Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԵՍՏ» ՆԱԽԱՐԱՐԸ

Սեպտեմբեր 17,2002 00:00

«ՀԱՄԵՍՏ» ՆԱԽԱՐԱՐԸ Բաց նամակի փոխարեն Ձեր թերթում հաճախ եք ներկայացնում պաշտոնյաների դղյակները, գրում նրանց կաշառակերության մասին։ Ուզում եմ անդրադառնալ մի «համեստ» պաշտոնյայի՝ ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի, նրա մերձավոր բարեկամների (որոնք հանկարծ բոլորը միանգամից դարձան մշակույթի բնագավառի աշխատողներ) գործունեությանը։ Պրն նախարարը իր պաշտոնավարման ընթացքում շատ բան է արել, իհարկե, սեփական ընտանիքի ու բարեկամների համար։ Նա պաշտոնավարման սկզբում, նախանձելիորեն կարճ ժամանակում կարողացավ Երեւանի կենտրոնում գնել բնակարան, վերանորոգել, կահավորել, իր հայրենի Աշնակ գյուղում վեր խոյացնել մի «մշակութային» արժեք՝ սեփական դղյակ, կահավորել այն եվրոպական ստանդարտներով, սեփական բենզալցակայան հիմնել Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում։ «Չար լեզուներն» ասում են, թե նա սրճարան է հիմնել համալսարանի դիմացի այգում, որի օգուտներն այնքան շատ են, որ ընտանյոք հանդերձ տարին մի քանի անգամ Հոլանդիա են գնում-գալիս։ Քանի որ պրն նախարարը շատ գրասեր է, որոշել եւ սեփականացրել է Սունդուկյանի անվան թատրոնի տպարանը (ինչո՞ւ իր գրքերը ուրիշի տպարանում հրատարակի), ուր հիմա էլ նախարարական մակարդակի շինարարություն է կատարում։ Դրանում համոզվել կարող է ցանկացած մեկը, եթե նեղություն կրի հասնել Սունդուկյանի անվան թատրոն։ Այս նախարարն էլ, ուրիշների նման, շատ բարեկամասեր է։ Նախարար դառնալուց հետո, երկար տարիներ համակարգում աշխատած, բանիմաց մարդկանց շատ հեշտությամբ փոխարինեց իր բարեկամ-ընկերներով։ Մշակույթի նախարարությունում, համակարգում աշխատող նրա բարեկամներն ու ընկերները բավական մեծ թիվ են կազմում։ Չեմ ուզում անդրադառնալ նրանց պաշտոններին, համակարգում ունեցած դերին։ Նրա աշխատակազմի ղեկավարը ոչ այլ ոք է, քան մի այլ բարեկամի փոխարինած նախարարի քրոջ ամուսինը։ Վերջինս էլ, հետ չմնալով իր նախարար բարեկամից, փայլում է փող ստեղծելու իր ունակությամբ։ Նա դեռ չի ավարտել Կենտրոնում գտնվող իր բնակարանի վերանորոգումը (եթե 2 հարկ կառուցելը կարելի է վերանորոգում անվանել), բայց չենք կասկածում, որ այն բարձր մակարդակով ու ճաշակով կանի։ Պրն աշխատակազմի ղեկավարը նաեւ մեքենաների սիրահար է. նա կարճ ժամանակում մի քանի արտասահմանյան մեքենա է հասցրել փոխել… Չեմ ուզում երկար-բարակ թվարկել նախարարի եւ նրա բարեկամների «օբյեկտները», դրանից ոչ ոք օգուտ չունի (իրենցից բացի)։ Չերկարացնեմ, նա էլ երեւի մի քանի «օբյեկտներ» ունի, որոնք մեծ գումարներ են բերում։ Դե, ինչ կարող ես ասել, մարդիկ ազնվորեն աշխատում եւ ապրում են։ Ո՞վ կարող է ասել, որ սեփական քրտինքով չի ստեղծվում այդ ամենը։ Չերկարացնեմ։ Վերջերս մի հեռուստաընկերությամբ հարցազրույց էր մշակույթի նախարարի հետ, երբ եթերում լսվեց կանացի հաճելի ձայն, որը գովերգելով նախարարին, ասում էր, թե նա շատ համեստ է։ Ես էլ մտածեցի, որ չէր խանգարի, որպեսզի հասարակությունը ճանաչի իր «համեստներին»… Բայց դա էլ չէ կարեւոր։ Նամակ գրելու վերջնական որոշում ընդունեցի այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին, թե ինչպես են ՆԳ եւ ԱԱ մարմինները պայքար ծավալել կաշառակեր պետավտոտեսուչների դեմ։ Չեմ ուզում սխալ հասկացվել, թե խրախուսում եմ պետավտոտեսչության աշխատակիցների կաշառակերությունը, բայց երբ համեմատում ես «համեստ» նախարարների, մնացյալ այլ «ազնիվ» պաշտոնյաների «ձեռքբերումները» կաշառակեր պետավտոտեսուչների ունեցածի հետ, տեսնում ես, որ… համեմատելն ամոթ է։ Այսինքն, ինչո՞ւ եմ նորից երկարացնում։ Փառք Աստծո, մեզ մոտ բոլորը գիտեն ինչն ինչոց է… Ավելի լավ է չխոսեն ո՛չ համեստների, ո՛չ էլ անհամեստների մասին։ Ռ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Մշակույթի ոլորտի նախկին աշխատող Մշակույթի նախարար Ռ. Շառոյանին բոլորովին դուր չեկան Ռ. Կարապետյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները։ Ավելին, նախարարը դրանք որակեց ապուշություններ՝ վերստին հաստատելով մշակույթի ոլորտի նախկին աշխատողի այն կարծիքը, որ ինքը խիստ «համեստ» նախարար է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել