Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՇՐՋԱՅՑ՝ ՆՈՐ ԿՈՉՈՎ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ՆՈՐ ՇՐՋԱՅՑ՝ ՆՈՐ ԿՈՉՈՎ Երեւանի շինհրապարակներ 6 ամիս առաջ կատարած շրջայցից հետո երկրի նախագահը երեկ որոշել էր թարմացնել իր պատկերացումները կատարվող աշխատանքների ծավալի ու որակի մասին։ Թեպետ նա տեղեկացրեց, որ քաղաքապետը ժամանակ առ ժամանակ զեկուցում է այդ մասին ամենայն մանրամասնությամբ, բայց դե, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Նկատի ունենանք նաեւ, որ շրջայցն առիթ է մոտիկից շփվելու «իր կուսակցություն» ժողովրդի հետ։ Ի դեպ, միակ վայրը, որտեղ այդ հնարավորությունը կար, Հյուսիսային պողոտայի «պլանի տակ ընկած» թաղամասն էր, որտեղ ժողովրդի հետ շփումն ավարտվեց նրանց դեմքերին նայելով, իսկ ձայնը՝ չլսելու տալով։ «Եկավ մակետը նայեց-գնաց, ինչո՞ւ ժողովրդին չլսեց»,- նեղացել էին հավաքվածները։ «Այդ մասին՝ հաջորդ դասին»,- ասում են սովորաբար նման դեպքերում եւ հետո՝ օրվա գրաֆիկ կա, բան կա, ո՞ր մեկն անի խեղճ նախագահը։ Անդրադառնալով շրջապտույտի ծրագրին՝ նշենք, որ պրն Քոչարյանը մեծ արագությամբ հասցրեց նաեւ ծանոթանալ «Հյուսիսային ճառագայթ» նորակառույց թաղամասում, Մյասնիկյանի հրապարակում, կառավարության ապագա նոր շենքում, Օպերայի ու բալետի թատրոնի շենքում տարվող աշխատանքներին, նաեւ՝ ծանոթացավ Խանջյան փողոցին զուգահեռ եւ օպերայի այգիներում կառուցված կամ կիսակառույց նոր սրճարաններին։ Ամեն մի նոր «հանգրվանում» նախագահին ուղեկցող թափորը հայտնի «նվագախմբի տղաներ»-ի նման համալրվում էր նոր անդամներով. մի հատվածում, օրինակ՝ Լոքյանը, մյուսներում՝ քաղաքապետարանի վարչության պետեր։ Ի դեպ, երբ «Կանաչապատում» ձեռնարկության տնօրեն Աշոտ Ղազարյանին հարցրինք, թե իր կարծիքով ինչո՞ւ են սրճարանները հետաքրքրել նախագահին, նա պատասխանեց. «Մենք ցույց ենք տալիս տարբերությունը այգու մասնավոր եւ ոչ մասնավոր հողակտորների։ Առաջինը՝ խնամված է, կանաչ ու գեղեցիկ, երկրորդը՝ չոր ու անմշակ-անտեսք»։ Եվ սա ասում է «չոր ու անմշակ»-ի հեղինակը, որն իր ասածից գոհ է ու, ինչու չէ, նաեւ՝ իրենց արածն արդարացնելու անթաքույց նպատակ ունի։ Նշենք, որ ողջ արարողությունը մշակված էր քայլ առ քայլ։ Օրինակ, երբ նախագահն անցնում էր Կարապի լճի կողքով, նույն պահին լճի կողքին «կռան»-ով պատվանդանին իջեցրին Առնո Բաբաջանյանի «նորաթուխ» կիսաքանդակը։ Իսկ մեկ ժամ անց, հետդարձին, նկատեցինք, որ այն նույն գործիքով պատվանդանից գլորվել է ցած, խոտերի մեջ։ Քանդակագործի «չարչարանքի» արդյունքը նախագահը նկատել էր։ Մեր՝ «դուր եկա՞վ քանդակը» հարցին նա պատասխանեց զգուշավոր. «Թող աշխատանքն ավարտվի, նոր կարծիք կասեմ»։ Իսկ առաջին «հանդիսատես» անցորդներն արդեն հասցրին քանդակագործին ուղղել իրենց վրդովմունքը. «Այս ի՞նչ անհաջող գործ է, միայն քիթն է հիշեցնում կոմպոզիտորին, ձեռքերը ոնց որ մագիլներ լինեն, բա նա արժանի է՞ր այսպիսի բախտի»։ Ի պատասխան, քանդակագործը նկատեց. «Դուք մասնագետ չեք»։ Հեւիհեւ կատարած շրջայցի վերջում՝ «Բելաջիո» բացօթյա սրճարանում, պրն Քոչարյանը հայտնեց իր ամփոփիչ տպավորությունները. «Աշխատանքներն ընթանում են նորմալ, ոնց որ թե տեղավորվում ենք ժամանակացույցում, եւ որակն էլ լավ է, լուծումները տրված են ժամանակակից ձեւերով։ Անշուշտ, երեւանցիները մի քիչ պիտի ներողամիտ լինեն այս անհարմարությունների ու ծավալի համար, բայց որ տունը վերանորոգվում է, անհարմարություններ լինում են»։ Նկատենք, որ ներողամտություն պետք է հայցել առաջին հերթին զբոսաշրջիկներից, որոնց «բախտ վիճակվեց» վճարել փոշի ու կեղտ «վայելելու» համար միայն։ Նշվեց նաեւ, որ եթե «չկորցնենք Քըրք Քըրքորյանի վստահությունը մեր հանդեպ, կարելի է հուսալ, որ ծրագրին շարունակություն կլինի եւ կբարեկարգվեն նաեւ մայրաքաղաքի արվարձանները»։ Երկար տարիներ շինարարությունից հույսները կտրած ու արտերկիր աշխատելու մեկնած մեր շինարար հայրենակիցները, նախագահի տվյալներով, հետ են վերադառնում, որովհետեւ «գործ կա ու շատ»։ Ինչ վերաբերում է քանդվող տների բնակիչների դժգոհությանը՝ կապված ցածր գնահատման ու դատական հայցերի հետ, ապա նախագահը խորհուրդ տվեց. «Եկեք բոլորս միասին, քաղաքը մեր տունն է, եկեք այն դարձնենք եվրոպական քաղաք, եթե ոչ, եթե մտածենք նեղ անձնական շահերով, ծրագիրն ուղղակի կանգ կառնի»։ Այ, եթե կոչ անողը նաեւ օրինակ ծառայե՜ր… ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել