Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցներին արգելում են տեսակցել

Սեպտեմբեր 14,2002 00:00

Լրատվամիջոցներին արգելում են տեսակցել Հացադուլ հայտարարած Արթուր Այվազյանի մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են լրատվամիջոցները, մասնավորապես «Առավոտը»։ Բազմաթիվ հեռագրեր էլ առանձին հրապարակումների հետ «ՀՀ դատախազության պատանդ» կալանավորի մոր՝ Նինա Շահբազյանի կողմից ուղարկվել է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին, գլխավոր դատախազ Ա. Թամազյանին, իրավապաշտպան կազմակերպություններին։ Որքան էլ տարօրինակ է, չեն պատասխանել նաեւ այն նամակներին, ուր անազատության մեջ գտնվողի մայրը (միանգամայն գիտակից, չափահաս, իր իսկ ստորագրության համար պատասխանատու) գրել է, որ «Կենտրոն համայնքի դատախազ Վ. Շահինյանն է եղել առաջին պատվիրատուն տղայիս գործով» կամ «Զարմանքս մեծ եղավ, երբ տեսա դատախազ Վ. Շահինյանի ծառայողական մեքենան (ԳԱԶ 31, սեւ գույնի, 017SO01, 9.08.02թ., ժամը 12-ի սահմաններում), նրանից իջնող սպանվածի հորը…»։ Արթուր Այվազյանի պահանջը լրատվամիջոցների հետ հանդիպելու եւ նրանց կարեւոր ասելիք փոխանցելու՝ մերժվել է (ժամանակը չէ՞, արդյոք, լրատվամիջոցներին նման դեպքերում թույլատրել տեղեկություններ անարգել ստանալու եւ տարածելու համար։ Համաձայնեք, լրագրողին ավելի են վստահելու, քան այն քննիչին, որն ամեն ինչ հարմարեցնելու է գործի նյութերը ձեռքի տակ ունենալով)։ Ո՞վ է Արթուր Այվազյանը։ Նախկին սկաուտ, գեներալ Մարիուս Յուզբաշյանի անվան ազգային անվտանգության բարձրագույն դպրոցի շրջանավարտ, «Լավանդա հոլդինգ» ֆիրմայի անվտանգության ծառայության աշխատակից, ավագ սերժանտ, ապա Սահմանապահ զորքերի կրտսեր հրամանատարական դպրոցի ուսումնական ուղեկալի փոխհրամանատար, ապա նույն այդ դպրոցի ձեռնամարտի եւ հատուկ տակտիկայի հրահանգիչ ու մարզիչ։ Ա. Այվազյանը տիրապետել է արեւելյան մարզաձեւերին, մարզվել է կարատե-դո-ի շուրոկան եւ ձյու-սիմոն մարտաոճերով, այկիդո մարտարվեստով։ 2001թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 18-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով անհայտ մարդիկ, առանց ներկայանալու, նրան բերման են ենթարկում Կենտրոնի ՆԳ բաժին։ Հաջորդ օրը, նույն համայնքի դատարանի վճռով, 15 օրով վարչական տույժի է ենթարկվում։ 4 օրվա լրացուցիչ վարչական տույժ էլ նրան «շնորհում» է Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը։ Նոյեմբերի 13-16-ը Այվազյանին տեղափոխում են Կենտրոնի ՆԳ հերթապահ մաս։ Արդյունքում՝ եւս վարչական տույժ, որը նրան է «պարգեւում» այս անգամ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատարանը։ 44 օր շարունակ Ա. Այվազյանը գտնվեց անազատության մեջ։ Ապա 2002թ. հունվարից դարձյալ հայտնվեց արգելանքի տակ, այս անգամ մեղադրվելով Սամվել Առաքելյանի սպանության մեջ (հիշեցնենք, որ որպես սպանության պատվիրատու նշվում է ԱՎՄ նախագահ Միհրան Մովսիսյանի անունը եւս)։ Տեղեկացնենք, որ քննիչ Բագրատ Պետրոսյանի փոփոխությունից հետո քննությունն անցկացնում է գլխավոր դատախազության մեկ այլ կարեւորագույն գործերով քննիչ, որը երկարացրել է Ա. Այվազյանի նկատմամբ կալանքը եւ հետեւաբար նախաքննությունը շարունակվում է, գործը դատարան ուղարկվելու եզրերը կարծես չեն երեւում։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ա. Այվազյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ դարձյալ պահանջում է լրագրողներ՝ գործի որոշ հանգամանքներ նրանց տրամադրելու ցանկությամբ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել