Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԴԵՀ ՏԱՆԻՔՈՒՄ» ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻՑ

Սեպտեմբեր 17,2002 00:00

«ՀՐԴԵՀ ՏԱՆԻՔՈՒՄ» ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻՑ 1996թ. մայիսի 4-ին Տերյան 56 շենքի տանիքում հրդեհ բռնկվեց՝ ապօրինի լարանցումներից։ 27 տան բնակիչները տուժեցին այդ հրդեհից, քանի որ կրակը մարելու նպատակով պատառոտվեց թիթեղյա ձեղունը եւ չորս տարի շարունակ ձնհալոցքի եւ հորդառատ անձրեւների ջրերը ողողեցին վերոնշյալ բնակարանի առաստաղը՝ խոհանոցից մինչեւ Աղայան փողոցին նայող պատշգամբը։ Հրդեհին անդրադարձավ «Առավոտը» («Վերջապես կաթիլը քանդեց տանիքը», «Իսկ դու քո աշխատավարձո՞վ ես ապրում», «Հրդեհը մանղալի հետ կապ չուներ»), այն էլ մի քանի անգամ։ Էլեկտրիկները հերքել չէին կարող, քանի որ հասկանում էին, որ ապօրինի հաղորդակիրներն իրենց ձեռքի գործն է։ Վերոհիշյալ բնակարանի (թիվ 27) քանդված առաստաղից ջրերը անցան նաեւ 9-րդ, 8-րդ հարկերի առաստաղներին։ Նրանք, ովքեր ապօրինի հաղորդակիրներ ունեին, նույնպես տուժեցին։ Տասնյակ հանձնաժողովներ եկան թիվ 27 տան առաստաղը դիտելու եւ ցավեցին, որ հատկապես Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ, անկողնային հիվանդ Լ. Տ. Ի.-ի՝ այն մարդու, որ ապօրինի հաղորդակիր չի ունեցել, բնակարանն է տուժել, իսկ թոշակառուները չեն կարողացել վերանորոգել։ Կենտրոն համայնքի էլեկտրացանցի տնօրեն Գ. Ղազարյանը հարցին ըմբռնումով մոտեցավ եւ հեռախոսով հայտնեց, որ պատրաստ են վերանորոգելու տանիքը, առաստաղը։ Նա իր խոստումը չկատարեց, քանի որ «ոգու սովը» շատերի նման նրան էլ էր կլանել։ Թիվ 24 բնակարանի բնակչուհին հայտարարեց, թե՝ «…քանդված առաստաղիդ պրոբլեմը քոնն է, ինքդ էլ մտածիր», մոռանալով, որ Ռ. եւ Ք. Գեւորգյան-հայցվորները հենց իրենք էլ ունեցել են ապօրինի հաղորդակիրներ եւ մեղավոր են (ինչպես նաեւ ուրիշները) ստեղծված վիճակի համար։ Խորհուրդ տվեցին դիմել դատարան՝ համոզված, որ ակնբախ, բոլորին հայտնի խնդիրը դժվար չէ ապացուցել։ 2000թ. ամռանը դատի տվեցի էլտնօրեն Գ. Ղազարյանին. դատը լսվեց 2000թ. սեպտեմբերի 20-ին՝ դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ։ Ամենայն ճշտությամբ, փաստերով բացահայտվեց ճշմարտությունը. դատավոր Ներսիսյանը խնդրեց դատը հետաձգել մեկ օրով՝ չբացատրելով հետաձգման պատճառը։ Անցավ երկու տարի։ Բազմիցս ահազանգեցի՝ պահանջելով վերսկսել երկու տարի առաջ ընդհատված դատը։ Դատը նշանակվեց 2002թ. հունիսի 5-ին։ Դատից մեկ ամիս առաջ թիվ 27 տուն մտավ թիվ 6 ԲՇՏ-ի ինժեներ Ա. Զաքարյանը եւ ուրախ-ուրախ հայտնեց, որ Կենտրոնի առաջին ատյանի դատարանից գրություն է ստացել, որով պահանջվում է վերանորոգել թիվ 27 տունը, տանիքը եւ առաստաղը։ Ուրախացանք։ Փառք Աստծո, ե՛ւ պետություն ունենք, ե՛ւ արդարություն, այլեւս ջրերը չեն թափվի մեր եւ հարեւանների գլխին… Ավա՜ղ, սխալվեցի, պետք չէր շտապել։ Մայիսն անձրեւների ամիս էր եւ հոշոտված, քանդուքարափ եղած առաստաղից ջրերը ողողում էին խոհանոցն ու մյուսների առաստաղները։ Մայիսի 29-ին թիվ 6 ԲՇՏ-ի քարտուղարուհին նորից կանչ գրեց, որ գան տեսնեն՝ ինչ է կատարվում խոհանոցում։ Չեկան, երեւի հոգնել են շարունակական կանչերից։ 9-րդ հարկի բնակիչ Ռ. Գեւորգյանի՝ մեր դեմ բացված դատը՝ ջրերի ներխուժման վերաբերյալ, պետք է լսեր դատավոր Գ. Կարախանյանը։ Վշտացա եւ «բացարկ» հայտնեցի դատավորի դեմ։ Հարեւանս ընդդիմացավ, իսկ անհեռատես դատավորը պահանջեց հիմնավորել «բացարկը»։ Ստիպված էի հիմնավորել, քաջ գիտակցելով, որ իմ դեմ տրամադրելու եմ երեք դատավորներին էլ՝ Գ. Կարախանյանին, Ռ. Ներսիսյանին եւ, վերջապես, Մ. Մարտիրոսյանին։ Դատարանի նախագահ Ժ. Վարդանյանին ներկայացրի «Առավոտ» օրաթերթում տպագրված (1997թ. նոյեմբեր) «Որ այդպես է, օրենքով եմ դատելու» եւ ապա՝ «Սեւ եւ սպիտակ ճշմարտություններ» հոդվածները։ Ինչո՞ւ դատավորներ Ռ. Ներսիսյանը, Գ. Կարախանյանը եւ Մ. Մարտիրոսյանը որոշեցին պատժել դատավորներին քննադատողին։ Ահա թե ինչու. 1999թ. նոյեմբերի 11-ին դատավոր Գ. Կարախանյանի մասին գրած «Սեւ եւ սպիտակ ճշմարտություններ» հոդվածում գրել եմ. «Խորապես համոզված եմ, որ այսօրվա իրավաբանները չեն նպաստելու ՀՀ-ում իրավական պետության ձեւավորման գործընթացին։ Մի փոքրիկ հարցով առնչվել եմ տասնյակից ավելի իրավաբանների՝ փաստաբանների, իրավախորհրդատուների, դատավորների հետ եւ եկել այն եզրակացության, որ նրանց զգալի մասը ծառայում ու երկրպագում է ոչ թե Աստծուն՝ ճշմարտությանը, արդարությանը, այլ՝ Մամոնային՝ դրամի կուռքին։ Ի՞նչ հարկ կար պնդելու, թե բացարկն հիմնավորիր»։ Եվ, ահա. 1997թ. նոյեմբերի 13-ին Իսպանիայից առաքվեց 100 (հարյուր) դոլար։ Բանկում՝ Կրեդիտ-Երեւան, պնդեցին, որ իբր ստացել են 65 դոլար։ Քսաներկու ամիս ինձ տանջեցին՝ ստիպելով, որ ստանամ 65 դոլար, որ իբր 35-ը պահվել է իբրեւ ճանապարհածախս։ Կենտրոնի առաջին ատյանի դատավոր Գ. Կարախանյանը պաշտպանեց 65 դոլարի փաստը, իսկ Վճռաբեկ դատարանն այն հաստատեց։ Դիմեցի բանկին՝ խնդրելով համակարգչից հանեն եւ ինձ մատուցեն 65 դոլարի ստացման փաստաթուղթը, որպեսզի Նյու Յորքի «Նացիոնալ ռեսպուբլիկա» բանկից ստույգ իմանանք, թե որքան են առաքել Երեւանի բանկ։ Հրաժարվեցին նման անդորրագիր տալ եւ վճարեցին 144 դոլար։ Տպագրված հոդվածների համար Գ. Կարախանյանն ինձ չներեց եւ ահա ներկայացավ հարմար առիթը վրեժխնդիր լինելու։ Թիվ 24 բնակարանի բնակիչ Ռ. Գեւորգյանը, որն իբրեւ ավագ աշխղեկ աշխատում է «Հազարաշեն» ՍՊԸ-ում, այդ հիմնարկի փորձագետների ձեռքով կազմել տվեց մի մտացածին հաշվարկ (242.328 դրամ), որպեսզի դատավոր Մ. Մարտիրոսյանի վճռով գոնե շորթի 60-62 հազար դրամ՝ 27 բն. ապրող, վեց տարի շարունակ անկողնային հաշմանդամ Լ. Տ. Իսրայելյանից, թեպետ Ռ. Գեւորգյանը քաղաքի տարբեր տեղերում գտնվող իր բնակարանները վերանորոգում է անվճար, քանի որ հենց ինքն ու իր հիմնարկն է այլոց համար վերանորոգումներ կատարում։ ՍԵԴԱ ՇԱԹԻՐՅԱՆ Հ. Գ. Թիվ 6 ԲՇՏ փակ բաժնետիրական ընկերության ինժեներ Ա. Զաքարյանը խոստովանեց, որ իրոք 1-ին ատյանի դատարանից գրություն էր ստացել մեր բնակարանի առաստաղի ավերվածության վերանորոգման մասին, բայց հետո դատավորը փոշմանել էր։ Մինչեւ հիմա էլ անձրեւաջրերը լցվում են մեր տուն եւ դա չի հուզում մեղավորներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել