Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հույսը մենք ենք»

Սեպտեմբեր 14,2002 00:00

«Մեր հույսը մենք ենք» Գյումրեցի գործարարներին նման հայտարարություն անելու առիթ է տվել պետության հոգածության բացակայությունը: Գյումրիում կայացած գործարարների հանդիպմանը քննարկվեցին տեղական բիզնեսի խոչընդոտման պատճառները: Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ներկայացնելով իր գործունեության ընթացքում ծագող բարդությունները՝ եկավ այն եզրակացության, որ ներդրումների առումով ռիսկի գոտի համարվող Հայաստանում Շիրակի մարզը կրկնակի ռիսկի գոտի է, իսկ տեղական բիզնեսի զարգացման համար՝ պարզապես փակ գոտի: Նրանցից շատերին վրդովեցրել է արտադրական սուբյեկտ-բանկային համակարգ փոխհամագործակցության բացակայությունը: Բանկերը վարկեր չեն տրամադրում «իսկ տրամադրելու դեպքում էլ դեռեւս բիզնեսից ստացվող շահույթը չտեսած, մտածում են վարկերը մարելու մասին»: Բանկերի կառավարիչների հավաստմամբ էլ դժգոհող տնտեսավարող սուբյեկտները պարզապես չեն բավարարում գրավադրման պահանջները: Ավելին, իրենց նման կերպ վարվելու իրավունք է վերապահել վերջերս իրենց իսկ կողմից անցկացված մոնիտորինգը, որի համաձայն այս տարածաշրջանը, որքան էլ կոպիտ հնչի, ճանաչվել է որպես ոչ վարկունակ ու վարկարժան։ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Գյումրու մասնաճյուղի կառավարիչ Ալիկ Բարսեղյանի խոսքերով մինչեւ օրս, բացի մի քանի շինարարական կազմակերպություններից եւ խանութներից, ոչ մի արտադրական տնտեսավարող սուբյեկտ իրեն չի դիմել վարկ վերցնելու խնդրանքով։ Գործարարներն էլ ասում են, որ վարկերը հասու չեն, որովհետեւ հսկայական արժեք ունեցող արտադրական ձեռնարկությունների շենքերը գնահատվում են չնչին տոկոսով: Որոշ գործարարներ դժգոհում էին նաեւ հանրապետության տնտեսական դաշտից իրենց մեկուսացված լինելուց: Սակայն բանկի ներկայացուցիչներն ասում են, որ վերջիններս բիզնես ծրագրեր չեն էլ ներկայացրել: Ի դեպ, նույն է պնդում մարզպետարանի արդյունաբերության զարգացման աջակցության վարչության պետը։ Գյումրեցի գործարարների վերաբերմունքը սառել է, ըստ նրա։ Ի հեճուկս ասվածի, գործարարներն էլ պնդում են, թե բաժինը՝ հակառակ իր անվանը, երբեք եւ որեւէ կերպ իրենց չի աջակցել։ «Տավրոս» ԲԲԸ նախագահ Կարապետ Մովսիսյանի խորին համոզմամբ, Պարսկաստանից, Թուրքիայից բերվող արտադրանքի իրացման համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծված, քան տեղական արտադրանքի: Ըստ նրա, պետք է դրսից ներմուծվող ապրանքի վրա սահմանվող հարկերը ավելացվեն, որպեսզի տեղական ապրանքը մրցունակ դառնա եւ կարողանա իրացվել. «Չէ որ նման դեպքում մեր փողը կմնա մեզ, շրջանառությունը տեղի կունենա երկրի ներսում, իսկ ստացվող շահույթով կլցնենք պետական բյուջեն: Ինչո՞ւ են հնարավորություն տալիս թուրքական ապրանքը տեղական բիզնեսի զարգացման հաշվին իրացնել մեր երկրում»,- զարմանում է գործարարը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել