Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հիմնահարցը

Սեպտեմբեր 18,2002 00:00

Ղարաբաղյան հիմնահարցը Ըստ ԵԽ զեկույցի ԵԽ ԽՎ մոնիտորինգի խումբը Երեւանում գտնվելու օրերին ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերով հանդիպումներ եւ զրույցներ չի ունեցել, սակայն ՀՀ պարտավորությունների կատարման մասին զեկույցում որոշակի բաժին հատկացրել է ղարաբաղյան հիմնահարցին։ Ընդ որում, Ադրբեջանի զեկույցում եւս այս հարցը ներառված է։ Հայաստանի ներկայացուցիչ, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին հաջողվել է որոշ խմբագրում անցկացնել, սակայն, ըստ էության, շեշտադրումները քիչ են փոխվել։ ԵԽ մասնակցությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում միանշանակ հետեւյալն է՝ հետեւել, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այլ լիազորություն ԵԽ-ին ոչ ոք չի տվել։ Սակայն սեպտեմբերի 26-ին հրապարակվելիք եւ քննարկվելիք զեկույցի տեքստում հայտնվել են որոշ տերմիններ, որոնք ուղղակի ենթատեքստ են պարունակում եւ, փաստորեն, հակամարտության էությանն են անդրադառնում։ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, ղարաբաղյան հարցին վերաբերող հատվածի շուրջ «լուրջ պայքար մղվեց հայկական կողմից, որպեսզի որոշ տերմիններ հանվեն զեկույցից։ Մեր պատճառաբանությունը շատ հստակ էր։ Նախ՝ Եվրախորհուրդն ուներ պարտականությունների սահմանափակում, եւ հետո՝ Եվրախորհուրդը որեւէ անգամ Ղարաբաղի հարցով մոնիտորինգ չի անցկացրել։ Թեպետ հայկական կողմը երբեք դեմ չի եղել նման մոնիտորինգ անցկացնելուն, եւ մենք ողջունել ենք ժամանակին առաջ քաշված այն առաջարկությունը, որ Հայաստանում եւ Ադրբեջանում մոնիտորինգ անցկացնող խմբերը համատեղ այցելեն Ղարաբաղ։ Սա, ի դեպ, մեզ համար շատ անհասկանալի պատճառներով չկայացավ եւ այստեղ լուրջ դերակատարություն ունեցան ադրբեջանցիները, որոնք ամեն ինչ արեցին, որ այդ այցելությունը ձախողվի»։ Մյուս կողմից՝ հայտնի է, որ ԵԽ-ն Ղարաբաղի հարցն առանձնացրել է եւ առանձին զեկուցող է նշանակել Տերրի Դեւիսին, որն էլ, իր հերթին, մինչ այժմ չի այցելել Ղարաբաղ։ Այս դեպքում ԵԽ-ն պետք է գոնե ձեռնպահ մնար որոշ տերմիններ օգտագործելուց, ինչպես, օրինակ՝ գրավյալ տարածք, տարածքային հակամարտություն եւ այլն։ Արմեն Ռուստամյանն ասաց, որ «եթե որոշ տերմիններ օգտագործում են, ապա պետք է բարի լինեն լսել նաեւ մյուս կողմին (Ղարաբաղին եւ Հայաստանին.- Մ. Ե.), որը չի արվել։ Այս ամենը տեսնելով, ես՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, ասացի, որ այն տպավորությունն է առաջանում, որ ԵԽ-ն փորձում է Հայաստանին պարտադրել Արդբեջանի մոտեցումները։ Զեկույցում օգտագործված տերմիններով որոշված են ադրբեջանական փաստաթղթերը, որոնք տարածվում են ԵԽ-ում եւ Ադրբեջանի հայտարարություններում»։ Զեկույցում որեւէ խոսք չկա Ղարաբաղի մասին, Ղարաբաղը չի դիտված որպես կողմ։ Մեր հարցումին՝ չէ՞ որ դրանում ոչ միայն կամ ոչ այնքան ԵԽ-ն է մեղավոր, որքան Ռոբերտ Քոչարյանը, որը, փաստորեն, Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասաց. «Հայաստանի իշխանություններն այս ամենը բացատրում են (հարցը մտել էր փակուղի եւ երկու նախագահների հանդիպումների շնորհիվ հնարավոր եղավ աշխուժացնել պրոցեսը), բայց այդ հանդիպումներն ինչ-որ շատ խորացան, եւ, փաստորեն, ինչ-որ առումով տպավորություն է ստեղծվում, թե հարցը տեղափոխվել է երկու նախագահների բանակցային դաշտ։ Մենք պետք է կարողանանք այդ տպավորությունը վերացնել։ Կար նաեւ հաջորդ խնդիրը՝ Հայաստանն ուղղակի ներկայացնում է նաեւ Ղարաբաղի մոտեցումները, եւ միշտ ասվում էր, որ երբ բանակցությունները մտնեն լուրջ աշխատանքային փուլ, Ղարաբաղն էլ պետք է ներկայացվի։ Ես կարծում եմ, այս վիճակն ավելի շատ ադրբեջանցիներն են օգտագործում՝ հարցը ներկայացնելով որպես Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ։ Այդ տպավորության դեմն առնելու համար մենք շատ լուրջ քայլեր պետք է անենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ կոնֆլիկտն այդ դաշտ տեղափոխվի»։ Ադրբեջանի զեկույցում մնացել են ե՛ւ «գրավյալ տարածքներ», ե՛ւ «տարածքային կոնֆլիկտ» արտահայտությունները։ Սրանք մնացել են նաեւ Հայաստանի զեկույցում, պարզապես մեր երկրի մասին զեկույցում մի փոքրիկ խմբագրում է տեղի ունեցել. «տարածքային կոնֆլիկտ» արտահայտությունից հետո ավելացել է՝ «եւ մյուս հարցերը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի կողմից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել