Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԵՎՐՈԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԵՎՐՈԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի աջակցությամբ երեկ անցկացրեց «Մարդու իրավունքներ եւ իրավական պետություն» թեմայով սեմինար, որին մասնակցում էին փորձագետներ Եվրոպայի խորհրդից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, ՀՀ Սահմանադրական դատարանից ու ՀՀ Պետական կառավարման ակադեմիայից: Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան, արդիականացնելով պետական, քաղաքական գործիչ եւ մտածող Գարեգին Նժդեհի խոսքերը («8230Հայ իրավաբանը մի ձեռքին պիտի ունենա Արեւմուտքում՝ այնտեղի ճարտարվեստի նորությունները յուրացնելու, իսկ մյուս ձեռքում պիտի ունենա ցեղի բարոյական օրինագիրքը»)՝ կարծում է, որ Հայաստանի իրավական համակարգի ինտեգրացումը Եվրոպականին, կատարվում է արագ եւ առանց մեծ խոչընդոտների, քանի որ Հայաստանը գտնվում է Արեւմուտքի ու Ասիայի խաչմերուկում, եւ հայ տեսակն էլ իր մեջ կրում է միաժամանակ ե՛ւ արեւմտյանը, ե՛ւ ասիականը: Ի վերջո, այն ձեռնտու է ե՛ւ Եվրոպային, ե՛ւ Հայաստանին: Թեմայի շուրջ խոսելով՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը լրջագույն հիմնախնդիրներից համարեց այն, թե ինչպես ապահովել համակարգային գործակցությունը ներազգային այս իշխանության ինստիտուտների եւ վերազգային համակարգերի միջեւ, երբ իրավունքների պաշտպանության խնդիրն առաջին հերթին առնչվում է իրավունքների դատական պաշտպանության խնդրին: Իրականում մարդիկ, դժգոհելով համակարգից, հույսները դնում են Եվրոպական դատարանի վրա, որ գոնե վերպետական համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորված կլինի: Սակայն այսօր լուրջ վտանգ կա. այս ինստիտուտը կարող է դեւալվացվել, որովհետեւ տարեկան նվազագույնը 10 հազար դիմում է ստանում մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն հասցնում է քննել միայն 900-ը, կուտակումն էլ արդեն հասել է 23 հազարի: Փաստորեն, Եվրոպական կոնվենցիայում դատական պաշտպանության հիմնական պահանջներից մեկը խելամիտ ժամկետում իրավունքի պաշտպանությունն է՝ դատական կարգով, եւ Եվրոպական դատարանն այս հարցում դառնում է այդ պահանջը խախտողներից մեկը: Առաջանում է դիլեմա, որից դուրս գալու միակ ելքը Գ. Հարությունյանը համարում է ազգային համակարգերի կենսունակության բարձրացումը, ազգային համակարգերում իրավունքների պաշտպանության լիարժեք երաշխիքների ստեղծումը եւ ամենակարեւորը՝ մարդու սահմանադրական արդարադատության իրավունքների ներդրումը գործնականում: Որովհետեւ, եթե այդ իրավունքը չի գործում՝ մարդու իրավունքի պաշտպանության ներպետական երաշխիքները կայուն եւ ամբողջական լինել չեն կարող: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը կարեւորեց մի քանի փոփոխություններ, որոնց նպատակն է միջազգային սահմանադրական փորձի հիման վրա հստակ ու ամբողջական ներկայացնել դատական իշխանությունը, երաշխավորել դրա անկախությունը եւ ամրագրել դրա գործառնական դերը: Առաջարկվում է նախ հանել սահմանադրական այն նորմը, որ դատական իշխանության անկախության երաշխավոր է համարում հանրապետության նախագահին, որն ըստ էության, դե ֆակտո, գործադիր իշխանության ղեկավարն է, եւ առաջարկվում է ամրագրել, որ դատական իշխանության անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Սկզբունքային նշանակություն ունի նաեւ այն, որ երդվյալների ինստիտուտը մեր փոքր հանրապետությունում չի կարող գործել, որովհետեւ դժվար է գոնե 10 հոգի գտնել, որ անաչառ կլինի ու որեւէ բարեկամական-խնամիական կապ չի ունենա մեղադրյալի հետ: Եվ սա Սահմանադրությունից հանվեց: Պետք է ձերբազատվել հասարակության այն ընկալումից, որ դատական իշխանությունը առանձին, անկախ եւ ինքնուրույն թեւ է: Նույնիսկ պատգամավորից կարող ես լսել, որ դատարանը պետք է վերահսկվի: Բարեփոխումների հասնելու համար առաջին հերթին պետք է փոխենք հասարակության վերաբերմունքը դատարանի նկատմամբ, հասարակական գիտակցության մեջ ամրապնդենք դատարանի իրավապաշտպան դերը: Տիկին Գյուլումյանն անհրաժեշտ համարեց անդրադառնալ մեր դատարանների նախագահների նշանակման սկզբունքին, որ անմիջականորեն ազդում է դատարանների անկախության վրա եւ հաստատում այն կարծիքը, որ դատարանն այսօր կոռումպացված օղակ է: Այդ պատճառով կարեւոր է որդեգրված այն սկզբունքը, որ դատավորները նշանակվում են մինչեւ 65 տարեկան եւ կարող են պաշտոնից ազատվել միայն որոշակի, օրենքով սահմանված դեպքերում: Բայց ստացվել է, որ նույնը վերաբերում է նաեւ նախագահներին: Նախատեսված չէ նախագահների ռոտացիայի սկզբունքը, որ խիստ ազդում է դատարանի անկախության վրա: Այսինքն, նախ պետք է ապահովել դատարանի անկախությունը՝ հենց ներսից: Ընդհանրապես, դատաիրավական բարեփոխումները միանգամյա ակտ չեն, ի տարբերություն սահմանադրականի, որ ավելի կայուն փաստաթուղթ է: Դատաիրավականը մշտական ու շարունակական պրոցես է, եւ երբեւէ դժվար կլինի ասել, որ մենք հասել ենք կատարյալ դատաիրավական համակարգի, եւ այլեւս որեւէ փոփոխության անհրաժեշտություն չկա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Սեմինարի կազմակերպիչների շարքում է եղել նաեւ ԱԺ-ն՝ ի դեմս Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի: Սակայն բոլոր խոստումները՝ կապված կազմակերպչական խնդիրների հետ, չեն կատարվել: Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան էլ այլեւս ԱԺ-ին, որ «թեթեւ հիմնարկի կարգավիճակ է ձեռք բերել», լուրջ չի մոտենում եւ ցավում է, որ Եվրախորհրդում Հայաստանը ներկայացնում են նման անպատասխանատու մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել