Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համ էլ օժիտի հարցը կլուծվի

Սեպտեմբեր 19,2002 00:00

Համ էլ օժիտի հարցը կլուծվի Հայ օգնության ֆոնդը ցանկություն ունի գիտամշակութային ասպարեզում առաջատար դիրք գրավել: Այդ նպատակով արդեն 6 տարի այստեղ գործում է բնույթով կրթական եւ ուղղվածությամբ սոցիալական «Մաթեւոսյան կրթավճար» ծրագիրը, որ ստանձնել է ամեն տարի 10 ուսանողի ուսման վարձը մուծել: Բայց նրանք պետք է լինեն սոցիալապես անապահով եւ բարձր միավորներով՝ պետպատվերով տեղերի մրցույթից դուրս մնացած ուսանողներ: Ծրագրի հեղինակները կարծում են, որ այսպիսով կկանխվի 10 ընտանիքի արտագաղթը, ինչպես նաեւ կլուծվի ծրագրում ընդգրկված աղջիկների ամուսնության հարցը (օժիտի հետ նրանք ավելորդ հոգս չեն տանի ուրիշի ընտանիք): Այս տարի ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 74 դիմորդ: Նրանցից յուրաքանչյուրի տուն այցելություն է կատարվել, նույնիսկ սահմանամերձ շրջաններ՝ ստուգելու կարիքավորության աստիճանը, եւ ընտրվել են 2-ը Երեւանից, 1-ը՝ Արագածոտնի մարզից, 1-ը՝ Գյումրիից, 1-ը՝ Սպիտակից, 1-ը՝ Մարալիկից, 1-ը՝ Հրազդանից, 1-ը՝ Եղեգնաձորից, 1-ը՝ Դալարիկից, 1-ը՝ Արմավիրից: Ուսանողներից 6-ը ԵՊՀ-ից է, 4-ը՝ տնտեսագիտական համալսարանից: Ի դեպ, ծրագրում ընդգրկված երեխաներից մեկը երկկողմանի ծնողազուրկ է, մեկը՝ միակողմանի, 3-ը՝ ամուսնալուծված ընտանիքից, 2-ը՝ առաջին կարգի հաշմանդամ ծնողների երեխաներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրից դուրս մնացած 64 ուսանողներից միայն 11-ը դեռեւս չեն մուծել կրթավճարը, մնացած դիմորդներն, այնուամենայնիվ, կարողացել են: Ի դեպ, ծրագրին մասնակցող ուսանողը համապատասխան պայմանագիր է կնքում, որի կետերից մեկը պարտադրում է ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ապահովել. բավարար գնահատականների դեպքում տվյալ անձը դուրս է մնում ծրագրից: Ըստ մեկ այլ կետի, ուսանողն ավարտելուց հետո 5 տարի պարտավորվում է աշխատել Հայաստանում կամ Արցախում, չլքել հայրենիքը: Նկատենք, որ 74 դիմորդների ընտանիքներ կատարած այցելությունների ժամանակ ծրագրի կազմակերպիչները հանդիպել են տարբեր աստիճանի կարիքավոր ընտանիքների: Օրինակ, նրանցից 5-6-ը քաղաքում առանձնատուն են ունեցել, բայց դա իբր իրենցը չի եղել, իսկ բակում կանգնած ջիփերը տատիկինն են կամ, ասենք, քեռունը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել