Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բոլշեւիկյան մեթոդներ»

Սեպտեմբեր 19,2002 00:00

«Բոլշեւիկյան մեթոդներ» Կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից մեկնաբանություններ խնդրեցինք դպրոցներում նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարների դիմանկարները փակցնելու՝ կրթության եւ գիտության ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանի վերաբերյալ: Աշոտ Բլեյանը նախ նշեց, թե այդ հրամանը՝ որպես նորմատիվ իրավական ակտ հրապարակված չէ, թեեւ, համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի՝ այն պիտի պարտադիր հրապարակվեր «Պաշտոնական տեղեկագրում». «Եվ պարզապես արգելվում է հղումներ կատարելը պաշտոնապես չհրապարակված իրավական ակտերին: Ոչ ես, ոչ Դուք չունենք դրա իրավունքը: Դուք խախտում եք օրենքը՝ խոսելով այդ հրամանի մասին: Այն պիտի հրապարակվի, արդարադատության նախարարությունը պիտի անցկացնի փորձաքննություն եւ պարզի՝ այդ հրամանը չի՞ խախտում երեխայի իրավունքները, համապատասխանո՞ւմ է ՀՀ Օրենսդրության պահանջներին: Գուցե արդարադատության նախարարությունը չգրանցի՞ այդ հրամանը: Ուզում եմ հավատալ, որ չեն գրանցի: Չխոսենք հրամանից, ասենք՝ կարելի՞ է այդպիսի բան անել, թե՞ ոչ: Իհա՛րկե չի կարելի անել: Մենք ականատես ենք խորհրդային իրականության մի ատրիբուտի վերարտադրության դրսեւորմանը: Ցավալի է, որ դա անում է կրթության նախարարը: Բայց դա տեղավորվում է այժմ դրսեւորվող ընդհանուր մոտեցումների մեջ»: Մի՞թե համոզիչ չեն նախարարի պարզաբանումները, որ ցանկանում է երեխաների մեջ սերմանել պետականության զգացողություն, ցույց տալ, թե ինքն ինչ պետության քաղաքացի է՝ մեր այս հարցին պրն Բլեյանը պատասխանեց հարցով. «Ինչո՞ւ, բոլշեւիկներն այդպես չէի՞ն բացատրում, էլի նույն հայրենասիրությո՞ւնը չէր: Ի՞նչ տարբերություն: Երբ դպրոցներում Լենինի, Զոյա Կոսմոդեմյանսկայայի կամ կոմերիտական այլ հերոսների արձանները սկսեցին փոխարինել ֆիդայիներով՝ էլի նո՞ւյն բանը չէին անում: Կամ՝ կրոնի պատմություն առարկա մտցրին, եւ անաստվածները սկսեցին դասավանդել այն. դրանից շահելո՞ւ է երեխան: Նույն ձեւական բանն է, ինչ ՍՄԿԿ պատմության դասավանդումը: Այսինքն՝ մեթոդները, միեւնույն է, եղել եւ մնում են բոլշեւիկյան, հակամարդկային: Սա չի8217 կարելի թույլ տալ: Մանավանդ, երբ համակարգի ղեկավարների համար նորաձեւ է դարձել երեխայակենտրոն դպրոցի մասին խոսելը: Պետականության զգացում են ուզում ներարկել՝ թող դպրոցներին ապահովեն քարտեզներով, որ ամեն մի երեխա կարողանա վստահ ու հպարտ ցույց տալ Հայաստանի Հանրապետությունը»: Լեւոն Մկրտչյանը պնդում է, թե պետականության խորհրդանիշների նկատմամբ հարգանք նման ձեւով ներարկվում է նաեւ աշխարհի շատ երկրներում: «Երեք երկրում եմ եղել՝ Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, բայց նման բաներ չեմ տեսել,- ասաց պրն Բլեյանը:- Չեմ ասում, թե ընդհանրապես չկա: Բայց չի կարելի կտրել ամբողջական իրականությունից՝ պետք է նաեւ դիտարկել, թե դրան զուգահեռ էլ ինչ են անում, ինչպես, երբ են սկսել անել դա: Ո՞ր լսարանում է քննարկվել այս «Երաշխավորությունը դպրոցներում ՀՀ պետական խորհրդանիշների օգտագործման մասին»: Իսկ ի՞նչն է խանգարում որոշակի ներկայացնել այդ փորձը եւ ոչ թե միայն ասել՝ աշխարհում անում են»: Ա. Ի. Հ. Գ. Ի դեպ, մեր Սահմանադրությամբ սահմանված են պետականության խորհրդանիշները՝ դրոշը եւ զինանշանը: Նախագահը կամ նրա պաշտոնը պետականության խորհրդանիշ չեն՝ ոչ գործող Սահմանադրությամբ, ոչ էլ դրա նախատեսվող փոփոխություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել