգատեռորի» հեքիաթներ չեն այլեւս: Կգա օրը եւ ապօրինի դատական որոշումներ կայացրած մարդիկ դրա համար պատասխան կտան: Վստահ եմ»: Ա.Բլեյանն էլ իր հերթին հայտարարեց. «Եթե դատավորներին թվում է, թե մեր հայցերը մերժելով՝ իրենք իրավական վեճերը սպառում են, սխալվում են: Սա լինելու է անընդհատ պրոցես: Ի վերջո, մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, անօտարելի իրավունքը կամ գործում է, կամ չի գործում: Միջինը չկա: Եթերը նրա համար է, որ քաղաքացիներին տեղեկատվությամբ ապահովի եւ ոչ թե ամալյանների համար դառնա դուքան, որ երբ ուզեն՝ վաճառեն, ում ուզենան՝ տան, ինչ մտքներով անցնի՝ անեն»: Դատելով «Եռյակի» վճռական կեցվածքից՝ պետք է ենթադրել, որ հասարակական հնչեղություն ստացած այս գործն ու դատական անվերջանալի պրոցեսները Ռոբերտ Քոչարյանի ընտրությունները հաստատ հարամելու են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել