Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԸ ԻՆՔՆԱՍԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ է ԾԱՎԱԼԵԼ»

Սեպտեմբեր 19,2002 00:00

«ՆԱԽԱԳԱՀԸ ԻՆՔՆԱՍԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ է ԾԱՎԱԼԵԼ» Այս կարծիքին է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն նոր տակտիկա է որդեգրել. այժմ նա փորձում է տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունից եւ միասնական թեկնածուի ստվերից չի վախենում, ինքը լիբերալ ու խելացի նախագահ է, քաղաքական խարդավանքները «թարգել» է եւ կարող է նույնիսկ աջակցել ընդդիմությանը՝ համախմբվելու եւ միասնական թեկնածուով հանդես գալու գործում։ Հասկանալի է, որ Ռ. Քոչարյանի ասածները ոչ ոք հալած յուղի տեղ չի ընդունում, եւ յուրաքանչյուրը հասկանում է ասվածի ենթատեքստը։ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ այս կապակցությամբ վերլուծություն կատարելով, եկել է հետեւյալ եզրակացության. Քոչարյանն ուզում է տպավորություն ստեղծել, թե մտահոգված չէ 16-ի միավորմամբ. «Այս մասով պետք է ասել. մի քաղաքական գործիչ, որի հասցեին քաղաքական հայտարարություն է արվում գաղափարապես խիստ տարբեր բեւեռներում գտնվող կուսակցությունների կողմից, եւ բոլոր 16-ն էլ՝ վերլուծելով Հայաստանի ներկա վիճակը, գալիս են ճիշտ նույն եզրահանգմանը՝ վճռականորեն մերժելով Քոչարյանի եւ նրա վարչախմբի իշխանությունը, իշխանափոխությունը համարում են մեր երկրի ու ժողովրդի համար այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն, պարզապես խորամանկում է, երբ ասում է, թե մտահոգված չէ։ Եթե պրն Քոչարյանն այդքան բարձր է դասում 16-ի միավորումը եւ անգամ պատրաստ է սատարել, ապա, համադրելով սկզբունքները, որոնց հիման վրա միավորվել են այդ 16 կուսակցությունները, ստանում ենք տրամաբանական «նոնսենս»։ Ուրեմն պրն Քոչարյանը կա՛մ խորամանկում է, կամ խորությամբ չի գիտակցում, թե ինչ է ասում ասուլիսի ժամանակ»։ Արտաշես Գեղամյանը վստահ է, որ Ռ. Քոչարյանի ասածների մեջ կան «շատ խոր ստորջրյա խութեր». «իրոք պրն Քոչարյանը շահագրգռված է միասնական թեկնածուով։ Եթե ընդդիմությունը հանդես գա 10-15 թեկնածուով, ամենեւին զավեշտալի չի լինի, ինչպես փորձում է ներկայացնել Ռ. Քոչարյանը։ Որովհետեւ այդ 10-15 թեկնածուները, եթե իրենք ական չեն ընդդիմության դաշտում, ինչպես կասեր Բաբկեն Արարքցյանը, ապա պարտավոր են ասել, որ Քոչարյանի հրաժարականն այլընտրանք չունի։ Ուստի, պրն Քոչարյանը մտահոգված է, քանի որ գիտի՝ հնարավոր 10-15 թեկնածուներն անկասկած 50 տոկոսից ավելի ձայն կհավաքեն։ Սա ակնհայտ է, եւ եթե կեղծիքների միջոցով պրն Քոչարյանին հաջողվի անգամ անցնել երկրորդ փուլ, ապա ի հայտ է գալիս մի շատ հետաքրքիր իրավիճակ։ Այն է՝ իրեն մերժող քաղաքական ուժերը եւ դրանց հետեւում կանգնած ընտրազանգվածի 50-ից ավելին մերժելու է Քոչարյանին։ Կնշանակի, երկրորդ փուլում եթե հանկարծ փորձեն դարձյալ կեղծել ընտրությունների արդյունքները, դա լրջագույն քաղաքական եւ միջազգային սկանդալ կլինի։ Ուրեմն Քոչարյանը մտածում է նաեւ այդ ուղղությամբ՝ նա անպայման կձգտի, որ մեկ միասնական թեկնածու լինի, որովհետեւ մեկ անգամ խոշորածավալ ընտրակեղծիք անելն ավելի դյուրին է, քան նույնը երկու անգամ անելը։ Եվ հետո՝ արդար ընտրությունների դեպքում Ռ. Քոչարյանը երկրորդ փուլ երբեք չի անցնի։ Կնշանակի՝ այն, ինչ ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը, պատահականություն չէ։ Նա շահագրգռված է, որ ամեն ինչ եզրափակվի մեկ փուլով եւ այդ փուլում զանգվածային ընտրակեղծիքներ արվեն»։ Ըստ Արտաշես Գեղամյանի, Ռոբերտ Քոչարյանը սթափ է գնահատում իրավիճակը եւ տեսնում է, որ քաղաքական ոչ մի լուրջ կուսակցություն իրեն բացահայտորեն չի սատարում, եւ բնական է, որ Քոչարյանը ստիպված է ծավալել ինքնասատարման գործունեություն։ Ռոբերտ Քոչարյանը գիտակցում է (ըստ Արտաշես Գեղամյանի), որ իր իրական ընտրազանգվածը 3-4 տոկոս է, եւ իր համար «շատ ավելի պատվաբեր կլինի, եթե ինքն առաջին փուլում պարտություն կրի 16 կուսակցությունների միասնական թեկնածուի կողմից, քան երկրորդ փուլ անցնեն երկու թեկնածուներ, բայց ոչ ինքը։ Քոչարյանը, լինելով ինքնասեր, կարծում եմ, այս տարբերակն էլ է հաշվի առել»։ Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը միասնական թեկնածուի ընտրության հարցում։ Մեր դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանից հասարակությունն այսօր միայն մեկ դերակատարություն է ակնկալում՝ հեռանալը, իսկ ըստ Արտաշես Գեղամյանի՝ «պրն Քոչարյանը դարձյալ խորամանկում է, քանի որ Արտաշես Գեղամյանի «համընդհանուր ճգնաժամից դուրս գալու» ծրագրի դեմ որեւէ արարիչ ծրագիր չունի։ Այդ դաշտում նա չի կարող մրցել ոչ Արտաշես Գեղամյանի, ոչ էլ 16-ի, ցանկացած այլ կուսակցության լիդերի հետ»։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 10-15 թեկնածուների դեպքում ընտրություններին անլրջություն է հաղորդվում, «հատկապես՝ եթե թեկնածուների մեջ լինում են մի քիչ չափից շատ կոլորիտային դեմքեր»։ Ո՞ւմ կարող է նկատի ունեցած լինել նախագահը։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դա միտումնավոր է ասել. «Երկրում, ուր անչափ մեծ է հիասթափությունը գործող նախագահից, ցանկացած մարդ իր մեջ ներուժ է տեսնում, մտավոր եւ կազմակերպական կարողություններ՝ նախագահ դառնալու։ Իրականում Քոչարյանն է անլուրջ վիճակում։ Այդ տեսակետից ես հասկանում եմ Քոչարյանի մտահոգությունը, որովհետեւ կողմնակի դիտորդը կասի՝ տեսե՛ք՝ նախագահական «պլանկան» ինչքան է իջել, որ մարդիկ, որոնք դեռ պատրաստ չեն երկիր ղեկավարելու, հանգիստ խղճով հանդգնում են թեկնածություն դնել։ Սա զավեշտ է ներկայիս նախագահի համար եւ ոչ թե 10-15 թեկնածուների համար»։ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանին եւս հարց ուղղեցինք. իր կարծիքով՝ Քոչարյանն ինչպե՞ս կարող է օգնել ընդդիմությանը՝ միասնական թեկնածուի ընտրության հարցում։ Վլ. Դարբինյանը նախ քթի տակ ծիծաղեց, հետո ասաց, որ ընդդիմությունը պետք է բոլորի համար ընդունելի ծրագիր մշակի եւ մեկ թեկնածուով հանդես գա, իսկ Քոչարյանի «աջակցության» կարիքն ընդդիմությունը չունի։ Ո՞ւմ նկատի ունի Քոչարյանը, երբ խոսում է ինչ-որ «կոլորիտային» դեմքերի մասին. «Էդ իրեն պիտի հարցնեք, նախագահն ունի իր քաղաքական ճաշակը, եւ հետո, ես այնքան էլ ոգեւորված չեմ նրա ասածներից՝ եթե ստեղծվի դաշինքը, այն նախագահի օգնության կարիքը բոլորովին չունի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել