Լրագրողներին ավելորդ հանեցին Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը (ՔԱՆ) քննարկում էր կազմակերպել «Երուսաղեմի Հայկական թաղամասի խնդիրը. նոր մարտահրավերներ» թեմայով։ Դավիթ Հովհաննիսյանը (ԵՊՀ) ներկայացրեց հայկական կալվածքների շուրջ եղած խնդիրների նախապատմությունը՝ ծավալվելով ավելի շատ, քան պահանջում էր ներկաների համբերությունը։ Ըստ նրա, հայերի մուտքը Երուսաղեմ սկսվել է 7-րդ դարից, երբ արաբական բանակը գրավել է Երուսաղեմը, կնքվել է պայմանագիր, որով պատրիարքարանն իրավունք է ստացել տնօրինել իր տրամադրության տակ եղած հողերը ու փոխարենը հարկ վճարել։ Իսկ վերջին իրավական փաստաթուղթը, որ վերահաստատել է նրա պատմականորեն եղած կարգավիճակը, ստորագրվել է 1980-ականներին։ Դ. Հովհաննիսյանը վերհիշեց, թե ինչպես է արաբա-իսրայելյան արյունալի հակամարտության ընթացքում Իսրայելը գրավել Արեւմտյան Երուսաղեմը, որը ճանաչվել է նրա մայրաքաղաք։ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունն էլ, իր հերթին, Արեւելյան Երուսաղեմն է հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք։ Պաղեստինցիները գտնում են, որ Արեւելյան Երուսաղեմը պետք է մտնի Պաղեստինի մեջ, իսկ Արեւելյանը լինի Իսրայելի մայրաքաղաք։ Եվ այսպես, ըստ բանախոսի, Հին քաղաքի բաժանման խնդիրը դարձել է երկու ժողովուրդների հիմնական կռվախնձորը։ Նույնիսկ հնչել է առաջարկ, որ հայկական եւ հրեական թաղամասերը մնան Իսրայելին, իսկ քրիստոնեականն ու մուսուլմանականն անցնեն Պաղեստինին։ Նա հիշատակեց նաեւ որոշ հիշարժան թվային փաստեր. 1945թ. Պաղեստինում ապրել է 35 հազար հայ, որից 15 հազարը՝ Երուսաղեմում։ Իսկ այսօր այնտեղ բնակվում է ընդամենը 2000 հայ, որից 600-ն է Իսրայելի քաղաքացի։ Իսկ վերջին տարիներին 181 հայկական կալվածքից 71-ը վաճառվել է հրեաներին։ Այս եւ ուրիշ պատճառներով գնալով նվազում է հայերի թիվը։ «Այն վտանգը, որ ես տեսնում եմ քրիստոնեական Երուսաղեմի կորստին ուղղված, ծրագրված է,- գտնում է Դ. Հովհաննիսյանը,- դա բխում է հրեական ազգային գաղափարախոսությունից»։ Նա ներկաներին փոխանցեց անկախ միջազգային փորձագետների այն կարծիքը, որ Երուսաղեմը պետք է լինի երեք կրոնների մայրաքաղաք՝ հատուկ կարգավիճակով, եւ դա կլինի հարցի իդեալական լուծում։ Հակառակ դեպքում, եթե Երուսաղեմին որպես երեք կրոնների մայրաքաղաք չվերաբերվեն եւ խնդիրը լուծեն ընդամենը տարածքային առումով, կոնֆլիկտը չի սպառվի։ «Սա այն խնդիրը չէ, որ Հայաստանը, Սփյուռքը, Հայ Առաքելական եկեղեցին փորձեն լուծել առանց լուրջ ուսումնասիրությունների եւ ծրագրերի։ Սա կարող է դառնալ երեք ուղղությունների կառուցվածքների միասնությունն իրականացնելու հնարավորություն»,- ասաց Դ. Հովհաննիսյանը։ Նա նաեւ փաստեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ դիրքորոշումներում արեւելյան երկրների հայկական համայնքների վերաբերմունքը միշտ էլ նույնն է եղել. նրանք խուսափել են կտրուկ գործողություններից եւ հաճախ ենթարկվել հոգեւոր առաջնորդին. «Հայաստանյան խնդիրները միշտ դիստանցիայի վրա են եղել, քանի որ պատրիարքն աշխատել է իրեն հեռու պահել Էջմիածնից, համայնքն էլ՝ հայաստանյան խնդիրներից»։ Մի պահ փոքրիկ վեճ ծավալվեց ՀՀ առաջին փոխարտգործնախարար Շահեն Կարամանուկյանի ու բանախոսի միջեւ։ Էքսփոխարտգործնախարարին հետաքրքրում էր Դ. Հովհաննիսյանի կարծիքն այն մասին, թե ո՞րն է համարում ամենալավ պատմական շրջանը Երուսաղեմի համար։ Իսկ Դ. Հովհաննիսյանը ոչ միայն խուսափում էր պատասխանել իրեն ուղղված հարցին, այլեւ նորից ու նորովի էր փորձում մանեւրել պատմության քառուղիներում։ Հաջորդ բանախոսը Հովսեփ Խուրշուդյանն էր, որ փորձեց ներկայացնել խնդիրը ժամանակակից գործընթացների հոլովույթում։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Իսրայելի հայապատկան «Պարոն Տեր» կալվածքների վերաբերյալ բանակցությունները գուցե թե կլուծվեն հօգուտ պատրիարքարանի։ Հ. Խուրշուդյանը նաեւ նկատեց, որ տեղի տուրիստական գործակալությունները հաճախ միտումնավոր շրջանցում են Հայկական թաղամասերը, այն դեպքում, երբ զբոսաշրջիկները Երուսաղեմի տեսարժան վայրերի շարքում նշում են նաեւ Հայկական թաղամասն ու սրբատեղիները։ Հ. Խուրշուդյանի՝ զգացմունքային շեշտեր պարունակող խոսքը արժանացավ քննարկման մասնակիցների տարաբնույթ գնահատականներին՝ ոմանք այն միտինգ անվանեցին, ոմանք էլ ծափահարեցին։ Իսկ Շ. Կարամանուկյանը առաջարկեց քննարկումը շարունակել առանց լրագրողների, այն մտավախությամբ, որ հայկական Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները կհրապարակվեն. «Ամեն ինչ մեր մեջ պիտի մնա, քննարկումն էլ փակ պետք է լինի, որպեսզի թուրքերը նորից մեր վրա ֆելիետոն չգրեն»։ Իրավիճակը շտկեց ՌԱՀԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա խորհուրդ տվեց՝ լրագրողներին չզատել ոչ լրագրողներից, սակայն խնդրեց որոշ լրջագույն խնդիրների քննարկման վերաբերյալ մանրամասներ չհրապարակել։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ