Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՍԿԱՊԵ՞Ս ԿՊԱՇՏՊԱՆԵՆ

Սեպտեմբեր 19,2002 00:00

ԻՍԿԱՊԵ՞Ս ԿՊԱՇՏՊԱՆԵՆ Ռուսաստանի մի շարք շրջաններում վերջին ժամանակներս տեղի ունեցած ջարդերն ուղղված չեն հենց հայերի դեմ, այլ, ամբողջությամբ վերցրած, ազգային փոքրամասնությունների: Այդ մասին սեպտեմբերի 17-ին «Արմինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով՝ «դա, հիմնականում, տեղական քաղաքականություն է, ինչին հարկ է առավել մեծ ուշադրություն հատկացնել, քան դա արվում է ներկայումս»: Ռուբեն Շուգարյանը հայտարարեց նաեւ Ռուսաստանի իշխանությունների առջեւ այդ հարցերն ամենաբարձր մակարդակով մշտապես բարձրացնելու անհրաժեշտության մասին: Փոխնախարարի խոսքերով, յուրաքանչյուր նման դեպք պետք է քաղաքական եւ իրավական արձագանք ստանա հայկական կողմից: «Մենք պարտավոր ենք պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր հայի»,- ամփոփեց Հայաստանի փոխարտգործնախարարը: Առաջին անգամ մի քանի ամսվա փաստացի լռությունից հետո մեր պետությունը (ԱԳ փոխնախարարի շուրթերով) հստակ արձագանքեց Ռուսաստանում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին: Բնական կլինի ենթադրել, որ օբյեկտիվ գործոններով հանդերձ՝ հակահայկական ջարդերը պայմանավորված են նաեւ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վիճակով: Որքան էլ պաշտոնապես ասվի, որ դրանք փայլուն են, այստեղ, հավանաբար, կան խնդիրներ: Եվ դրանք ծագում են ոչ միայն ամենաբարձր մակարդակի վրա: Դժվար է, օրինակ, ակնկալել, որ Պետդումայի պատգամավորները մեծ ցանկություն կունենան շփվելու ՀՀ ԱԺ կիսագրագետ պատգամավորների հետ: Կամ որ ՌԴ երկրամասերի կամ հանրապետությունների ղեկավարները (քանի որ ներկայիս այլամերժության ալիքը իրավամբ անվանվեց «տեղական քաղաքականության» արդյունք) կուզենան բանակցություններ վարել մեր անողնաշար մարզպետների հետ: Հուսանք, համենայնդեպս, որ մեր պետությունն այսուհետ իսկապես կպաշտպանի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր հայի: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել