Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ՊՈԵԶԻԱ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ՊՈԵԶԻԱ «Այսքան ծաղիկներ վերջին անգամ ո՞ւմ համար են բերել՝ չեմ հիշում»,- ասաց մի տիկին ու տեղավորվեց ազատ նստարանին։ Գրողների միության դահլիճում էինք, ուր արդեն ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանը, երգիչ-դերասան Վախթանգ Կիկաբիձեն, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, որը եկել էր ԱՄՆ-ից, եւ հայ կոմպոզիտորների ու բանաստեղծների ընտրանին։ Այստեղ սպասում էին հայ հանրությանը դեռեւս անծանոթ բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանին, որն առաջին անգամ էր ներկայանում իր անդրանիկ գրքով։ Հավանաբար նրան չճանաչողները չէին սպասում այնքան դեռատի ու քնքուշ մի կնոջ, ինչպիսին Նաթելլան էր։ Եվ բանաստեղծություններն էլ լիուլի պարունակում էին նույնքան քնքշանք։ «Նրա բանաստեղծություններով կարելի է գրել հիանալի երգեր, դրանց մեջ այնքան պոեզիա ու մեղեդայնություն կա, որ երաժշտությունը ծնվում է ակամա»,- բնորոշեց Կ. Օրբելյանը։ Նա արդեն պատրաստել էր երկու երգ, Էռնա Յուզբաշյանի կատարմամբ հնչեցրել Լաս Վեգասի հայտնի բեմերից մեկում։ Իսկ երեկ այդ երգերի մատուցմամբ բեմ դուրս եկավ Շուշան Պետրոսյանը։ «Երբ կարդացի երգի տողերը, ինձ թվաց, թե հեղինակը ես եմ, կարող եմ նույնիսկ թռչել»,- հուզվել էր Շուշանը։ Ն. Լալաբեկյանը ծնվել է Երեւանում, 1980 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ստեղծագործելու գաղտնիքը բացահայտել են ընկերուհիները։ Հենց նրանք էլ համոզում են, որ Նաթելլան հրապարակի բանաստեղծությունները նախ գրական հանդեսում, իսկ մի քանի տարի անց տպագրի առաջին գրքույկը։ Նաթելլան գրում է ռուսերենով եւ հրաշալի խոսում է հայերեն։ ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը դա բացատրեց ռուսական մշակույթի խոր ազդեցությամբ, նաեւ կոչ արեց պահպանել մշակութային կապերն այնպես, ինչպես վերջին տասնամյակներում։ Այժմ դժվար է կանխատեսել Նաթելլայի հետագան պոեզիայի աշխարհում, բայց մի բան ակնհայտ է՝ նա կարողացավ արթնացնել «նոստալգիա»՝ արդեն հնաոճ համարվող, բայց բարի ու պարզ պոեզիայի հանդեպ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել