Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ծննդյան օրն է: Նրա կենսագրությունը ինչ-որ առումով սովորական է մեր բարձր հոգեւորական դասի ներկայացուցիչների համար՝ ճեմարան, ծառայություն, ձեռնադրում: Սուղ կենսագրական տվյալներից կարելի է հասկանալ, որ նա հակումներ ունի գիտական եւ մշակութային գործունեության: Օրինակ, աշխատել է «Էջմիածին» ամսագրում, վարել է Մայր Տաճարի արվեստի բաժնի վարիչի պաշտոնը, իսկ վարդապետական թեզն էր՝ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու քրիստոսաբանական հայացքները»: Բայց բոլոր գիտական եւ բազմաթիվ պատվավոր կոչումները մի կողմ թողած, կարեւորենք այն, որ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը նորմալ երեւանցի է, որը պատեհ-անպատեհ առիթներով գրաբարով կամ արեւմտահայերենով չի խոսում՝ չնայած, բնականաբար, հրաշալի գիտի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ամենաբարդ աստվածաշնչային եւ դավանաբանական թեմաներով սրբազանի հետ կարելի է զրուցել սովորական երեւանյան բարբառով: Նավասարդ սրբազանն այն եպիսկոպոսներից է, ովքեր գիտեն, թե որտեղ է «կոնսը», որտեղ էին «Սկվազնյակը» կամ «Ուգոլոկը», ովքեր հասկանում են, թե ինչ է «կարատեն» եւ տիրապետում են այդ մարտարվեստի որոշ հնարքներին: Խանգարո՞ւմ է դա իր բարձր հոգեւոր ծառայությանը: Կարծում ենք, որ օգնում է: Որովհետեւ լինել Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ եւ հեռու մնալ այդ թեմի կորիզը կազմող Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների մտածելակերպից, նշանակում է՝ սավառնել հեռավոր ամպերում եւ օգտակար չլինել իր թեմին: Այսօր Նավասարդ սրբազանն ընդամենը 45 տարեկան է: «Առավոտի» խմբագրությունը սրտանց շնորհավորում է Նավասարդ սրբազանի ծննդյան օրը: Մյուս կողմից էլ մի փոքր մտավախություն ունի՝ գուցե այդ շնորհավորանքը նրան վնասի՞: Բայց, բարեբախտաբար, նա այդպիսի բաներից վախեցողը չի: ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել