Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը «մեղք» է գործել

Սեպտեմբեր 17,2002 00:00

Սրբազանը «մեղք» է գործել Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին ընդառաջ, Հայաստանի գրողների միությունը, Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 12-ը անցկացնելու է պատանի ասմունքողների հանրապետական մրցույթ-փառատոն: Մտահղացումը կապված է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի կազմած «111» հայ բանաստեղծությունների հատընտիրի լույսընծայման հետ: Սրբազանը խոստովանեց իր «մեղքը», որ բանաստեղծությունների ընտրության հարցում կարող է սուբյեկտիվություն նկատվել, քանի որ դրանց մեջ շատ են իր սիրած բանաստեղծների գործերը: Գրքում, որ հրատարակվել է եւ մեսրոպյան դասական, եւ աբեղյանական ուղղագրությամբ, ընդգրկված են եւ արեւմտահայ, եւ արեւելահայ հեղինակներ: «111»-ի շնորհանդեսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ասմունքողների մրցույթի գաղափարը շատ կիրառական համարեց այն առումով, որ առօրեական կյանքում հաճախ մոռանում ենք, թե ինչ ժառանգության տեր ենք եւ այդ ժառանգությունով ինչ կարելի է անել: Նախարարը ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումները լինեն հաճախակի եւ օրինակ ծառայեն սփյուռքահայ ու Հայաստանի մտավորականների համար՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու դպրոցը: Ի դեպ, մտահղացումը միտում ունի զարգանալու, որպեսզի մրցույթին ներգրավվեն նաեւ սփյուռքահայ աշակերտներ: Այս ամենը, նախարարի կարծիքով, դպրոցում կբարձրացնի հայ գրականության դասավանդման որակը, կվերականգնի նրա հեղինակությունը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը միջոցառման կազմակերպումը կարեւորեց մարզերի մասնակցության առումով, քանի որ այսօր գիրքը գյուղ չի մտնում, ընթերցանությունը ճգնաժամ է ապրում, եւ վերջին 10-12 տարիներին որոշ հոգեւոր արժեքների հետ արժեզրկվել է նաեւ գիրքը: «Վերջին տարիներին մեր շրջանավարտները տեղյակ չեն արդի գրականությունից, սոցիալական կացությունը մեզ մի վիճակի մեջ է դրել, որ մեր սերունդը լրացուցիչ ազդակ է ստանում՝ կտրվելու գրքից: Դժվար է նաեւ ուսուցչի համար, որովհետեւ երեխային նա սովորեցնում է մի բան, երեխան դրսում բոլորովին ուրիշ արժեքի է հանդիպում»: Մրցույթն անցկացվելու է 3 փուլով: Սեպտեմբերի 25-30-ը բոլոր դպրոցներում կանցկացվի զտումի մրցույթ, հոկտեմբերի 1-5-ը տեղի կունենան մարզային (քաղաքային) մրցումները, եւ հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կընտրվեն լավագույնները: Ընդհանուր առմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցելու է 8-10-րդ դասարանցի 20 աշակերտ. 10-ը՝ մարզերից, 2-ը՝ Ջավախքից, 2-ը՝ Արցախից, 6-ը՝ Երեւանից: Առաջին տեղի համար նախատեսված է 500 դոլար, 2-րդի՝ 300, 3-րդի՝ 200, 4 հոգու համար էլ կա խրախուսական մրցանակ՝ 100-ական դոլարի չափով: Մրցույթի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Թարգմանչաց տոնն է, եւ Օշականում, ամեն տարվա պես, այս առիթով պատարագ է մատուցվելու: Այդ օրվա հյուրերի համար Նյու Յորքից 2000 ոսկեգույն խաչեր պիտի բերվեն: Կազմակերպվելու է նաեւ հին ու նոր ասմունքողների ելույթ: Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը վստահ է, որ Վլադիմիր Աբաջյանի ձայնը «քաշվելու» դեպքում իրեն արժանի հետնորդ կլինի: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել