ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «Մեր մթերքը մեծ առավելություն ունի՝ աշխարհի շատ երկրներում ծանոթ են որակին։ Միայն փոքր-ինչ գովազդի կարիք կա եւ մեկ էլ մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների աջակցության, ինչը կխթանի արագ արտահանման տեմպերին»։ Մտքի հեղինակը՝ Հայաստանի ֆերմերների ազգային միության նախագահ Վանիկ Սողոմոնյանն է։ Վերջինիս կարծիքով, Հայաստանի պետական այրերի ու հասարակական գործիչների՝ երկրում աղքատությունը հաղթահարելու բոլոր ջանքերը թերի են, քանզի իբրեւ ռազմավարություն ընտրված ութ թիրախներում գյուղատնտեսությունը ոչ միայն ընդգրկված չէ, այլ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում (ԱՀՌԾ) ոլորտին 20-րդական տեղ է հատկացված։ Այդ գյուղատնտեսական ոլորտ կոչվածը, ըստ Ֆերմերների ազգային միության (ՖԱՄ) նախագահի, գյուղմթերքների վերամշակման եւ արտահանման միջանկյալ ձեռնարկությունների միջոցով կարող է նաեւ «մայրաքաղաք ներթափանցել»։ Վերջին հաշվով, ոլորտը կընդգրկի ոչ միայն մի որոշակի բնակավայր, որը աղքատությունը հաղթահարելու մեր կառավարության «գլոբալ» մոտեցմանը համահունչ չի լինի, այլ, ի հեճուկս թափվող ջանքերի, կներառի ողջ հանրապետությունը։ Վ. Սողոմոնյանի համոզմամբ, այդ ձեռնարկությունները կլինեն «մայրաքաղաքում գյուղատնտեսության սիրտը. ինչպե՞ս կարելի է դա թիրախ չհամարել եւ շրջանցել»։ Ավելին, ՖԱՄ-ի նախագահի համոզմամբ, գյուղատնտեսության կոոպերացիոն ուղղությունը՝ ոլորտի զարգացման եւ աղքատության հաղթահարման իրատեսական ձեւն է։ Առավել եւս, որ հանրապետության տարբեր շրջաններում կան կոնկրետ օրինակներ, երբ ողջ համայնքի հողերը վարձակալությամբ տրված են որեւէ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «մարդիկ էլ իրենց համար աշխատում, իրենց աշխատավարձը ստանում են, ավելորդ գլխացավանքներ էլ չունեն»։ Այս ուղղությամբ լրջորեն աշխատելով՝ ՖԱՄ-ի նախագահը վստահ է, որ «Հայաստանում կարճ ժամանակահատվածում կարող ենք գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնել»։ Իսկ ամենաարդյունավետն, ըստ Վ. Սողոմոնյանի, այն է, որ «գյուղացին արդեն գիտակցում է՝ հողն է բարիք տալիս»։ Դեռ երկու տարի առաջ մարդիկ հրաժարվում էին իրենց հողաբաժիններից, իսկ հիմա «մի թիզ հողի համար պայքար է գնում»։ Մեր իրականությունում պետք է բացառենք «աղքատ գյուղացի» հասկացությունը։ Գյուղացին ապրուստի միջոց ունի եւ հնարավոր է դա զարգացնել»։ Իսկ թե «ինչպե՞ս»՝ բազմիցս ծեծված եւ պարզից էլ պարզ է. ընդամենն անհրաժեշտ է հանրապետություն ներկրվող ապրանքների որակը եւ գինը հստակորեն կարգավորել։ Դա, ըստ ոլորտի մասնագետների, ոչ միայն ներքին արտադրության զարգացում կապահովի, այլ բնակչության առողջական վիճակի մասին հոգածություն կլինի։ Մասնագետների հավաստմամբ, անհրաժեշտ պարամետրերով եւ որակյալ հումքից պատրաստված երշիկի մեկ կիլոգրամի ինքնարժեքը 2200-2500 դրամ է կազմում, մինչդեռ 500 դրամով էլ երշիկ է վաճառվում։ «Դրսից փող պիտի բերենք,- համոզված է ՖԱՄ-ի նախագահը,- եւ տեղի եղածը զարգացնենք։ Մեծ հնարավորություններ կան պահածոներ, պանիր, մսամթերք, օղի, գինի, մեղր, չորացրած մրգեր եւ այլն արտահանել, մանավանդ որ, նպաստավոր հարկային դաշտ էլ կա»։ Կառավարությանն ընդամենը մնում է ԱՀՌԾ-ին լուրջ մոտենալ եւ յուրաքանչյուր ոլորտին արժանի մոտեցում ցուցաբերել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ