Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉԻ ԵՎ ՈՐԲԵՐԻ՞

Սեպտեմբեր 19,2002 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԱՔՆՆԻՉԻ ԵՎ ՈՐԲԵՐԻ՞ Դպրոցում պետական խորհրդանիշների անկյուն ունենալու մասին կրթության նախարարի վերջին հրամանն, անշուշտ, պատճառաբանված է: Հանրապետության նախագահի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի լուսանկարները նոր իմաստ կհաղորդեն հայկական դպրոցներին, որտեղ շուտով ոչ քաղաքացիական պարտքի գիտակցումով դպրոցականներ կմնան, ոչ էլ առաքելական եկեղեցու հետեւորդ երեխաներ: Նախարարն, անկասկած, չի կատակել նման հրաման արձակելիս: Բայց այդպիսի հրամաններ պետք է արձակել այն երկրներում, որտեղ բոլոր երեխաները որբ են, իսկ եկեղեցին էլ գրեթե քաղաքական իշխանություն է, ինկվիզիցիայի նման մի բան: Ինչու՞: Վերցնենք 5-րդ դասարանի երեխային, որն ընտանիքի մինուճարն է: Ծնվել է անկախ Հայաստանի առաջին տարում: Ունի գործազուրկ հայր, որը անկախությունից առաջ վատ չի ապրել եւ ունեցել է գրեթե անհոգ մանկություն: Ունի նաեւ մայր, որը ավելի հարուստ փեսացուների է մերժել հանուն այս մեկի հետ ընտանիք կազմելու հեռանկարի, որն իրականություն դառնալով՝ խենթացնելու չափ երջանկացրել է ապագա մորը: Պարզ է, որ այս մասին երեխան ոչինչ չգիտի, քանզի նա ծնվել է արդեն անկախ Հայաստանում: Երեխան տանը լսում է, թե ինչպես է հայրը վիրավորում հանրապետության նախագահին՝ աշխատատեղ կամ մի կտոր հացի գումար չունենալու պատճառով, աչքի առաջ տեսնում է, թե իր հայրն ինչպես է նախագահին վիրավորելով իր մոր առաջ արդարանում ապրելու միջոցներ չունենալու համար: Սա դեռ իր սերմերը կտա երեխայի հոգում, քանզի նա առայժմ չի հասկանում, թե ինչպես մի երրորդ մարդ կարող է մեղավոր լինել տանը հաց չունենալու պատճառով: Իսկ հորը հաստատապես չի հետաքրքրում, որ մինչեւ նախագահը, բազում այլ մեղավորներ կան ՀՀ-ի նման սոցիալական պետությունում մի կտոր հաց չունենալու համար: Հայրը հայհոյում է, որովհետեւ ինքը նախագահ է ընտրել եւ ոչ թե վարչապետ կամ սոցապնախարար: Ժամանակ առ ժամանակ երեխան հորը տեսնում է չգիտես ինչ միջոցներով հարբած տուն մտնելիս եւ երկրի կառավարման ողջ համակարգը հայհոյելիս: Նաեւ մորը ծեծելիս միայն այն պատճառով, որ նրան չի կարող երջանկացնել: Իսկ ինչպե՞ս է երեխան ստանում իր բաժին ապտակը մի երկրում, որտեղ կան պետական խորհրդանիշներ եւ բազում գովազդներ երջանիկ մանկության մասին: Մի օր ի վերջո նա սիրտ է անում հորն ասել. «Հայրիկ, նախագահը խորհրդանիշ է, նրան չի կարելի հայհոյել»: Ահա հենց այս նախադասության վրա սեփական անզորության տակ կքած հայրը ապտակում է երեխային, քանզի հայրն անզոր է նաեւ իր բալիկի պատճառով, որի ծննդյան օրը նշել է մեծ կերուխումով եւ ծննդատանն արված մաղարիչներով: Ընտանեկան եւ հոգեկան այս ճգնաժամից հայրն այլեւս ոչ մի ելք չունի, ամեն ապտակից հետո մեծանում է անզորության եւ մեղքի բաժինը: Հենց այստեղ է, որ ընտանիքին գտնում է ոչ առաքելական ուղղվածության որեւէ կրոնական կազմակերպություն եւ առաջարկում Եհովայի կամ տվյալ աղանդի պատկերով եւ նմանությամբ ստեղծված Հիսուսի օգնությունը: Մխիթարություն է գտնում ընտանիքը այդ աղանդի մեջ, թեպետ դպրոցի պետական խորհրդանիշների անկյունում երեխան արդեն տեսել է եւ կաթողիկոսի, եւ ՀՀ նախագահի ժպտացող դիմանկարները: Քանի որ 5-րդ դասարանցին դեռեւս ոչինչ չի հասկանում կրոնից, պարզ է դառնում, որ նույնիսկ կաթողիկոսը կարող է մարմնավորել այն աղանդը, որին անդամագրվելով համեմատաբար խաղաղ է դարձել մեկ երեխայի ծնունդով երջանկացած հայկական մի սովորական ընտանիք: Կաթողիկոսի պարագան ավելի մտահոգիչ է: Հավատաքննչական ոչ մի գործառույթ չունեցող այս մարդը ունի օր օրի վատթարացող ընտանիքի հայր հանդիսացող հավատացյալ: Կաթողիկոսը պետք է ապավինի այս հավատացյալի խղճին՝ հուսալով, որ վերջինս ոչ մի աղանդի չի անդամագրվի: Ուրեմն հավատացյալը սոված մեռնում է եւ ընտրություն ունի իրեն մի կտոր հացով հավաքագրող որեւէ աղանդի ձեռք մեկնելու կամ չմեկնելու: Հավատացյալը պետք է հիշի՝ ոչ միայն հացիվ: Դա նախեւառաջ պետք է հիշի հանրապետության նախագահին՝ իր մինուճար զավակի կամ վերջինիս մոր ներկայությամբ բազմիցս հայհոյած գործազուրկ հավատացյալը: Հիշենք նաեւ, որ այս ընտանիքի դրությունն այնքան անհուսալի է, որ մի կտոր հացը եւ արտագաղթի հնարավորությունը նույն տեսիլքն են: Իսկ հոր հայհոյանքներից ոչ մի տեղ փախչել չկարողացող երեխան ի՞նչ երազներ պետք է ունենա: Ոչինչ, բացի այն մտքից, որ առանց նախագահի եւ կաթողիկոսի էլ կարելի է յոլա գնալ: Այսպիսով, պետական խորհրդանիշները, այս դեպքում՝ երկրի նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, 5-րդ դասարանցի մի երեխայի համար դառնում են ընտանիք կայացնելու կամ ոչնչացնելու խորհրդանիշ: Ահա ինչու կրթության նախարարի հրամանը պետք է տարածվի մի երկրում, որտեղ բոլոր դպրոցականները որբ են, իսկ եկեղեցին իրականացնում է հավատաքննչական գործառույթներ: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել