«Եթե մենք Ջանիկ Ադամյանի գործով այդքան հետեւողական չլինեինք՝ նման արդյունք չէինք ունենա»,- մեր զրույցի ընթացքում ասաց «Տանիք» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը: Սակայն մենք առարկեցինք նրան, հայտնելով սեփական դիտարկումը, թե դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից եւ միջնորդեց կարճել գործը թերեւս այն պատճառով, որ այլ բան է, թե մի տասը պատի վրա է փակցված «անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին» արտահայտությունը, եւ իշխանությունները բոլորովին պիտի կորցրած լինեին ողջախոհությունը, եթե միջոցներ չձեռնարկեին, որ դադարեր այդ դատավարությունը, եւ մամուլն ամեն օր ավելի լայն շրջանակներին չհիշեցներ այդ որակումը:
«Ճիշտ է,- համաձայնեց պրն Բլեյանը:- Բայց մի մոռացեք, որ այդ ամենը 2,5 ամիս արդեն շարունակվել էր մինչդատական վարույթում՝ մարդկանց մեղադրանք էին առաջադրել, պահել քննչական մեկուսարանում, դատավորը գործն ընդունել էր վարույթ, դատական նիստ նշանակել եւ այլն: Առաջին օրը նրանք պատրաստ էին պարզապես վճիռը կարդալ եւ վերջ, այսինքն՝ դատական նիստը տեւելու էր մեկ օր:
Եվ եթե չլիներ լրագրողների, «Տանիքի», ԼԴԿ-ի, Հելսինկյան ընկերակցության օգնությունը, որը շատ օպերատիվ տրամադրեց շատ լավ փաստաբան՝ Հովիկ Արսենյանին, եւ չլինեին մեր համաձայնեցված գործողությունները՝ նրանք չէին տեսնի, որ դիմացը մարդիկ են, որոնք պատրաստ են այնպես անել, որ դատական այս քննությունը տեւի մի քանի ամիս: Եվ կկատարվեր այն, ինչ ասում եք: Բայց պետք էր ցույց տալ, որ մենք դրան պատրաստ ենք եւ կարող ենք դա անել:
Եվ հենց սկզբից ճիշտ ընտրվեց մարտավարությունը, որ գործ ունենք ակնհայտ անմեղ անձի, համոզմունքի ազատության ոտնահարման բացահայտ փաստի եւ հերթական գրաքննության հետ՝ քրեական մեղադրանքի տեսքով: Այս խախտումները շատ լավ արձանագրեց փաստաբանը եւ ներկայացրեց հասարակությանը: Եվ դատավորը տեսավ, որ սա մի գործընթաց է, որը շարունակվելու է մինչեւ ընտրություններ»:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ