Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականների նախագահը

Սեպտեմբեր 14,2002 00:00

Մտավորականների նախագահը Մտավորականությունը, որ մինչեւ վերջերս իրեն պասիվ էր պահում, այսօր արդեն խիստ քաղաքականացվել է։ Երեկ առաջատար մտավորականները հավաքվել էին Գրողների միությունում, ուր հանդես եկան համայն հայությանն ուղղված կոչով։ Նրանց մտահոգում էր այն հանգամանքը, որ իրենք չկան որեւէ դաշտում՝ քաղաքական, իշխանական, կուսակցական, ավելին, նույնիսկ հայտնվել են բոմժի կարգավիճակում։ «Գիտությունների դոկտորը ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան Ազգային ժողովում կամ որեւէ նախարարությունում աշխատող հավաքարարը։ Ժամանակն է, որ մտավորականությունն ասի իր խոսքը»։ Եվ խոսքը, ավելի ճիշտ՝ համայն հայությանն ուղղված կոչը, բարեբախտաբար, չուշացավ։ Հայ մտավորականությունը վերջապես եկել էր այն համոզման, որ հայ ժողովուրդն ու իր պետականությունը կանգնած են բազմավտանգ փորձությունների շեմին, որոնց հնարավոր է դիմակայել միայն համազգային ջանքերով։ «Այդ ջանքերի կենտրոնացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե նախագահական առաջիկա ընտրություններում իրենց ինչպե՞ս կդրսեւորեն ժողովուրդը, քաղաքական ուժերն ու իշխանությունները եւ ով կընտրվի նախագահ։ Կասկած չունենք, որ արդար ընտրությունների պարագայում մենք կունենանք արժանավոր նախագահ։ Սակայն ՀՀ սահմանադրությամբ «սոցիալական» հռչակված մեր երկրի ընտրական օրենքը անարդար ու խտրական է, քանզի առաջադրվելու դեպքում նախատեսում է սովորական քաղաքացու համար շատ մեծ գումարներ, որով բնակչության մեծամասնությունը, հատկապես ազգի մտավոր ու հոգեւոր ուժերի դարբնոց մտավորականությունը, զրկվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում թեկնածու գրանցելու եւ ընտրարշավ անցկացնելու հնարավորությունից»,- ասվում էր կոչում։ Նրանցից ոմանք զուգահեռներ անցկացրին մեր եւ Ստալինի ժամանակների միջեւ. հիշեցին, որ Ստալինի իշխանության օրոք ինչպես էր ամենաբարձր աշխատավարձը գիտնականը ստանում, ու կառավարությունը, պատերազմից հետո, նրանց համար դղյակներ կառուցում։ «Իսկ հիմա ովքե՞ր են դղյակատերերը»,- զայրացան մտավորականները, որոնք հավանաբար դրանք տեսել ու դրանց մասին կարդացել էին «Առավոտի» հայտնի «դղյակները» շարքում։ Ինչեւէ, մտավորականները որոշեցին, որ այս անգամ ընտրելու են այնպիսի նախագահ, որ իրենց ավելի մեծ ուշադրության կարժանացնի, կդառնա համայն հայությանը միավորող, համախմբող ու մեկ ամբողջություն դարձնող խորհրդանիշ, որը ընդունելի կլինի թե՛ ՀՀ բնակչության, թե՛ Սփյուռքի, թե՛ Արցախի եւ թե՛ ազգային կառույցների եւ կուսակցությունների համար։ Մտավորականները ՀՀ իշխանություններին եւ նրանց ընդդիմադիր ուժերին հորդորեցին հրաժարվել վնասաբեր դիմակայումից եւ միանալ իրենց նախաձեռնությանը։ Հոկտեմբերի 31-ին, Կինոյի տանը հրավիրվելիք համաժողովին նրանք հասարակության դատին կներկայացնեն առաջադրելի բոլոր թեկնածուներին, որոնցից ամենաարժանավորներին համաժողովը պիտի ընտրի Ազգային միասնության համաժողովրդական թեկնածու։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել