ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՒ «ԳԱՂՏՆԻՔԸ» «Ինձ ԱՄՆ-ում շատերն են ասել, որ Երեւանից պոռնոգրաֆիա ու խայտառակ կլիպներ են ուղարկվում, խնդրել են ինչ-որ կերպ կանխել երեւույթը»,- ասում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր ռեժիսոր Լաերտ Մովսիսյանը։ Նա բնավ այն կարծիքին չէ, թե պետք է վերադառնալ հնին, սակայն գտնում է, որ գեղխորհրդի նման մի բան այնուամենայնիվ պետք է, որպեսզի վերջ տրվի անճաշակություններին։ Թե չէ ցանկացողը կարող է երգել, պատճառաբանելով, որ ինքնարտահայտվելու իրավունք ունի, քանի որ ապրում է դեմոկրատական երկրում։ Լ. Մովսիսյանը դժգոհ է, որ այս հարցը քանի անգամ բարձրացրել է, սակայն այն հնչել է իբրեւ ձայն բարբառո անապատի։ Լ. Մովսիսյանը երազեց, որ եթե «օրենքն ու իրավունքն» իր ձեռքում լինեին, հաստատ այսօր բեմ բարձրացողների 80%-ին թույլ չէր տա հանդիսատեսի աչքին երեւալ։ Ավելին, կարգելեր նրանց խայտառակ ալբոմները տարածել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Ֆիլհարմոնիայի գլխավոր ռեժիսորը գտնում է, որ ֆիլհարմոնիան այսօր զրկվել է ստեղծագործելու հնարավորությունից եւ վերածվել, իր խոսքով՝ միջնորդ տեր-բաբայի, այն դեպքում, երբ տարիներ առաջ 3500 աշխատող ուներ ու տարեկան 5-6 հազար համերգ էր կազմակերպում։ Այժմ ընդամենը 250-300 համերգ է լինում, այն էլ՝ կցել-կցմցելով, բացի այդ, այն այլեւս չունի ոչ խմբեր, ոչ դահլիճներ։ Ի դեպ, երեկ լրացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի 70-ամյակը, որը, սակայն, անցավ առանց հանդիսությունների, քանի որ բոլոր դահլիճները վերանորոգվում են։ Մնացել է միայն երաժշտական կոմեդիայի թատրոնը, այն էլ չի դիմանում ծանրաբեռնվածությանը։ Ինչեւէ, ֆիլհարմոնիան որոշել է իր հոբելյանական արարողությունը տեղափոխել հաջորդ տարի, երբ ավարտված կլինեն դահլիճների նորոգումները։ «Ֆիլհարմոնիան մնացել է միակ երաժշտական կառույցը, որը փորձում է ուղղորդել այսօրվա երաժշտական քաղաքականությունը»,- ասաց գլխավոր ռեժիսորը եւ մեծամտանալով հայտարարեց, որ բացի ֆիլհարմոնիայից, ուրիշ ոչ մի կառույց այդպես էլ չէր նշի, օրինակ, Վարդգես Պետրոսյանի կամ Վահագն Դավթյանի հոբելյանները։ Լ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ նշվել է «Հայաստան» հիմնադրամի 10-ամյակը, իսկ տոնակատարությունների ռեժիսորն ինքն է եղել։ Բարեգործական համերգին մասնակցել են ոչ միայն հայ երգի նահապետները, այլեւ հայաստանցի նորաթուխ երգիչ-երգչուհիները։ Իսկ համերգին մասնակից Կ. Օրբելյանը այդքանից հետո մամուլում դժգոհություն է հայտնել, թե ինչու երաժշտական աշխարհում կշիռ ունեցող մասնակիցների անուններն առանձին-առանձին չեն հնչեցվել։ Բայց Ամերիկայում Մովսիսյանին շա՜տ են հավանել։ Թերթերը նույնիսկ «Բրավո, Մովսիսյան» են գրել, թեեւ ինքը ծափերի չի սպասում. «Վաղուց անցել են խորհրդային հրճվանքների ժամանակները»։ Հետաքրքիրն այն է, որ Լաերտ Մովսիսյանը աշխատել է բոլոր իշխանությունների օրոք, թեեւ «համեստորեն» դա իր դժբախտությունն է համարում։ Իսկ բոլորի հետ «լեզու գտնելու» գաղտնիքը, ըստ նրա, հետեւյալն է. «Երբեք չեմ ասել՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը Քոչարյանից լավն է կամ հակառակը։ Արվեստի մարդ եմ, քաղաքականությանը չեմ խառնվում»։ Հայտնի է, որ բազմաթիվ մեծամասշտաբ միջոցառումները անցնում են Լ. Մովսիսյանի «թրի տակով»։ Եվ այդ միջոցառումներին մասնակցած որոշ արվեստագետներ խոստովանում են, որ իրենց կամ չեն վճարում, կամ էլ վճարում են ավելի պակաս, քան խոստացել էին։ Հարցը, բնականաբար, դուր չեկավ պրն Մովսիսյանին ու նա փորձեց արդարանալ. «Բոլորը ցանկանում են ավելի շատ ստանալ, իսկ հնարավորությունները սահմանափակ են։ Մասնակիցները չեն ուզում հասկանալ, որ ամեն միջոցառման համար ես էստեղից-էնտեղից փող եմ մուրում։ Ու չկա մեկը, որ առատաձեռնորեն հովանավորի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ