Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ Հավանաբար, հաջորդ տարի աշնանը Երեւանի Ներքին Չարբախի բնակիչները կունենան իրենց եկեղեցին: Հատկանշական է, որ այն կառուցվում է միայն բնակիչների գումարներով: Խոշոր գումար շինարարության համար որեւէ մեկը չի նվիրաբերել: «Տեղի բնակիչները բոլորն էլ կարիքավոր են»,- պատմում է ներքին Չարբախի բնակիչ, եկեղեցու կառուցման նախաձեռնող եւ իրականացնող գործազուրկ Ալիսա Վարդանյանը: Նրա խոսքերով, նվիրատվության գումարները տատանվում են տասը դրամից մինչեւ հազար-երկու հազար դրամ: Եկեղեցու շինարարությունը շարունակվում է արդեն ութ տարի: Պատերի շարքերը ցույց են տալիս, թե տարեկան ինչ արագությամբ է ընթանում շինարարությունը: «Առաջին տարին հինգ շարք ենք դրել: Մեկական շարք՝ երկրորդ եւ երրորդ տարիների ընթացքում: Շարքերին նայելով, կարող եմ ասել, թե տվյալ տարվա ընթացքում որքան գումար ենք ունեցել շինարարական աշխատանքներն իրականացնելու համար»,- պատմում է տիկին Ալիսան: Անհրաժեշտ գումարի առկայության դեպքում հաջորդ տարի կկառուցվի եկեղեցու գմբեթը եւ կիրականացվեն եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Վերին եւ Ներքին Չարբախում երբեւէ եկեղեցի չի եղել: Բնակիչները ստիպված էին այցելել իրենց տներից հեռու գտնվող սրբատեղիներ, ինչը հիմնականում հնարավոր չէր տարեց եւ կարիքավոր մարդկանց համար: «Դեռ տարիներ առաջ աթողելիս՝ խնդրում էի Աստծուց, որ եկեղեցի ունենանք: Մի օր ներքին ձայնս ինձ ասաց. վե՛ր կաց, եկեղեցի կառուցիր: Մտածեցի, ախր աղքատ եմ, ինչո՞վ եմ կառուցելու,- ասում է տիկին Ալիսան,- դժվարությունները շատ էին. շինարարությունը սկսելուց մի քանի ամիս անց որոշեցի դադարեցնել աշխատանքները»: Տիկին Ալիսայի հավաստմամբ, շինարարության վերսկսմանը մեծապես նպաստեց ներքին Չարբախի բնակիչ Խաչիկ Վարդանյանը: Նրա անմիջական միջամտությամբ են կազմակերպվել շինարարական բոլոր աշխատանքները: Կառուցման ութ տարիների ընթացքում եկեղեցում վեց քահանա է ծառայել: Արդեն կես տարի է, ինչ եկեղեցին ունի հոգեւոր հովիվ: Կիսակառույց եկեղեցին կրում է Սուրբ Խաչ8221 անունը: Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը եկեղեցու անվան նման ընտրությունը բացատրում է տաժանակիր աշխատանքով, եկեղեցու շինարարությունը նախաձեռնողների՝ իրենց ուխտին հավատարիմ մնացած մարդկանց նվիրվածությամբ: Եկեղեցու շինարարությունը հիմնադրումից ի վեր մինչեւ 2001 թվականի նոյեմբերի 6-ը գրեթե ամբողջությամբ իրականացնում էր տիկին Ալիսայի դստեր ամուսին Արայիկը: Նա զոհվեց 35 տարեկան հասակում՝ շինարարության ընթացքում: Տեղադրելով եկեղեցու կամարը, Արայիկը 15 մետր բարձրությունից վայր ընկավ. մի քանի ժամ անց նա մահացավ հիվանդանոցում: «Հարեւանները կարծում էին, որ այդ դեպքից հետո մեր ընտանիքը կդադարեցնի եկեղեցու շինարարական աշխատանքները,- պատմում է տիկին Ալիսան:- Մարդիկ մտածում էին, որ մենք կչարանանք Աստծու դեմ, եւ շատ հաճախ մեզ ասում էին՝ 8220բա որտե՞ղ էր Աստվածը, եթե աստվածահաճո գործ էիք անում, Աստված ինչո՞ւ թույլ տվեց, որ Արայիկը զոհվի»: Ես բոլորին պատասխանում էի. Աստված միայն ընտրյալներին է իր մոտ տանում. Արայիկը փրկության հոգի դարձավ: Աստծուց աղաչում էի, որպես իմ խոսքերի ապացույց անհավատ մարդկանց մի նշան ցույց տալ: Այդպես էլ եղավ. Արայիկի թաղման օրը երկնքում խաչ երեւաց: Այն տեսան հուղարկավորությանը մասնակցող գրեթե բոլոր ներկաները»: Արայիկն ունի երեք դուստր: Նրանցից ամենակրտսեր Միլենային հայրը չտեսավ: Երեխան ծնվեց հոր մահվանից հինգ ամիս անց: Այս կիրակի 8220Խաչի Վերացման տոնի առթիվ կիսակառույց եկեղեցում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խաչվերացին հաջորդող երկուշաբթին հիշատակ մեռելոց է. հավատացյալները գնում են գերեզման՝ իրենց մտերիմ հանգուցյալների հիշատակը պատվելու համար: Արայիկի հարազատները սակայն այդ օրը գերեզման չեն գնա. հարազատների համար Արայիկը կենդանի է: ԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ Հ.Գ. Արայիկի այրին եւ երեք անչափահ աս երեխաներն այժմ բնակության վայր են փնտրում: Նրանք դիմել են քաղաքապետարան՝ Աշտարակի 8220Հուսո Ավան8221 թաղամասում բնակարան ստանալու ակնկալիքով: Նորակառույց թաղամասի բնակտարածքները նախատեսված են անապահով 200 ընտանիքի համար: Առայժմ Արայիկի այրին ոչ մի պատասխան չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել