Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հարգում եմ այս պաշտոնը»

Սեպտեմբեր 18,2002 00:00

«Ես հարգում եմ այս պաշտոնը» Ինչպես խոստացել էր «մայրաքաղաքային» նախորդ շրջայցի ժամանակ, նախագահ Քոչարյանը երեկվա շրջայցից հետո գնահատեց ընդդիմադիր 16 կուսակցությունների դաշինքի գոյությունն ու գործունեությունը։ «Չգիտես ինչու, բայց այդ քաղաքական շրջանակներում այսպիսի կարծիք կա, որը նաեւ մամուլում է արտահայտվում, որ ես պիտի մտահոգվեմ այդ երեւույթի համար («երեւույթը» դաշինքի կազմավորումն է.- Ռ. Ա.), եւ որ ես ամեն ինչ պիտի անեմ, որ 16 կուսակցություններից ձեւավորված այդ դաշինքը քայքայեմ»,- իր «գնահատականը» զարմանքով սկսեց Ռ. Քոչարյանը։ Եվ միանգամից հուսախաբ արեց «այսպիսի կարծիք» ունեցողներին. «Ասեմ ճիշտ հակառակը՝ ես միայն ողջունում եմ, եւ շատ ցավալի բան կլինի, որ այդ 16 կուսակցությունը չկարողանար ինչ-ինչ պատճառներով միավորվել եւ հանդես գալ մեկ թեկնածուով»։ Որպես հիմնավորում նախագահը ներկայացրեց երկու պատճառ. մեկը՝ քաղաքական, մյուսը՝ տնտեսագիտական։ Սկսենք երկրորդից. «Յուրաքանչյուր ընտրություն, ինչ-որ ներքին լարվածություն է երկրի համար, ու եթե հնարավորություն կա մեկ փուլով ունենալ ընտրություններ, ուրեմն այդ լարվածությունը կարճ ժամանակի տեւողություն կունենա, ինչը ավելի շատ ընտրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական վիճակի վրա։ Միասնական թեկնածուն ընդդիմության կողմից այդպիսի հնարավորություն կտա, ավելի մեծ կլինի հնարավորությունը մեկ փուլով ավարտել ընտրությունը, եւ սա ողջունելի է, եւ կտնտեսենք բավական գումարներ երկրորդ փուլը կազմակերպելու այդ անհրաժեշտությունից»։ Անհարթ ձեւակերպումներով այս միտքը պարզաբանեց խիստ «էկոնոմնի» մեր նախագահի բուն նպատակը՝ խնայել պետբյուջեի գումարները հետոյի համար։ Իսկ առաջին պատճառն այն է, որ «ես լուրջ եմ վերաբերվում նախագահական ընտրություններին, ընդհանրապես այս պաշտոնը (նախագահի) հարգում եմ, ու կարծում եմ, որ այս պաշտոնը պիտի հարգվի երկրում, եթե երկիրը պետականության կառուցման ճանապարհին է։ Իսկ ընտրությունները, օրինակ, 15 թեկնածուով ուղղակի զավեշտական է մի շարք, ուղղակի, անցանկալի հետեւանքներով»։ Նախագահի կարծիքով, միգուցե լրագրողների համար շատ հետաքրքիր է, երբ այդ 10-15 թեկնածուների մեջ լինում են հատկապես «չափից շատ կոլորիտային դեմքեր», բայց, ի տարբերություն մերոնց «անլուրջ» վերաբերմունքի, ինքը շատ լուրջ է վերաբերվում այս ընտրություններին։ «Դրա համար դրական եմ նայում, որեւէ միջամտություն չեմ ունենում, բայց եթե կարողանամ ինչ-որ դերակատարություն ունենալ միասնական թեկնածու ձեւավորելու այս պրոցեսին, ես պատրաստ եմ աջակցել»,- ավելացրեց պրն Քոչարյանը, բայց լրագրողների տարակուսած հարցը՝ «ինչպե՞ս», սթափեցրեց նախագահին. «Այ, ես չգիտեմ, եթե դիմեին, ինչ-որ ձեւով, ես չգիտեմ… Իսկապես լուրջ մոտեցում է, էսպես, ես համոզված եմ, որ սա շատ ավելի ճիշտ կլինի, նաեւ ցույց կտա, որ մեր քաղաքական դաշտը, էապես, կայունացման ճիշտ պրոցեսում է գտնվում»։ Վերջում, փորձելով ցրել լրագրողների դեմքից չցրվող տարակուսանքը, ավելացրեց. «Չէիք սպասում, հա՞, որ էսպես պիտի ասեմ, բայց մեկ է, մի ձեւի եք նայում, դրա համար եմ ասում»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել