Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉՈՒԺՈՅ ՊԱԽՄԵԼ

Սեպտեմբեր 19,2002 00:00

ՉՈՒԺՈՅ ՊԱԽՄԵԼ Դատելով ՌԴ նախագահ Վլ.Պուտինի եւ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ա.Կվաշնինի՝ առայժմ միայն ռուս-վրացական սահմանն ամրապնդելու մասին հայտարարություններից, միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը որոշակի ազդեցություն ունեցավ Վրաստանի տարածքում գործողություններ ծավալելու ՌԴ գայթակղությունը զսպելու հարցում: Իհարկե, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հերթական լարվածությունը շարունակվում է, բարեբախտաբար, միայն փոխադարձ մեղադրանքների մակարդակով, Հայաստան են այցելում այդ երկու երկրների պաշտոնյաները՝ Հայաստանի պաշտոնական շրջանակներին ստիպելով խույս չտալ ռուս-վրացական հարաբերություններին անդրադառնալուց: Որ Վրաստանի պաշտպանության նախարար Թեւզաձեի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վոլոշինի այցելությունները Հայաստան ամենեւին էլ պատահական չեն, կարծում ենք, միանշանակ է: Նրանք երկուսն էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանձնեցին իրենց երկրների նախագահների ուղերձները: Ու թեեւ պաշտոնական աղբյուրները չեն բացում այդ ուղերձի բովանդակությունը, այդուհանդերձ պետք է ենթադրել, որ ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ռուսաստանի նախագահները որոշակիորեն արծարծել են ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշման հարցը: Ըստ որոշ տեղեկությունների, մասնավորապես ՌԴ նախագահի ուղերձում արծարծված է նաեւ Հայաստանից՝ իբրեւ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ պետություն, աջակցություն ստանալու հարցը: Ի դեպ, հենց այդ խնդրի գոյության մասին է ակամա վկայում նաեւ ԱԺ հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցը, ուր նա մասնավորապես ասել է, որ թեեւ «այդ հարցն ուղղակիորեն չի քննարկվել, բայց զգացվում էր, որ Վրաստանը մտահոգված է Հայաստանի կողմից Ռուսաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեջ», ինչը Վ.Հովհաննիսյանը բացատրել է ՌԴ նախագահի հայտարարությունում կոլեկտիվ պաշտպանվելու վերաբերյալ եղած ակնարկով: Վ.Հովհաննիսյանն առայժմ միակ պաշտոնյան է, որը, այսպես թե այնպես, հստակեցրել է գոնե իր դիրքորոշումը՝ «վրացի մեր բարեկամները մտահոգվելու խնդիր այս առումով չունեն»: Բայց մի բան է, երբ այդ մասին ասում է ԱԺ հանձնաժողովի նախագահը, այլ է, երբ նույն խնդրի առնչությամբ լռում է ՀՀ ԱԳ նախարարը կամ, առավել եւս, ՀՀ նախագահը: Ի վերջո նրանք, վաղ թե ուշ, ինքնակամ թե ստիպողաբար՝ ինչպես հիմա է, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումներն այդ հարցում եւ հասկանան, որ անսկզբունքայնությունը, կամ ինչպես իրենք են դա վերծանում՝ կոմպլեմենտարությունը, իրեն չի կարող արդարացնել միջազգային հարաբերություններում: Իսկ շան գլուխը թաղված է 2000-ին ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության նոր պայմանագիրը ստորագրելու մեջ: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ 2000-ին Հայաստանի միանալն այդ պայմանագրին, երբ առավել եւս այն չէին ստորագրել մեր հարեւան երկրներ Վրաստանն ու Ադրբեջանը, չէր բխում Հայաստանի շահերից»,- նկատեց 1996-99թթ. ԱՊՀ անդամ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ստորագրած Հայաստանի ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը: Այսօր Հայաստանի առջեւ լուրջ խնդիր է ծառացել: Նրանից պահանջում են ընտրություն կատարել կա՛մ Վրաստանի, կա՛մ Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու երկընտրանքի մեջ: Ստ.Գրիգորյանի պնդմամբ՝ մեր երկիրն այսօր ստիպված է պատասխան տալ՝ ինքն, ի վերջո, մնո՞ւմ է անվտանգության այդ համակարգի անդամ եւ կատարո՞ւմ է ստանձնած պարտավորությունները, որոնց մասին ակնարկել է Վլ.Պուտինը, թե՞ ոչ: Կամ նա պատրա՞ստ է այդ պարտավորությունը կատարել եւ էլ ավելի լարել հարաբերությունները դրկից Վրաստանի հետ, որի տարածքը, ի դեպ, շրջափակված Հայաստանի համար գրեթե կյանքի ճանապարհ է: Ի վերջո, այսօր ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ռուսաստանը հենց այդ հարցն են փորձում հստակեցնել, մինչդեռ Հայաստանը դրա պատասխանը տալուն պատրաստ չէ: Իհարկե, Ռուսաստանը՝ Վրաստանին «հաթաթա» տալուց այն կողմ, վերջինիս տարածքում ռազմական գործողությունների չի դիմի. թույլ չեն տա: Մեզ չի կարող մխիթարել նաեւ այն, որ Վրաստանի նախագահն էլ՝ խոստովանելով, որ վրաց-ռուսական հարաբերությունները խոշոր հաշվով աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն, իր անհեռատես քաղաքականությամբ շարունակում է գործիք մնալ Արեւմուտքի եւ ՌԴ-ի ձեռքում: Ու եթե դրա արդյունքում Վրաստանը կարող է եւ էական ոչինչ չկորցնել, ապա մենք միշտ միջազգային ասպարեզում տանուլ ենք տալու, քանի դեռ մեր արտաքին քաղաքականության կենսագործողն են Ռ.Քոչարյանն ու Վ.Օսկանյանը՝ իրենց կոմպլեմենտարությամբ: Ինչպես Ռ.Գրիգորյանը եզրակացրեց՝ այս, ինչպես ստեղծված մյուս անբարենպաստ իրավիճակներից, ելքը մնում է միակը. գործող ռեժիմի փոփոխությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել