Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ՊՏՈՒՏԱԿՆԵՐ՝ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԻ ՄԵՋ

Սեպտեմբեր 17,2002 00:00

ՓՈՔՐԻԿ ՊՏՈՒՏԱԿՆԵՐ՝ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԻ ՄԵՋ Իրերն իրենց անուններով կոչենք՝ բավական հիմար վիճակի մեջ գցեցին իրենց պաշտպաններին «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիրները: Նրանք նախ հայտարարեցին Աբովյանի քաղաքապետի պատվերով իրենց դեմ գործված բռնության մասին եւ ոտքի հանեցին Հայաստանի լրագրողական կազմակերպություններին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին: Հետո «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Արտաշես Մեհրաբյանը «Հայլուրով» եւ «Լրաբերով» հրահանգեց, որ «Երրորդ ուժերն այս հարցին քաղաքական աստառ չտան, եւ մեր քաղաքում իմ հանդեպ կատարված այդ թյուրիմացությունը մենք ինքներս շտկել ենք», եւ ակնարկեց, որ Աբովյանի քաղաքապետը միշտ սատար է կանգնել ու հովանավորել հեռուստախմբագրությանը: Իսկ հետո էլ սկսեց տարբեր լրատվամիջոցների առջեւ արդարանալ, թե հարկադրված է եղել ասել ուրիշի մտքերը, որոնք թելադրվել են իրեն, առանց որոշակիացնելու: Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի գնահատականով՝ «Արտաշեսն ինքը խճճվել է իր պատմությունների մեջ՝ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ մեկ այլ բան»: Նա չբացառեց, թե հնարավոր է, որ երեկ, երբ Արտաշես Մեհրաբյանը հարցաքննվում էր Երեւանի դատախազությունում, էլի խճճվեր իր ցուցմունքներում եւ հայտնվեր ավելի տհաճ մի պատմության մեջ: «Երբ հեռուստատեսությամբ Արտաշես Մեհրաբյանը հայտարարեց, թե այս առիթն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ստիպված էի անջատել հեռախոսս, քանի որ բոլորը զանգում եւ ասում էին՝ «այդ ի՞նչ խաղեր ես կազմակերպում»: Ստացվում էր, որ ես էլ էի այդ խաղերի մասնակիցը,- պատմեց Էդիկ Բաղդասարյանը, որ «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիրների դեմ կատարվածից հետո հետեւողականորեն հանդես էր գալիս խոսքի ազատության ոտնահարման այս փաստի դեմ:- Հաջորդ օրը զանգեց Ազնիվ Չիզմեչյանը, ուզում էի հանդիպել, քանի որ այդ ժամանակ ինձ մի հարց էր հետաքրքրում՝ որտեղի՞ց է այդ տեսաժապավենը հայտնվել Հանրային հեռուստաընկերությունում եւ «Պրոմեթեւսում», քանի որ միանգամից պարզեցի, որ իրենք չէին նկարել՝ եղել է ոչ պրոֆեսիոնալ մի օպերատոր: Մի քանի օր առաջ երեք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպեցինք Արտաշես Մեհրաբյանին ու փորձեցինք պարզել, թե ինչպես է արել այդ հայտարարությունը: Նա էլի ասաց, թե հարկադրաբար է արել, բայց չի ասի, թե ում հարկադրությամբ: Ինձ տարօրինակ թվաց սա, քանի որ մենք կանգնած էինք նրա կողքին. եթե նա չի վստահում մեզ՝ նշանակում է, մեկ ուրիշի է վստահում, որի մոտ հայտարարել է դա: Ասաց՝ «Եթե կարող եք՝ դուք պարզեք, թե ում մոտ եմ արել այդ հայտարարությունը, եւ ով է եղել հարկադրողը»: Եվ ես այս երկու օրվա ընթացքում պարզեցի, որ որքան էլ տարօրինակ է՝ տեսաժապավենը երկու հեռուստակայաններին է տարել Գագիկ Ծառուկյանը: Ինձ համար էլ է իսկապես տարօրինակ, որ այդ գործարարը հայտնվել է այս խաղերի մեջ: Գուցե նա հրահա՞նգ էր ստացել նախագահից՝ հաշտեցնել կողմերին, եւ այս հայտարարությունն իբր լավագույն տարբերակն էր, թե ոչինչ չկա եւ միայն երրորդ ուժերն են փորձում օգտագործել առիթը: Նաեւ հասկացա, որ ամիսներ առաջ ինչ-որ քաղաքական խաղեր են եղել, բախում Աբովյանի քաղաքապետի եւ նրա ներկայիս մրցակցի՝ Սպարտակ Մելիքյանի միջեւ, որ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ կուսակցության ներկայացուցիչն է Աբովյանում: Նախագահի աշխատակազմում փորձել են հաշտեցնել նրանց, հաշտեցման բանակցություններին մասնակցել է նաեւ Սեյրան Ավագյանը: Բայց հաշտեցումը չի կայացել, եւ հակասությունը մնացել է: Դրանից հետո գտել են «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանին եւ իրենց կեղտոտ խաղերի մեջ նրան պտուտակի պես աջուձախ են պտտում: Ինքն էլ կամովին կատարում է այդ դերը՝ ընդհանրապես չհասկանալով, թե ինչի մեջ է հայտնվել, ինչու է անում այս կամ այն քայլը»: Ի դեպ, մամուլ մի լուր էլ սպրդեց, որ Մեհրաբյանը խոստովանել է, թե Սպարտակ Մելիքյանի նախընտրական քարոզչությունն իրականացնելու համար նրա հետ կնքել է 15 հազար դոլարի պայմանագիր: Ստացվում է, որ այս ամենն ընդդեմ մի թեկնածուի գործադրված նախընտրական հնա՞րք էր: Եվ լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններն իրենք եւս պտուտակ դարձան այս ամենի մեջ: «Անհասկանալի բաներ ավելի վաղ էլ էին նկատվում: Ասենք. Արտաշես Մեհրաբյանը պատմում էր, թե իրեն նախօրոք սպասել են «Օր» թերթի խմբագրության մոտ եւ ինչքան էլ փորձում էինք ժամանակագրորեն դա համադրել՝ էլի մնում էին կասկածներ: Ճնշողների դեմքերը չէր հիշում եւ այլն,- պատմեց Էդիկ Բաղդասարյանը:- Իրոք, Աբովյանի քաղաքապետը տարիներ շարունակ հովանավորել էր այդ հեռուստաընկերությանը՝ նա էր տրամադրել տեսախցիկից մինչեւ տեսամագնիտոֆոն: Ես «Աբովյան» հեռուստաընկերության մի երկու հաղորդում նայեցի, որ քաղաքապետի գովքն էին: Եվ ընդհանրապես չես գտնի այս հեռուստաընկերության որեւէ հաղորդում, որ կարելի է ցուցադրել եւ ասել՝ տեսեք, ինչքան լավն է; Դե, նկարել էին ինչ-որ կրպակ, Արտաշեսի ասելով, որ «կլիպ» սարքեն»: Վերջում՝ եւս մի կարեւոր դիտարկում: «Գրեթե ցանկացած խմբագրության ամեն օր էլ զանգում են, ճնշում, ինչ ասես չեն ասում՝ կոչնչացնե՜նք, կվերացնե՜նք,- նշեց Էդիկ Բաղդասարյանը:- Մի քանի ամիս առաջ Ալավերդու հեռուստաընկերության հասցեին էին հնչել շատ վատ սպառնալիքներ: Բայց Ալավերդու հեռուստաընկերությունը փակվելու որոշում չկայացրեց: Սա առաջին դեպքն էր, երբ լրատվամիջոցը փակվեց սեփական կամքով: Իսկապես ծիծաղելի է՝ ի՞նչ ճնշման մասին է խոսքը: Մենք ասել էինք, որ կկանգնենք նրանց կողքին, եթե հեռուստաընկերությունն աշխատի: Խոստացել էինք, որ տարբեր կազմակերպություններով կգանք ու մեկ ամիս կհերթապահենք: Եթեր դուրս գալով, քաղաքապետի սխալների, քաղաքում եղած ապօրինությունների մասին խոսելով՝ կնվաճենք ազատության մի սահման, որ դրանից հետո չլինի նահանջ: Երեկվանից «Աբովյան» հեռուստաընկերությունը պիտի լիներ եթերում: Նրանք չվերսկսեցին աշխատանքները: Խոստանում են, որ կվերսկսեն այսօր… Չգիտեմ, տեսնենք, թե ինչ կլինի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Խնդրի վերաբերյալ փոքր-ինչ տարբեր էր «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի տեսակետը, որը կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել