Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ ԵՆ ԱՃՈՒՄ Թոշակառու, առաջին խմբի հաշմանդամ, 25 տարվա մանկավարժ Աիդա Հարությունյանի հարցադրումները ոչնչով չեն տարբերվում Հյուսիսային կոչվող պողոտայի բնակիչների բարձրացրած հարցերից։ Քանդման ենթակա տան սեփականատերը երեկ ներկայացրեց մի վիճակ, որով պարզ դարձավ, թե ինչ ասել է մեզանում սեփականության իրավունք եւ «հարակից սեփականության իրավունք»։ – 1910թ. Պուշկինի 4 տունը ժառանգական է, պապական։ Տնօրինում ենք 314 քմ սեփական հողն ու գույքը։ 1967 թվականից վարձակալ կար, Բաքվից եկած։ 1974 թվականին հարսի հետ բաժանվելիս դատարանում ներկայացան իբր վարձակալ։ Հյուսիսային պողոտայի հարցը երբ դրվեց, թաղապետարանը շերտավորում դրեց «հին սեփականատերերի» եւ «սովորական ապրողների» միջեւ։ Հայտարարվեց, որ նրանք, ովքեր սեփականատերեր են, կստանան քաղաքի կենտրոնում եւ բարձր հատուցմամբ, իսկ ովքեր սեփականատեր չեն, նրանք կստանան կենտրոնից դուրս՝ ցածր հատուցմամբ։ – Դա չի՞ նշանակում, որ 100 տարվա սեփականատիրոջ հարցն էր առաջնային դառնում եւ ոչ, ասենք, ամիսներ ապրողինը։ – Սա առիթ էր, որ բոլորը դառնան սեփականատեր։ Եվ այդպես էլ եղավ։ Մարդիկ, որոնք մի կոպեկ չեն ծախսել (կամ թեկուզ ծախսել են), տեղին-անտեղին բոլորը ձգտեցին դառնալ սեփականատեր։ Մեր դատարաններն էլ առանց խոր ուսումնասիրելու «հաստատեցին» այդ ապօրինությունը։ Կարծում եմ, կոռուպցիան է շատ մեծ դեր խաղացել։ Այս պահին իմ բակի վարձակալը երբ տեսավ, որ հարեւանը դարձավ սեփականատեր, որոշեց. իսկ ինչո՞ւ ես էլ չէ։ – Այսինքն, ձեր 314 քմ-ի վրա քանի՞ սեփականատեր ծնվեց։ – 4 սեփականատեր, 5-րդն էլ ձգտում է, թե ինչո՞ւ ինքն էլ չլինի։ Մելանյա Հովհաննիսյանը դիմեց դատարան, «շահեց» 1-ին ատյանում, վերաքննիչ-վճռաբեկը հօգուտ մեզ վճիռ կայացրին, քանի որ եւ հողն է մերը, եւ գույքը։ Նրա վտարման հարցը դրվեց։ Վերաքննիչի վտարման վճիռը ձեռքին, նորից նա դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Ինձ պատշաճ չծանուցելով, թաքուն, նա սեփականության իրավունք է, փաստորեն, ձեռք բերել։ – 2-րդ ատյանով վտարվածը 1-ին ատյանով սեփականատե՞ր է դառնում։ – Այո եւ մենք կրակն ենք ընկել։ Ինվենտբյուրոն գտնում է, որ պետք է անվավեր ճանաչվի այդ վկայականը, վերաքննիչում էլ անընդհատ դատ է գնում եւ հետաձգվում է «հարակից» սեփականատիրոջ դատարան չներկայանալու պատճառով։ Հարցն օդի մեջ է։ Ես չեմ կարողանում իմ սեփականության վկայականը «նորացնել», քանի որ նկուղում ապրողը դարձել է սեփականատեր։ (Չնայած իմ վկայականի վրա «նստած» է)։ Նույն հասցեի վրա էլի ինձ հետ իմ սեփականությունն են վիճարկում։ – Այդ ամենը կապում եք քանդման «նախապատրաստական փուլի՞» հետ։ – Այո։ Գալու է ձմեռը եւ ես չգիտեմ, մնալու ենք, գնալու ենք, ինչպես է լինելու մեր ճակատագիրը։ Ո՞վ է իրավունք տվել աճուրդի դնել իմ սեփականությունը եւ պարտադրել իրենց 100 դոլարը… – Որքա՞ն են առաջարկում։ – 1 քմ-ն 100 դոլար է։ Մի քանի տարի առաջ հոլանդացիներ եկան եւ ուզում էին մեր տարածքը վերցնել։ Շուկայականով նրանք 720 դոլար առաջարկեցին (Կենտրոնում այդքան էր)։ Հիմա չնչին գումար են առաջարկում եւ ես չգիտեմ, թե դրա վերջը ի՞նչ է լինելու։ Նիկոլայի ժամանակներից հարկ ենք վճարել, հին երեւանաբնակ եմ եւ կարծում եմ, պետք է ինչ-որ առաջնայնություն լիներ։ 10 հոգով ենք բնակվում եւ, բնականաբար, նրանց տվածով բոլորի հարցը չի լուծվի։ Ի դեպ, մեր տարածքը Հյուսիսային պողոտայի «տակ» չի ընկնում, այլ «Մանկական աշխարհի», ուր 1 քմ-ի համար, մեր լուրերով, 1000 դոլար են տվել… Վերջապես հասկանում ենք քաղաքապետ Ա. Բազեյանի խոսքերը. «Մի բուռ հողը ոսկուց էլ թանկ է»։ Իրավունք ունե՞մ սեփականության։ Ունեմ։ Եվ հիմա ուզում են գնել այդ։ Եվ իմ կարծիքը պետք է հաշվի առնեն։ Այ, 7-րդ հարկում (ըստ թերթերի գովազդի) 100 քմ-ն վաճառվում է 80-90 հազար դոլար։ Ընդունենք, վերանորոգումն արժի 20 հազար։ Մեր տարածքը 2 հարկանի է եւ իմ տանը դեռ 100 տարի կարող եմ ապրել։ Իմ սերունդն էլ։ Եվ, վերջապես, եթե հողն իմն է, ինչ նշանակություն ունի, պատը մարմարի՞ց է, թե՞ հողից։ Ապահով բնակարաններում նստած չեն կարողանում մտնել մեր վիճակի մեջ. ի՞նչ կզգան, եթե սեփականությունը ձեռքներից վերցնեն, ի՞նչ կզգան, երբ իրենց կարծիքը հաշվի չառնեն։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել