Լրահոս
Օրվա լրահոսը

Կապրե՞նք մինչեւ 2003-ը

Սեպտեմբեր 18,2002 00:00

Կապրե՞նք մինչեւ 2003-ը «Առավոտին» դիմած Սյունիքի մարզի Սիսիանի մի քանի գյուղերի բնակիչները հույս ունեն, որ գոնե մամուլի միջոցով իրենց խնդրանքը կհասնի վերեւներին եւ միգուցե իրենց դարդին էլ դարման կլինի։ Սիսիանցիները պատմում են, որ մարզի 7 գյուղեր՝ Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Մորենի, Դաստակերտ, Սոֆուլու, Մրխուզ, օրումեջ մեկ ավտոբուս է սպասարկում, օրումեջ էլ դարձյալ՝ Ախլաթյան, Տոլորս, Բնունիս։ Ինչի հետեւանքով ուղեւորների մեծ կուտակում է առաջանում եւ գերբեռնված ավտոբուսը, հատկապես ամռան շրջանում, նրանց խոսքերով, «հրաշքով» է տեղ հասնում։ Ավելին, հրաշքով փրկված բնակիչները պատմում են, որ դրանից բացի, Դաստակերտ ավանի կամուրջը, որի վրայով պարբերաբար անցնում է ուղեւորատար ավտոբուսը (եւ ոչ միայն), անմխիթար վիճակում է։ «Վիրավոր» ճանապարհահատվածն անցնելու եւ վթարից խուսափելու համար երբեմն վարորդն իջեցնում է ուղեւորների մի մասին եւ համեմատաբար թեթեւ անցնում։ Արդյունքում՝ հոգնած ու նյարդայնացած, դեռ ճանապարհի մի մասն էլ ոտքով անցած գյուղացուն ոչինչ չի մնում, եթե ոչ երթուղայինների բազմառատության պայմաններում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց անտեսված զգալ։ Սյունիքի մարզում առկա խնդիրը լուսաբանելու կամ վերեւներին հասցնելու միտումով էլ «Առավոտը» դիմեց Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժին։ Որքան էլ զարմանալի էր, Սիսիանի տարածաշրջանը, երթուղիների սպասարկման առումով, բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը ամենալավը համարեց՝ մարզի մյուս շրջանների համեմատ։ Իսկ աշխատանքները ստանձնած «ՈՒԱՏԲ» ՓԲԸ-ի գործունեությունը՝ օրինակելի։ Փաստորեն, վերոնշյալ գյուղերի բնակիչները նախանձելի լավ վիճակում են՝ մարզի մյուս շրջանների բնակիչների համեմատ (Լ. Բ.)։ Պրն Աղաբեկյանին նաեւ զարմացրեց ավտոբուսների՝ չվացուցակով օրումեջ մեկնելու փաստը, քանի որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, բոլոր երթուղիները ամենօրյա սպասարկման գրաֆիկով են աշխատում։ Ս. Աղաբեկյանը Դաստակերտի կամրջի վերանորոգումն էլ իրենց խնդիրը համարեց եւ ավելացրեց, որ այդ առիթով բազմաթիվ նամակներ են հղել տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղից ստացել են «Կամրջի վերանորոգումը 2003-ի պետբյուջեում է» պատասխանը։ Իսկ մեզ մնում է սիսիանցիներին խորհուրդ տալ, որ Աստծուն աղոթեն՝ մինչեւ 2003 թվականը դժբախտ պատահարի զոհ չդառնալու համար։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ խմբագրություն զանգահարեց «ՈՒԱՏԲ» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Հրանտ Գրիգորյանը եւ զարմացավ, որ բնակիչները բողոքել են, քանի որ, ըստ իրեն, Դաստակերտի, Սոֆուլուի եւ Մրխուզ գյուղերի բնակիչների խնդրանքով ավտոձեռնարկությունը այդ երեք գյուղերի համար ուղեվարձը 10-15 տոկոսով իջեցրել է։ Իսկ ավտոբուսի գերծանրաբեռնված լինելը Հ. Գրիգորյանը բացառիկ դեպք համարեց։ Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ բացառիկ դեպքը նույնպես բոլոր նախադրյալներն ունի ճակատագրական լինելու։ Երթուղին լիարժեք սպասարկելը մրցույթը շահած «ՈՒԱՏԲ» ՓԲԸ-ի աշխատանքն է, իսկ զեղչերի մասին աղաղակելը կամրջի վերանորոգմանը եւ ուղեւորների մարդավայել սպասարկմանը որեւէ կերպ չի օգնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել