Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինտերնետային հեղաշրջում

Սեպտեմբեր 18,2002 00:00

Ինտերնետային հեղաշրջում Թափանցիկություն օրը ցերեկով Ամերիկայի իրավաբանների ընկերակցությունը երեկ մեզ հրավիրել էր ՀՀ դատական համակարգի ինտերնետային էջի ստեղծման շնորհանդեսին (Երեւանյան գրասենյակ եւ ոչ ԱՄՆ)։ Հրավերն ընդունել էին այլեւս ինտերնետային էջի մաս կազմած հայոց դատավորները, որոնք սիրում են թափանցիկ, «բազմակողմանի եւ օբյեկտիվ» երեւալ հանրության առաջ։ Ինտերնետային էջի ստեղծմանը իր մասնակցությունն է ունեցել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը։ Խորհրդի նախագահ, վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի բնորոշմամբ, կատարվածը «հեղափոխական գործունեություն է», «հրապարակայնություն, որը կստիպի դատավորներին աշխատել»։ Միայն այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ 5000 որոշում թվայնացված տեղ է գտել նորաստեղծ էջում, ինքնին խոսուն է։ Ինտերնետային էջում կարող ես գտնել տեղեկություններ ՀՀ դատական համակարգի եւ դատարանների կառուցվածքի մասին, ծանոթանալ վճիռներին, որոշումներին, դատավճիռներին (մի բան, որը առիթ է դառնում դատավոր-լրագրող խիստ բարեկամական հարաբերությունների հիմքերը սասանելուն)։ Կա դատական օրացույցը եւս, սա դատավորների աշխատանքների կազմակերպման հստակությանն է միտված։ Էջում առկա «Օրենսդրության նորությունները» թերթելիս ե՛ւ դատավորները, ե՛ւ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողները հնարավորություն կունենան դառնալու գերդատավոր-գերլրագրող՝ տեղեկացվածության իմաստով։ Ի դեպ, այս էջը բացողներին սպասվում է մի անակնկալ եւս. նրանք կտեսնեն սիրելի եւ ատելի դատավորների դիմանկարները՝ իրենց պանծացված կենսագրություններով։ Իհարկե, այն չի լինի հայտնի անեկդոտի պես, որ երեկ պատմեց մեզ ապարանցի դատավորներից մեկը։ Թումանյանի պատկերով հինգհազարանոցը ցույց տալով, ապարանցի երեխան հարցնում է հորը, թե «պապ, սա ծննդյան վկայակա՞նն է»։ Հայրն առանց աչքը ճպպացնելու պատասխանում է. «Չէ, տղաս, անձնագիրն է»։ Ինտերնետային էջը, որի ստեղծմանն իր աջակցությունն է բերել Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, մի խնդիր էլ ունի. «Դատավորների համար հնարավորություն ստեղծել որոնման համակարգի միջոցով իմանալու, թե այս կամ այն հարցին ինչպիսի լուծում է տվել իր գործընկերը, ինչպիսի մոտեցում ունի այդ հարցին երկրի բարձրագույն ատյանը՝ վճռաբեկ դատարանը»։ Ըստ ծրագրի հեղինակների, նախատեսվում է մուտքագրել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները: Մուտքագրվելու են նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն, դատարանների հասցեները, դատարան դիմելու եւ դատական որոշումները՝ բողոքարկելու կարգի մասին, նաեւ՝ երեք ատյաններում կայացված դատական ակտերը: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել