Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԸ՝ ՓՈՔՐ, ԱՐԳԵԼՔՆԵՐԸ՝ ՄԵԾ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ՔԱՂԱՔԸ՝ ՓՈՔՐ, ԱՐԳԵԼՔՆԵՐԸ՝ ՄԵԾ Գյումրիի լրագրողները տեղեկություն փնտրելիս Գյումրիի նման փոքր քաղաքում, որտեղ պաշտոնական տեղեկությունը կարելի է ձեռք բերել նույնիսկ փողոցում ծանոթի հետ զրուցելիս, նույն այդ տեղեկությունը պաշտոնյաներից ճշտելիս լրագրողները հանդիպում են արգելքների: «Մեզ մոտ իշխանություն ունեցող մարդկանց շրջանում որոշակի ավանդույթ է ձեւավորվել. իրենք էլ են համարում, որ տեղեկությունների մի խումբ բաց է, մատչելի: Իսկ մեկ այլ խումբ, որն ավելի կարեւոր է հանրության համար, պաշտոնյաները կամա-ակամա, երբեմն դիտավորյալ, երբեմն էլ չիմանալով կամ չհասկանալով՝ հակված են քողարկելու հասարակությունից»,- պարզաբանում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Լ. Բարսեղյանը 2001թ.-ին տեղեկություններ ստանալու համար ստիպված դիմել է դատարան: «Այդ ամբողջ պատմությունը սկսվել էր հասարակ մի բանից. մենք ցանկանում էինք ծանոթանալ Գյումրիում գործող պետբուհերի ընդունելության հանձնաժողովի նիստերի արձանագրություններին: Այդ փաստաթղթերի պատճենները մեզ հասան 4 ամիս անց, դատական գործընթացի վերջում»: Ըստ Լ. Բարսեղյանի, տարօրինակ էր այն, որ հանձնաժողովի նախագահն «ատամներով» պաշտպանում էր այդ փաստաթղթերը, դրանք համարելով նախ՝ պետական, ապա՝ ծառայողական գաղտնիք: «Եթե հարցում անելիս լրագրողը հանդիպում է խուլ դիմադրության, նշանակում է՝ վերջինս ճիշտ ճանապարհի վրա է, եւ իրենից կարեւոր տեղեկություններ են թաքցնում։ Մնում է որոշել, թե ինչպես բացահայտել ճշմարտությունը»: Լ. Բարսեղյանի կարծիքով, ոչ բոլոր լրագրողներն են ցանկանում կամ պատրաստ են անցնել այդ ճանապարհը: Ըստ «Նոյյան տապան» լրատվական գործակալության Շիրակի մարզի թղթակից Հակոբ Բոզոյանի, նմանատիպ քաշքշուկների պատճառով շատ հաճախ լուրը կորցնում է հրատապությունը, եւ ստիպված հրաժարվում ես այն հրապարակելու մտքից: «Գյումրիում մեկն ինքնակամ իրեն նետել էր կամրջից: Տեղեկատվության համար դիմեցի մարզի դատախազություն: Ինձ ընդունեց գործով զբաղվող քննիչը, լսեց, սակայն անհրաժեշտ ոչ մի տեղեկություն չտվեց: Փոխարենը խորհուրդ տվեց դիմել վերադասին: Մի քանի օր փորձեցի հեռախոսով ճշտել ինձ անհրաժեշտ տեղեկությունները: Չհաջողվեց, եւ իմ ղեկավարը, ի վերջո, հրաժարվեց այդ նյութից»: Հ. Բոզոյանի կարծիքով, Գյումրիում դժվար է տեղեկություններ ստանալ ֆինանսական կամ էլ հարկային տեսչության հետ խնդիրներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից: Անմատչելի ոլորտ է նաեւ ՆԳ համակարգը: Այդ մասին փաստեց նաեւ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը. «Քաղաքում սպանություն էր կատարվել: Ամբողջ քաղաքը խոսում էր այդ մասին՝ ամենայն մանրամասնությամբ, տալիս անուն, ազգանուններ: Դիմում ես ՆԳ մարմիններին, տուժածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով, մերժում են՝ հայտարարելով, թե նախաքննության գաղտնիք է: Սա այն դեպքն է, երբ ակամա է սահմանափակվում տեղեկատվությունը- ուղղակի ոստիկանի խելքն է այդքան: Այս մարդիկ 10 տարի է՝ չեն հասկանում, որ տեղեկությունը քողարկելով լրագրողին չեն վնասում, քանզի արդյունքում տարածվում է ապատեղեկատվություն, եւ իրենք հաջորդ օրն իրենց հերքման մեջ հրապարակում են այն, ինչ սրբազան գաղտնիք էին համարում»: «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Վաղարշակ Նախշքարյանը դժգոհեց հատկապես Սոցապահովագրության վարչությունից եւ հարկային տեսչությունից: «Այս տարվա օգոստոսի 14-ին դիմել եմ Սոցապահովագրության պետական հիմնադրամի Շիրակի մարզային վարչություն հետեւյալ հարցադրումներով՝ որքանով են կատարում իրենց պարտավորությունները պետական եւ մասնավոր տնտեսվարող սուբյեկտները, որքան են գոյացած պարտքերը, եթե հնարավոր է՝ նշել ամենախոշոր պարտատիրոջը, տեղեկություններ ստվերային աշխատողների վերաբերյալ»: Վ. Նախշքարյանի խոսքերով, վարչության պետ Ռուբիկ Բարսեղյանը իրեն ընդունել է, հարցերին ընդհանուր պատասխաններ է տվել, խուսափել է կոնկրետ թվեր, փաստեր ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ ինքը իրավասու չէ ԶԼՄ-ներին ներկայացնել այդ տեղեկությունները: Այս դեպքում լրագրողը պարտավոր է դիմել ավելի վերեւ, իսկ արդյո՞ք միշտ է հնարավոր կապվել այդ «վերեւի» հետ եւ ի վերջո ստանալ անհրաժեշտ տեղեկություն: «Նույն պատմությունն է, երբ դիմում ես հարկային տեսչություն որեւէ կարեւոր տեղեկատվություն ստանալու նպատակով,- հավաստիացնում է Վ.Նախշքարյանը,- այստեղ պահանջում են հարցերը գրավոր ներկայացնել, որպեսզի ուղարկեն Երեւան, որտեղ էլ կորոշեն՝ որ հարցին պատասխանեն, որին՝ ոչ»: Շատ դեպքերում, հատկապես այս կառույցի հետ առնչվելիս, լրագրողները հետամուտ չեն լինում մինչեւ վերջ, ինչպես նշեց Գյումրիում գործող լրագրողներից մեկը. «Գրեթե բոլոր կազմակերպություններն էլ ունեն խնդիրներ հարկային տեսչության հետ եւ չեմ կարծում, թե հեռուստաընկերությունները բացառություն են: Այդ է պատճառը, որ անգամ տեղեկատվությունը մերժելիս, մենք չենք կարող մինչեւ վերջ պնդել ու պահանջել: Հնարավոր է, որ այդ ժամանակ էլ արգելք հանդիսանա սեփական տնօրինությունը»: «Հայկական ժամանակ» օրաթերթի Շիրակի մարզի թղթակից Արման Գալոյանը նույնպես դժգոհեց հարկային տեսչության եւ իրավապահ մարմինների աշխատաոճից. «Դիմել էի Շիրակի մարզի հարկային տեսչության պետ Լիդա Նանյանին 2001թ. վերջին ԱԺ կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված բարեփոխումներին ծանոթանալու համար: Վերջինս խոստացավ տեղեկատվություն տրամադրել Պետական եկամուտների նախարարությունից թույլտվություն ստանալուց հետո: Վստահ չլինելով, թե տիկին Նանյանը կհետաքրքրվի այդ խնդրով՝ դիմեցի խմբագրիս՝ Ն.Փաշինյանին, որպեսզի ինքն անձամբ դիմի հիշյալ նախարարության լրատվության բաժին եւ ստանա անհրաժեշտ թույլտվությունը: Թույլտվություն ստանալուց հետո էլ ստիպված էի մանրամասներ ճշտել այլ աղբյուրներից»: Գյումրիում գործող գրեթե բոլոր լրագրողները դժգոհ են մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի աշխատաոճից: Որեւէ նախարարի կամ փոխնախարարի մոտ ավելի հեշտ է մուտք ունենալ, քան Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի: Հարցազրույցի թույլտվություն կարելի է ստանալ մարզպետի խորհրդականին կամ էլ աշխատակազմի ղեկավարին տեղյակ պահելուց հետո: Երբեմն դա էլ չի տալիս ցանկալի արդյունքը, քանզի հենց տեղում մերժելով պատասխանել ոչ ցանկալի հարցադրմանը՝ մարզպետի խորհրդական Հասմիկ Մելքոնյանը հայտարարում է, որ ինքն անձամբ մարզպետին խորհուրդ չէր տա այդ թեմայով հարցազրույց տալ: Այսպիսով, անհասկանալի է դառնում մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի առաքելությունը: Գյումրիի նման փոքր քաղաքներում եթե քեզ անհրաժեշտ տեղեկատվություն չես կարողանում ճշտել ծանոթության շնորհիվ, կարելի է վստահաբար ասել, որ դու լավ լրատվություն տալու քիչ շանսեր ունես: Հենց լրատվամիջոցների այս կախյալ վիճակն է պատճառը, որ շատ դեպքերում տեղեկատվություն չեն տրամադրում նույնիսկ այնպիսի կառույցներ, որոնք դրա իրավունքը ուղղակի չունեն: ԵՐԱՆՈՒՀԻ ՍՈՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել