Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ

Սեպտեմբեր 19,2002 00:00

ՀՀ-Ն ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌՋԵՎ «Համաշխարհային բանկի վերջին վերլուծությունները տարածաշրջանի ամենաաղքատ երկրներում ցույց են տալիս, որ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանն ու Տաջիկստանը հնարավոր է շուտով կանգնեն արտաքին պարտքի ճգնաժամի առջեւ»։ Այս փաստն արձանագրված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեկ հրապարակած «Սոցիալական մոնիտոր» կոչվող զեկույցում։ Վերոհիշյալ հինգ երկրներում արտաքին պարտքն արագորեն աճել է 1990թ. ընթացքում, քանի որ այդ շրջանում հանրապետություններն էներգիա են ներկրել։ Համաշխարհային բանկի կողմից, ըստ եկամուտի եւ պարտքի առկայության, երկրների դասակարգման մեջ Հայաստանը գտնվում է ցածր եկամուտով ու քիչ պարտք ունեցող երկրների շարքում։ Վերջինս մեր երկրի հետ առնչվող միակ մխիթարական փաստն է։ 1989-98թթ. Հայաստանում պետության կողմից արտադրված ամբողջ ապրանքների ու ծառայությունների 42% նվազմանը հետեւել է 5% աճ։ Տարեկան մեկ տոկոսով ավելանալով, 2001-ին կազմել է 7%։ Սակայն զեկույցի եզրակացության համաձայն, նույն ժամանակահատվածում աշխատանքային տարիքի մարդկանց զբաղվածության հարաբերակցությունն ընկել է, ինչը «փաստում է, որ տնտեսական աճը անհրաժեշտաբար չի բերում զբաղվածության աճին»։ Զեկույցում ծննդաբերության նվազումը հաշվարկված է երեխաների նվազող թվով։ Այսպես, Հայաստանում 2001-ին երեխաների թիվն ընդհանուր բնակչության մեջ կազմել է 1.104.000՝ 1989-ի 1.215.000-ի փոխարեն։ Իսկ ծնունդների թիվը 2000-ին կազմել է 343.000՝ 1989-ի 753.000-ի փոխարեն։ Բնակչության բնական աճի մակարդակը (ծնունդների թվի եւ մահացության թվի տարբերությունը յուրաքանչյուր 1000 բնակչի համար՝ առանց հաշվի առնելու միգրացիայի մակարդակի փոփոխությունները) 2000-ին եղել է 27.000։ Այս վերլուծություններն, իհարկե, պաշտոնական վիճակագրության հիման վրա են արված եւ զեկույցը պատրաստողներն էլ չեն բացառում, որ «իրական թվերը շատ ավելի բարձր են, քան պաշտոնական թվերն են ասում»։ Ուշագրավ է, սակայն, որ զեկույցում Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ այն վերաբերում է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպային եւ ԱՊՀ երկրներին։ Ըստ զեկույցի, վերը նշված տարածաշրջաններում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը երիտասարդ է»։ ԱՊՀ երկրներում, օրինակ, 1997-2000-ի միջեւ ընկած ժամանակահատվածում գրանցված նոր վարակների 80%-ը մինչեւ 29 տարեկանների շրջանում է։ 2001-ին ԱՊՀ տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մոտ 1 մլն մարդ կա, որոնցից 25%-ը կանայք են։ Ռուսաստանում եւ Ուկրաինայում դրանք կազմում են տարածաշրջանում հաշվարկված դեպքերի 90%-ը։ Ներկայումս Էստոնիան ունի ՁԻԱՀ-ի նոր վարակների գրանցման ամենաբարձր ցուցանիշը, որը 20 անգամ ավելի է Եվրամիության միջին ցուցանիշից։ Տարածաշրջանում վարակների մեծամասնությունն, ըստ զեկույցի, թմրադեղ օգտագործողների շրջանում է, ինչպես նաեւ դա փոխանցվում է սեռական ճանապարհով։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ըստ պաշտոնական վիճակագրության, մինչեւ 2002թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է 196 ՄԻԱՎ վարակակիր՝ 155 տղամարդ, 41 կին եւ 3 երեխա։ Վարակակիրների մեծամասնությունը գտնվում է 20-40 տարիքային խմբում։ Թմրանյութերի ներերակային օգտագործելու միջոցով վարակումը 50,5% է, հետերոսեքսուալ ճանապարհով՝ 38,8%, մորից երեխային՝ 1%, արյան միջոցով՝ 1%, հոմոսեքսուալ փոխանցման միջոցով՝ 1% եւ 7,7%՝ անհայտ ուղով։ Վարակակիրներից 30-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ։ Համաճարակի սկզբից՝ 1988-ից գրանցվել է հիվանդների մահվան 25 դեպք, որից 4-ը՝ 2001-ին, 6-ը՝ 2002թ. յոթ ամիսների ընթացքում։ Ի դեպ, թմրանյութերի ներերակային օգտագործմամբ վարակակիրները տղամարդիկ են, կանայք՝ հիմնականում հետերոսեքսուալ հարաբերությամբ։ ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն քանակը՝ 96 դեպք, գրանցվել է Երեւանում, երկրորդ տեղում Արարատի մարզն է։ Սակայն, ըստ զեկույցի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության իրական չափերն ավելի քան 10 անգամ գերազանցում են գրանցման տվյալները։ Այսինքն, հաշվարկային տվյալներով ՀՀ-ում կա մոտ 2200-2400 ՄԻԱՎ վարակակիր։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել