Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահվան դատապարտվածը ունի՞ հոգեւորականի կարիք

Սեպտեմբեր 19,2002 00:00

Մահվան դատապարտվածը ունի՞ հոգեւորականի կարիք «Բանտախուց այցելությունը մտնում է հոգեւորականի պարտականությունների մեջ»,- համոզված է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Ինչքան էլ հաճախ հավաքներ ու սեմինարներ լինեն կրոնի եւ եկեղեցու դերի ու նշանակության մասին «Հայ ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանության» հարցում, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, քանի դեռ մեր հասարակության մեջ հոգեւորականի դերը հստակ նախանշված չէ։ Այն, ինչ արվում է այսօր, չի կարող բավարարել իրական պահանջները եւ այդ է պատճառը, որ շատերը տարբեր եկեղեցիներ ու աղանդատներ հաճախելու ընթացքում, պարզելով հոգեւորի իրենց պահանջմունքները, հաճախ են վերադառնում դեպի արմատները։ Եկեղեցու սպասավորները մեկուսացած են ժողովրդից։ Հայ առաքելական եկեղեցին պիտի վերանայի իր հոգեւորականի ավանդական կերպարը։ Այն այսօր էլ մնում է այնպիսին, ինչպիսին մոտ 1000 տարի առաջ էր։ Չի կարելի ասել, թե եկեղեցու հայրերը չեն հասկանում այդ անհրաժեշտությունը, սակայն, թեկուզ «վերածննդի» այս 10 տարիներին էլ փոփոխությունը զգալի չէ։ Կարծես թե կարգավորման ինչ-ինչ գործընթացներ են ընթանում Մայր աթոռում կառավարության մասնակցությամբ, սակայն այդ բանակցությունները պահ առ պահ սառեցվում են։ Թեպետ ընդունվող ցանկացած որոշում ընդամենը պիտի ուղղություն տա հոգեւորականի գործունեությանը, այլ ոչ կասեցնի։ Եվրախորհրդից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մեր համապատասխան ոլորտի պատասխանատուները ջանք չէին խնայում ապացուցելու, որ իրենք անում են հնարավոր ամեն բան բանտարկյալների վիճակը բարելավելու համար։ Սակայն իր 1700-ամյա քրիստոնեությամբ հպարտացող ազգը հարց է հարուցում. հոգեւորականի այցը բանտախուց նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ։ «Մահվան դատապարտված բանտարկյալը ամենից առաջ հոգեւորականի կարիք ունի»,- համոզված է սրբազանը։ «Առաջին անգամ, երբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին (դա այն ժամանակաշրջանն էր, երբ ներքին գործերի համակարգից անցում էր կատարվում արդարադատության համակարգ), նա հավաստիացրեց, որ գրավոր թույլտվություն կլինի, եթե նամակով դիմենք իրեն։ Սակայն, ի պատասխան դիմումի արձանագրվեց, թե, ցավոք, այդ տեսակցությունը թույլատրվում է մերձավորներին՝ բացառիկ դեպքերում։ Դրանից հետո տեղի ունեցավ փոփոխությունը, եւ մենք որոշեցինք դիմել արդարադատության նախարարին։ Այս նամակին պատասխանեց քրեակատարողական վարչության պետի տեղակալը, որը նույնպես սկզբունքորեն դեմ չլինելով՝ մերժում էր, մատնանշելով այն բանակցային փուլը, որի մեջ գտնվում են ՀԱ եկեղեցին եւ կառավարությունը։ Բանակցությունների արդյունքում, համենայնդեպս քրեակատարողական հիմնարկների շրջանակներում, ենթադրվում է ազատազրկման վայրերին տրամադրել հոգեւոր ծառայողներ։ Սակայն ինչպիսի բանակցություններ էլ ընթանան, համոզված եմ, որ խղճի ազատության օրենքի համաձայն, առանց դժվարության հանդիպելու, բանտարկյալին իրավունք ունի այցելելու 4 հոգեւորական՝ բանտի հոգեւոր հովիվը, իր քաղաքի կամ ապրելավայրի հոգեւոր հովիվը, իր թեմի առաջնորդը եւ Ամենայն հայոց հայրապետը։ Այլ հոգեւորականի այցը կարող է հարց հարուցել։ Խնդիրն ամբողջական լուծում է պահանջում։ Կարելի է այցելել այս կամ այն անձի միջնորդությամբ, սակայն հարկ է օրենք ընդունել, որում եւ հստակ մատնանշել, որ կա այս ծառայության անհրաժեշտությունը։ Մենք բազմիցս այցելել ենք մեր տարածաշրջանում գտնվող Արթիկի գաղութ, բայց, քանի որ շիրակցի բանտարկյալներ կան նաեւ այլ ազատազրկման վայրերում եւ ունենք այժմ արդեն 2 մահվան դատապարտված, մեր պարտականությունն է, որ ցանկանում ենք կատարել եւ որի համար մեզ 2 անգամ մերժեցին։ 1992-ից սկսած մահապատիժ չի կիրառվել եւ այսօր էլ դրված է դրա լինել-չլինելու հարցը։ Ցմահ բանտարկության դատապարտված մարդն իրավունք ունի լսելու հոգեւորականին, որն իրեն պիտի նախապատրաստի մահվան։ Աստված ատում է մեղքը, սակայն սիրում է մեղավորին։ Հիսուսը խաչվեց ընկածների եւ մոլորյալների համար։ Աստծո համար անհնարին ոչինչ չկա եւ նույնիսկ գազանաբարո մարդը կարող է վերափոխվել։ Մեր հասարակության բարոյական իրավունքն է տալ նրան այդ հնարավորությունը»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել