Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբեմն էլ գյուղացուն լսեք

Սեպտեմբեր 19,2002 00:00

Երբեմն էլ գյուղացուն լսեք Մենք՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի այգեգործներս, բաց նամակներով դիմել ենք հանրապետության նախագահին՝ 1998թ., հանրապետության վարչապետին՝ 1999թ., դարձյալ հանրապետության նախագահին՝ 2001թ.։ Նամակներում բարձրացվել են անկախության տարիներին առաջացած, կառավարողների կողմից հանցավոր անտարբերության մատնված, գյուղացուն ֆիզիկապես, նյութապես ու բարոյապես բզկտող մի քանի հիմնահարցեր։ Նամակներում բարձրացրած, մինչեւ օրս մեզ՝ գյուղացիներիս հուզող հարցերի լուծման մեր բոլոր սպասումները ապարդյուն անցան։ Ստիպված ենք այդ հարցերից առավել կարեւոր մի քանիսը նորից բարձրացնել այս հոդվածում։ 1. Արարատյան հարթավայրը դեռ հնագույն ժամանակներից եղել է խաղողագործության եւ գինեգործության զարգացած կենտրոն։ ԽՍՀՄ-ի տարիներին, հաշվի առնելով այդ հրաշք տարածքի հազվադեպ նպաստավոր բնակլիմայական պայմանները, հանրապետությունում խաղողի այգիների տարածքները հասցրին ավելի քան 37 հազար հեկտարի։ Առանձին տարիների այդ տարածքներից հանրապետության գինու գործարանները մթերել են 300-320 հազար տոննա բարձրորակ խաղող։ Հանրապետության գինու եւ կոնյակի արտադրանքը մեծ հաջողությամբ սպառվում էր ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։ Պարոնայք պետական այրեր, որտե՞ղ են այդ այգիները։ Չէ՞ որ ժամանակին ահռելի ներդրումներ են կատարվել խաղողագործական այդ տարածքները յուրացնելու եւ խաղողի այգիներ հիմնելու համար։ Այդ այգիներից այսօր մնացել է ոչ լրիվ 9 հազար հեկտար եւ եղածներն էլ գյուղացին ստիպված, սրտի կսկիծով շարունակում է քանդել։ Այգին քանդում է, որովհետեւ վերամշակող գործարանները խաղողը գյուղացուց մթերում են չնչին գներով, հիմնականում կիլոգրամը 50-60 դրամով։ Դրանք չեն արտահայտում խաղողի իրական արժեքը։ Խաղողի վազը շատ աշխատատար բույս է։ Դրա մշակումը պահանջում է մեծ ծախսեր եւ ամենօրյա խնամք։ Ներկայումս գործարաններին հանձնած խաղողի վաճառքից ստացված հասույթը հազիվ է փոխհատուցում խաղողի մշակման համար պահանջվող գյուղացու կատարած նվազագույն ծախսերը։ Ցույց տանք կոնկրետ օրինակով։ Ընտանիքիս գոյությունը պահպանելու համար, զառամյալ տարիքում, հարկադրված մշակում են 2800 քմ խաղողի այգի։ Այն ես եմ հիմնել։ Այգու միջին տարեկան բերքը կազմում է 4,2 տոննա։ Դրա վաճառքից ստացված հասույթը (50 դրամով) կազմում է 210 հազար դրամ։ Այս տարի մինչեւ օրս այգու մշակման համար ծախսերը կազմել են 151 հազար դրամ։ Մինչեւ տարեվերջ կծախսվի եւս 41 հազար դրամ։ Այգու մշակման աշխատանքները կազմակերպելու, այգին հսկելու, բերքահավաքը կատարելու եւ խաղողը գործարան փոխադրելու ու այլ աշխատանքների համար ինձ մնում է 18 հազար դրամ։ Շահույթի փոխարեն մեզ՝ այգեգործներիս մնում է երեք մատի կոմբինացիան։ Աստված մի արասցե՝ նման պայմաններում այգիները կարկտահարվեն։ Գյուղացին սովամահ կլինի։ ԽՍՀՄ-ի տարիներին գինու գործարանները գյուղացուց խաղողը մթերում էին մեկ կիլոգրամը 50 կոպեկով։ Դա համարժեք էր կես դոլարի։ Իսկ կես դոլարը վերածած դրամի, կազմում է մոտավորապես 280 դրամ։ Վրաստանում խաղողը, որը որակով ցածր է մեր խաղողից եւ նվազ աշխատատար է, գինու գործարանները մթերում են, վերածած դրամի՝ կիլոգրամը մոտավորապես 300 դրամով։ Խաղողի շուկայում չկա ազատ մրցակցություն, կառավարությունն էլ չի կատարում անցման շրջանի իր կարգավորիչ ֆունկցիան, գինու գործարանների տնօրենները խոսքները մեկ արած սահմանում են խաղողի մթերման կամային խիստ ցածր գներ։ Արդյունքում պետությունը ակամայից պաշտպանության տակ է վերցնում վերամշակող ձեռնարկությունների կողմից խաղողի մթերման ցածր գների սահմանման կամային գործողությունները։ Գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Այսօր գյուղում քիչ չեն այն գյուղացիները, որոնք ուտելու հաց չունեն, պարտքով մի կերպ յոլա են գնում։ Բացառությամբ պատերազմի տարիների, նման վիճակում մեր գյուղացին չի եղել։ Այսօր գյուղացին ապրում է գրեթե նահապետական չարքաշ կյանքով։ Հաճախ նրան կարելի է տեսնել բանող անասունի փոխարեն, բեռնված սայլակը դեպի դաշտ եւ դաշտից տուն քարշ տալիս։ Ոչ հազվադեպ դա կատարում է նաեւ կինը։ Գինու գործարանների տնօրենները մթերվող խաղողի իրենց սահմանած այդ ցածր գները արդարացնելու համար հաճախ պատճառաբանում են, իբրեւ թե չկան վաճառահանման շուկաներ։ Պարոնայք տնօրեններ, ձեռնարկությունները ձեռք բերելուց առաջ դուք պետք է իմանայիք. ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ դրանից հետո, հանրապետության խաղողից ստացած արտադրանքը հիմնականում պետք է վաճառվի արտաքին շուկայում։ Դրան համապատասխան կազմեիք ձեր ձեռնարկության ապագա գործունեության ծրագիրը, այդ թվում սպասվելիք արտադրանքի վաճառքի հաշվեկշիռը։ Դրական հաշվեկշռի դեպքում միայն դիմեիք ձեռնարկությունը ձեռք բերելու պատասխանատու քայլին։ Եթե դուք դա չեք արել եւ անցած տարիների ընթացքում այդ շատ կարեւոր հարցը չեք կարողացել լուծել, ուրեմն շուկայական տնտեսության գրված ու չգրված օրենքներին վատ եք տիրապետում, հետեւապես լավ կլինի չնչին գներով ձեռք բերած ձեր գործարանները վաճառեք շուկայական բիզնեսին տիրապետող մարդկանց կամ վերադարձնեք պետությանը։ Իսկ մենք այն կարծիքին ենք, որ դուք այդ բնագավառում ունեք զգալի փորձ, ձեր արտադրանքը ունի պահանջարկ, այն վաճառվում է։ Այլապես ձեր գործարաններում շշալցված, խանութներում վաճառքի դրված 700 գր պարունակությամբ գինիները չէին գնահատվի 500-1400 դրամ։ Եթե նույնիսկ դուք ձեր ստացած շահույթի 1/4-ը թողնեիք նրա օրինական տիրոջը՝ խաղող արտադրող գյուղացուն, ապա նրա խաղողի մթերման գինը կլիներ ոչ թե 50-60 դրամ, այլ դրա կրկնակին, նույնիսկ եռակին։ Այս դեպքում այգիները չէին քանդվի։ Դուք կունենայիք կայուն հումքային բազա, որը ցանկացած արտադրության համար կարեւոր գործոն է։ Գյուղացին էլ կաշխատեր կուշտ փորով, ժամանակին կվճարեր իր հարկերը, տուրքերն ու այլ պարտադիր մուծումները։ Շարունակելի ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ Այգեգործ, պատերազմի հաշմանդամ, տնտեսագիտության թեկնածու, գյուղ Այգեզարդ, Արտաշատի շրջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել